Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանի կաբինետի պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 15,2016 22:55

«Չկան Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կադրեր: Կա ՀՀԿ միասնական թիմ: Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք, որն ունի մեկ առաջնորդ` Սերժ Սարգսյան»,-այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք նոր կառավարության կազմում կլինեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրերը:

«Ինչպես Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարության պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն, այնպես էլ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն եւս լինելու է ՀՀԿ-ն: Բնականաբար, վարչապետը կունենա լուրջ գործառույթներ եւ ազատություն, որպեսզի կյանքի կոչի այն գաղափարները, որոնց համար նշանակվել է վարչապետ»,-նկատեց Շարմազանովը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե վերջինս ինչ գնահատական կտա Կարեն Կարապետյանի վարած կառավարության առաջին նիստին: «Վարչապետի պաշտոնին նիստ վարելով չեն գնահատական տալիս: Կարեն Կարապետյանին ճանաչում եմ երկար տարիներ, բայց նրան, նրա կաբինետին եւ խնդիրների տեսլականին լավագույն գնահատականը տվել է հանրապետության նախագահը: Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի  ներկայացուցիչ է, փորձ ունի եւ այսօր չէ, որ սկսել է գործակցել ՀՀԿ-ի հետ»,-պատասխանեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաեւ Կարեն Կարապետյանի` ՀՀ տնտեսության մասին հնչեցրած գնահատականին, թե այն չափազանց ծանր վիճակում է. «Նա ռեալ գնահատական է տվել, դա նրա իրավունքն է, նա իրավունք ունի իր կարծիքն արտահայտել: Կա խնդիր` պետք է լուծվի, թե ինչպես` կիմանաք կառավարության ներկայացվելիք ծրագրից»:

Շարմազանովը հավելեց, որ յուրաքանչյուրն էլ կարող է գնալ արտերկրում աշխատելու, ուստի օբյեկտիվ չէ հնչեցնել գնահատականներ, թե Կարեն Կարապետյանը «հյուսիսից է եկել»:

ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ նիստում համաներման հարց չի քննարկվել. «Դա նախագահի մենաշնորհն է: Եթե նախագիծն ուղարկվի ԱԺ, ԱԺ-ն կքննարկի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930