Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության ճանաչման հետընթաց՝ ֆրանսիական քաղաքականությունում». Ռուբեն Մելքոնյան

Սեպտեմբեր 16,2016 20:25

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնում է Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի՝ օրինագծից ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը հանելուն:

Հիշեցնենք, որ այդ լուրը հատուկ հաղորդագրությամբ տարածել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը՝ միաժամանակ արտահայտելով իր վրդովմունքը:

«Եթե այս տեղեկությունը պաշտոնական մակարդակով ճշտվի, կարող ենք ասել, որ սա որոշակիորեն հետընթաց է եվրոպական ժողովրդավարության ու արդարադատության ընդունված սկզբունքներից, քանի որ հենց այդ սկզբունքներից ամենակարեւորը մարդու իրավունքներն են, իսկ ամենամեծ ոճիրն էլ համարվում է հենց մարդու դեմ  իրականացված ոճիրը: Հայոց ցեղասպանությունը հենց ամենակարեւոր ոճիրն է, որը ուղղված է համայն մարդկության դեմ: Հայոց ցեղասպանության ժխտումն արդարացնելը ոչ մի կերպ չի համապատասխանում եվրոպական ժողովրդավարացման եւ արդարադատության սկզբունքներին, ժխտումը քրեականացնելը ամենատրամաբանական պատասխանը պետք է լիներ, քանի որ Ֆրանսիան համարվում է  եվրոպական, համաշխարհային ժողովրդավարացման կարեւոր օջախներից մեկը:

Այս պետության դիրքորոշումն ու պատասխանը թուրքական ժխտողականությանը, պետք է լիներ շատ հստակ: Ցավում եմ, որ նման որոշում է ընդունվել, սա ապացուցում է  երկու հանգամանք. առաջին՝  հայոց ցեղասպանության փաստը շարունակում է մնալ քաղաքական առեւտրի առարկա եւ երկրորդ, որ եվրոպական  ու ընդհանրապես արեւմտյան պետությունների քաղաքականության մեջ հայոց ցեղասպանության խնդիրն այն ավանդական դարձած զիջելու կետն է, որ նրանք անում են Թուրքիային սիրաշահելու համար, սա Թուրքիայի եւ եվրոպական երկրների միջեւ քաղաքական առեւտրի հերթական ու ցավալի դրսեւորումն է»,- Aravot.am-ին ասաց թուրքագետը:

Ինչո՞ւ հիմա Սենատը գնաց այդ քայլին, թուրքագետը կարծում է, որովհետեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Թուրքիայի կարեւորությունն ավելի է մեծացել. «Թուրք-ռուսական հարաբերությունների դրական ընթացքն ավելի է  անհանգստացնում արեւմտյան տերություններին, այնպես որ, նրանց կողմից այս քայլը, ինչ-որ զիջումները նույնպես պետք է տեղավորել այդ խնդիրների համատեքստում:

Թուրքական կառավարության քայլերն այդ ուղղությամբ ավանդական ու դասական են, շարունակ հանդես են գալիս տարբեր պետությունների հետ քաղաքական առեւտրի խաղի կանոններով՝ նպատակ ունենալով հայոց ցեղասպանության խնդիրը դուրս բերել միջազգային իրավական հարթությունից, դրա համար կիրառում են տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ճնշումներ կամ տարբեր պետություններին սիրաշահելու քաղաքականություն: Ֆրանսիան նրանց թիրախներից էր, որովհետեւ Ֆրանսիան այն պետությունն էր, որը հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում ամենահստակն էր արտահայտել իր դիրքորոշումը, սա հստակ հետընթաց էր այդ դիրքորոշումից»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր  է Բունդեսթագի ընդունած հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ճակատագրում էլ ոչ հայանպաստ փոփոխություններ լինեն, թուրքագետը պատասխանեց. «Հիմնական խնդիրն այն է, որ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը այդպես էլ չի կարողանում հաղթահարել իրավական ու քաղաքական խոչընդոտները… ցավոք սրտի, հայոց ցեղասպանության հետ կապված իրավական գործընթացների համապատկերում լուրջ հաջողություններ մինչ օրս չենք գրանցել, չեմ կարծում, որ սա կարող է ազդել Բունդեսթագի որոշման վրա, որովհետեւ այն ավելի շատ ունի քաղաքական ու բարոյական նշանակություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930