Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնգրեսն այսօր իր հիմնական ջանքերն ուղղել է երկիրն օրինակարգ իշխանությամբ օժտելու խնդրին»

Սեպտեմբեր 20,2016 22:12

Ազատության համար պայքարում 1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեն անկախության իրավական արձանագրման բարձրակետն էր։ Այն «ԱՅՈ»-ի շքահանդեսի ու տոնակատարության վերածվեց նախընթաց՝ 1988 թվականից ի վեր Հայկական ժողովրդավարական շարժման ամենօրյա, համառ պայքարի, քաղաքական մտքի ասպարեզում կատարած արմատական հեղափոխության, հակաանկախականների ու ծայրահեղականության զանազան խոչընդոտների հաղթահարման շնորհիվ։

Հայաստանը Խորհրդային տարածքում միակ հանրապետությունն էր, որ իր անկախությանը հասավ ժամանակին գործող օրենքների շրջանակներում։ Գտնվելով հանդերձ ծանրագույն պայմաններում՝ Հայաստանը լավագույնս հանձնեց անկախության քննությունը՝ ոչ միայն ապահովելով երկրի ներքին կայունությունը, սահմանների անձեռնմխելիությունը, այլեւ հասնելով Լեռնային Ղարաբաղի լիակատար ազատագրմանը եւ անվտանգության ապահովմանը։ Վերակազմավորված Ներքին գործերը եւ նորաստեղծ բանակը պատվով կատարեցին իրենց առջեւ դրված ծանրագույն խնդիրները։

Ներքաշված լինելով հանդերձ իրական ու տեւական պատերազմի մեջ՝ նորանկախ երկրի առաջին ժողովրդավար իշխանությունը կարողացավ իրականացնել ամենաարմատական բարեփոխումները՝ ձեռք բերելով միջազգային բարձր վարկ ու ժողովրդավար երկրի համարում։ Բարձր օրինակարգությամբ օժտված եւ պետական մտածողությամբ առաջնորդվող իշխանության պայմաններում անկախության, որպես ազատության, արժանապատիվ կյանքի ու բարեկեցության հասնելու միջոցի մասին պատկերացումը հասարակության համոզմունքն ու սեփականությունն էր դառնում՝ օգնելով դիմակայել ժամանակի ծանրագույն մարտահրավերներին։

Որպես պետականաստեղծ ուժ, առաջնորդվելով նույն պետական մտածողությամբ՝ Հայ ազգային կոնգրեսը, արդեն որպես ընդդիմություն, իր քաղաքական պայքարում երբեւէ չի անցել այն կարմիր գիծը, երբ իշխանության դեմ պայքարը վերածվում է պետականությանը, անկախությանը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերը վնասող գործողության։

Մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղին, ուրեմն՝ նաեւ Հայաստանին սպառնացող արտաքին վտանգի հանդիման Կոնգրեսը տվել է ընդդիմադիր քաղաքական ուժի կեցվածքի օրինակ։ Նույն՝ անկախության ու պետականության ամրապնդման համար է, որ Կոնգրեսն այսօր իր հիմնական ջանքերն ուղղել է երկիրն օրինակարգ իշխանությամբ օժտելու խնդրին՝ ընտրական օրենսգրքում կարողանալով հասնել այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք զգալիորեն պիտի նվազեցնեն ընտրակեղծիքների մակարդակը։

Հայ ժողովրդի ամենամեծ տոնի՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Հայ ազգային կոնգրեսը կրկին շնորհավորում է հայ ժողովրդին, հայկական պետականության կայացման բոլոր երախտավորներին՝ վստահ եւ հավատով, որ համաժողովրդական ջանքերի մեկտեղմամբ եւ ճշգրիտ քաղաքական ընթացքով Հայաստանը վերադառնալու է այն գոյավիճակին, երբ անկախությունը լիապես դրսեւորվում է որպես երկրի անվտանգության, յուրաքանչյուրի ազատության, ապահովության, արժանապատիվ կյանքի եւ ազգային ինքնության պահպանման միջոց։

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930