Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ահարոնյան. «Ցավալի է: 25 տարին պետք է որ բավարար ժամանակ լիներ կարևորն անկարևորից տարբերելու»

Սեպտեմբեր 16,2016 22:40

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի  պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Այսօր տեղի ունեցավ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթի փորձը: Ոստիկանությունը նախապես տեղեկացրել էր որոշ փողոցներ փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով շրջանցիկ ճանապարհները: Թվում էր՝ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով պիտի վերաբերվեին ժամանակավոր դժվարություններին:

Սակայն փորձը դեռ չավարտված՝ համացանցում գրառումներ հայտնվեցին, որոնց հեղինակները դժգոհում են շքերթից, ճանապարհային ոստիկանությունից և նույնիսկ… Անկախությունից: Գլխավոր թիրախն, իհարկե, ոստիկանությունն է, հարցադրումը՝ այս ի՜նչ է կատարվում քաղաքում, ո՞ւր են նայում ճանապարհային ոստիկանները, ինչո՞ւ չեն կարգավորում երթևեկությունը…

Պատասխանեմ՝ ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն կարգավորում է երթևեկությունը, այլև նախապես մշակած ծրագրով ուղղորդում է տրանսպորտային միջոցների հոսքը՝ առավելագույնս ձգտելով քաղաքի կենտրոնը զերծ պահել մեքենաների կուտակումներից , ավելին՝ ուղեկցում է զինվորական շարասյուների ու զինտեխնիկայի տեղաշարժը, համապատասխան տարածքներում կարգավորում է հետիոտնի երթևեկը, հանրությանը պարզաբանում է երթևեկության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Նկատի է առնվել նույնիսկ, որ կարող է օժանդակության կարիք լինել, և մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններին օգնելու են եկել մարզերի նրանց շուրջ 150 գործընկերները:

Ակնկալվում էր նաև մեր համաքաղաքացիների ըմբռնումն ու օժանդակությունը: Եվ ակնկալիքը հիմնականում կատարվեց, բացառությամբ ֆեյսբուքյան դժգոհների վերոհիշյալ խմբի, որոնք տրտնջալու առիթ են փնտրում և, ահա, ստացել երթևեկության ժամանակավոր դժվարությունների «շնորհիվ» ոստիկանությանը երաշխավորելու հնարավորություն… Թվում էր՝ այլ վերաբերմունք պիտի լիներ, թվում էր՝ կարելի է՝ երկու ժամ համբերել, հոբելյարի տրամադրությամբ տեսնել իրողությունները, բայց…

Ցավալի է: 25 տարին պետք է որ բավարար ժամանակ լիներ կարևորն անկարևորից տարբերելու, երկրի տոնին ու նաև հոգսին տեր լինելու, գոնե Անկախությունն ու Պետականությունը խցանումներին չհավասարեցնելու համար… Նշեմ, սակայն, որ սպառողական և այսպահային մտածողություն ունեցողները հանրության չնչին մասն են կազմում և չեն կարող սին տրտունջներով մթագնել մեր իսկական քաղաքացիների ու մեր երկրի տոնը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930