Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղուց պետք է հրաժեշտ տայինք Գագիկ Խաչատրյանի ծառայություններին». Գուրգեն Եղիազարյան

Սեպտեմբեր 20,2016 18:03

 

 

«Հենց միայն Գագիկ Խաչատրյանից ազատվելու մասով կարող եմ ասել, որ վարչապետը ճիշտ գծի վրա է: Տա Աստված, որ չխանգարեն, ինչպես նախկիններին, եւ մենք կտեսնենք այն  փոփոխությունները, որոնք կկատարվեն մեր երկրում: Դա լավագույն նշաններից մեկն է: Վաղուց պետք է ՀՀ-ն հրաժեշտ տար Խաչատրյանի ծառայություններին»,- նոր նախարարների նշանակման մասին  մեզ հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նա հիշեցրեց մամուլի հրապարակումները ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին. «Խոսում են փարիզներում, լոնդոններում, ինչ-որ կղզիներում ունեցվածքի մասին: Ամերիկացիները պնդում են, որ ամեն տարի 1 մլրդ դոլար անհայտ ուղղություններով գնացել է: Արդյոք չպե՞տք է հիմա հետաքրքրվենք, թե պարոն Խաչատրյանի գծով քանի՞ միլիարդ է լքել Հայաստանը, եւ ի՞նչ պարագաներում են այդ գումարները տարվել ու մսխվել»:

Այն, որ Կարեն Կարապետյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի ոճով կադրեր է վերցնում մասնագետների եւ հանրությանը ոչ հայտնի մարդկանց՝ Գուրգեն Եղիազարյանը ողջունում է. «Որ նոր նախարարներին հանրությունը չի ճանաչում, մեր ճանաչելը մի քոռ կոպեկ էլ չարժի: Մենք այնքան ախմախների ենք ճանաչում, որոնք իշխանության են եղել եւ թալանել են իմ եւ ձեր երկիրը: Գլխավորն այն է, որ Կարեն Կարապետյանն է ճանաչում այդ մարդկանց: Ինքը պետք է աշխատի այդ մարդկանց հետ, ոչ թե մենք: Այնպես որ, հաջողություն ցանկանանք նորընտիր նախարարներին»:

Կարեն Կարապետյանի՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում Գագիկ Մարտիրոսյանին նշանակելը բուռն քննարկվեց մամուլում, առ այն, որ նա  չափազանց տարիքով մարդ է: Գուրգե Եղիազարյանը գտնում է, որ այդ պաշտոնում հենց տարիքն առած մարդ էր պետք եւ հենց այնպիսի փայլուն կենսագրությամբ, որն ունի նա. «Դժվարագույն տարիներին Գագիկ Մարտիրոսյանը ղեկավարեց մեր էներգոհամակարգը, եւ ի պատիվ իրեն, ղեկավարեց փայլուն: Ես ինքս ականատես եմ եղել Գագիկ Մարտիրոսյանի՝ նախագահ Շեւարդնաձեի հետ հանդիպմանը: Այդ տարիներին մեր գազամուղը պարբերաբար պայթեցնում էին: Ես տեսել եմ, թե նա ինչ կարգի խոսակցություն վարեց Էդուարդ Շեւարդնաձեի հետ, ուղղակի հրճվանք էի ապրում, որ հայկական կողմը ներկայացնողը կարող է այդպես իրեն դրսեւորել: Այնպես որ,Կարեն Կարապետյանը լրջագույն քայլ է կատարել՝ Գագիկ Մարտիրոսյանին գլխավոր խորհրդական նշանակելով: Հենց այդպիսի մարդը պետք է լինի խորհրդատու: Ես խորհրդատուների գիտեմ, որոնց երկու բառ չի կարելի վստահել, եւ նրանց մասին մամուլը ոչ մի բան չի ասում: Վախենում եմ նույնիսկ նման մարդկանց կողքին իր անունը տալով՝ Գագիկ Մարտիրոսյանին մի քիչ վարկաբեկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930