Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԵՎԵՐՋ

Սեպտեմբեր 23,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հիսունմեկերորդ

ՏԱՐԵՎԵՐՋ

Հուսով եմ, որ էս նոր՝ տասնչորս թվականը էականորեն կտարբերվի իր նախորդից  եւ տհաճ անակնկալներ չի մատուցի մեզ, եւ տհաճ անակնկալ որ ասում եմ, էս տասներեքի հատկապես ամենավերջին ժամերը նկատի ունեմ, որովհետեւ երբ տարեմուտի մեր օրթախական հավաքից տուն եկա, մեր տնեցիք ու մանավանդ կինս սարսափահար վիճակում էին, որովհետեւ միանգամայն   հանկարծակի մեր բաքսին էր փչացել, եւ անմիջապես սարսափն ինձ էլ պատեց, եւ երբ նայեցի ժամացույցին՝ նոր-նոր ժամը ինն էր, եւ էդ պահին մտածեցի, որ ոչ մի տարի մեր տարեմուտի հավաքն էդքան շուտ չէինք ավարտել. այսինքն, տասնչորս թվականին դեռ ամբողջ երեք ժամ կար, եւ ես չգիտեի՝ ում օգնությանը դիմեմ, եւ երբ կինս ինձ տեղեկացրեց, որ բաքսիների վերանորոգման բոլոր ծառայությունները փակ են, ես անկախ ինձնից Օրթախի համարը հավաքեցի, եւ Օրթախը որեւէ ելք չգտնելով՝ խորհուրդ տվեց Սերոբին զանգել, եւ երբ զանգեցի Սերոբին, Սերոբը շատ զարմացավ, որովհետեւ ընդամենը տասնհինգ րոպե առաջ էր իր ավտոմեքենայով ինձ տուն բերել, եւ երբ Սերոբին բացատրեցի մեր ու մեր բաքսիի վիճակը, Սերոբը, երեւի կյանքում առաջին անգամ, խոստովանեց, որ չի կարող օգնել, եւ ես շարունակեցի բլոկնոտս թերթել, եւ Արարատ Զուրաբյանի բջջայինի համարն աչքովս ընկավ, եւ չնայած ինձ ասել էին, որ Արարատը հեռախոսազանգերին չի պատասխանում, այդուհանդերձ, մեխանիկորեն Արարատի բջջայինի համարը հավաքեցի, որովհետեւ իմ էդ վիճակում ոչ միայն մոռացել էի, որ ինքը հեռախոսազանգերին չի պատասխանում, այլեւ մոռացել էի, որ ինքը վաղուց թաղապետ չի, այսինքն՝ դժվար թե կարողանար մեզ օգնել, բայց նորագույն ՀՀՇ-ի հիմնադիր նախագահը ոչ միայն հեռախոսազանգիս պատասխանեց, այլեւ խոստացավ իր հնարավորության սահմաններում օգնել, եւ քիչ անց ինձ զանգահարեց թաղապետ ժամանակվա իր տեղակալ Դավիթը, ով, բնականաբար,  էս նորագույն ՀՀՇ-ում էլ էլ է Արարատի կողքին, եւ Դավիթն ինձ լսելով՝ Էդոյի հեռախոսի համար տվեց, բացատրելով, որ Էդոն բաքսիի գծով լավագույն վարպետն է, ու նաեւ ասաց, որ ես ոչ թե Դավիթի անունից խոսեմ, այլ՝ Դավիթի ընկեր Ռոլանդի, ու էդպես էլ արեցի, բայց երբ Էդոն հարցրեց թե՝ ո՞ր Ռոլանդն է ինձ իր հեռախոսի համարը տվել, ես կարկամեցի, որովհետեւ Շառոյան Ռոլանդից բացի՝ այլ Ռոլանդ չգիտեի ու չէի ճանաչում, եւ անհարմար վիճակից դուրս գալու համար հեռախոսը փոխանցեցի կնոջս, եւ կինս Էդոյին մանրամասն նկարագրեց մեր բաքսիի վիճակը՝ խնդրելով, որ գա նայի, բայց Էդոն կնոջս հիշեցրեց, որ նոր տարվան ընդամենը ժամուկես է մնացել, եւ եթե իրեն միլիոն էլ տանք, ինքը տնից դուրս չի գա, բայց, այդուհանդերձ, Էդոն մեզ միանգամայն  ռեալ հույս տվեց, բացատրելով, որ տարեմուտի էդ ժամին շատերն են լողանում, եւ հնարավոր է ջրի խոսանքը թուլացած լինի եւ շուտով կարգավորվի, ու մենք Էդոյին շնորհակալություն հայտնելով՝ իր գալիք նոր տարին շնորհավորեցինք, եւ քիչ անց կրկին Օրթախը  զանգեց ու մեր բաքսիի վիճակով  հետաքրքրվեց, եւ ես ասացի, որ արդեն ռեալ հույսեր ունենք՝ ջրի հոսանքի ուժգնության հետ կապված, եւ Օրթախը հիշեցրեց, որ ինքն էլ էր հոսանքի հետ կապված ենթադրություն անում, եւ Օրթախը նաեւ խորհուրդ տվեց, որ մեր բաքսին լրիվ անջատենք ու հետո նորից միացնենք, ու մենք Ալբերտ Գուրգենիչի գալիք նոր տարին եւս մեկ անգամ շնորհավորելով՝ մեր բաքսին ամբողջովին անջատեցինք ու հետո էլի միացրինք:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930