Լրահոս
Օրվա լրահոսը

«Չոր պրագմատիկների» ժամանակը

Սեպտեմբեր 24,2016 10:26
galstuk

Գնացածների հետեւից խոսելը տգեղ է։ Կառավարության ամեն մի կազմ լավ թե վատ կատարել է այն խնդիրները, որոնք իր առջեւ դրված էին։ Այդ խնդիրներն առաջին հերթին քաղաքական են, հասարակական, նույնիսկ հոգեբանական եւ հետո միայն՝ տնտեսական։ Նախագահը, որը նշանակում է վարչապետներին եւ նախարարներին, բոլոր դեպերում, քաղաքական դեմք է։ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, չէր երազում վարչապետի պաշտոնում տեսնել Արամ Սարգսյանին, բայց քաղաքական իրավիճակը պահանջում էր դա անել, եւ հետագա ընթացքը ցույց տվեց, որ իր՝ Քոչարյանի տեսանկյունից դա ճիշտ քաղաքական քայլ էր։ Իսկ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես շատ արագ պարզվեց, սխալ էր վարվել՝ Քոչարյանին նշանակելով։
Խնդիրը, հետեւաբար, վատ մարդկանց լավ մարդկանցով փոխարինելը եւ գնացածների հետեւից քարեր շպրտելը չէ. պարզապես ասպարեզում հայտնվող մարդիկ պետք է համապատասխանեն օրվա մարտահրավերներին: Իհարկե, լինում են նաեւ շեղումներ, բայց եթե փորձենք «խոշոր կտավով» ներկայացնել 25 տարվա ընդհանուր միտումները, ապա կարելի է ասել, որ հայաստանյան վերնախավն անցել է երեք փուլ. 1/ «բոցավառ հեղափոխականներ» (90-ականների առաջին կես) , 2/ «ֆիդայիներ` ամբարտավանության բարձր եւ կրթության ցածր աստիճանով» (90-ականների երկրորդ կես)` Մանվել-Սեյրանը նրանց վերջին «փայլատակումներն» են, 3/ «ոչ ֆիդայիներ` նույն դրսեւորումներով»: Նրանց ժամանակն էլ է անցել, եւ կառավարության փոփոխությունը հենց դա է ազդարարում:
Կրկնեմ, խոսքը լավ-վատի, ճիշտ ու սխալի մասին չէ` երեք խմբերում էլ եղել են հրաշալի մարդիկ եւ հանցագործներ: Նոր վերնախավում նույնպես այդպիսիք կլինեն: Խոսքը կերպարի, աշխարհընկալման, մարդաբանական տիպի մասին է: Հիմա վստահ եմ, որ եկել է «չոր պրագմատիկների» եւ «տեխնոկրատների» ժամանակը: Դա չի նշանակում, որ, ասենք, նախորդ «համաստեղության» ներկայացուցիչները չեն շարունակի որոշ պաշտոններ զբաղեցնել: Բայց հիմնական «թրենդը» այլ է. նոր վերնախավի «կերպարները» նման են լինելու ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանին կամ էկոնոմիկայի հնարավոր նախարար Սուրեն Կարայանին: Նկատի ունեմ թե տարիքը, թե դաստիարակությունը, թե միջավայրը, թե մոտեցումները կյանքին եւ աշխատանքին:

Ինչու է ժամանակը նման մարդկանց պահանջ դնում: Շատ պարզ. որովհետեւ հասարակական, պետական համակարգում պատրանքների, հույզերի, լացուկոծի ժամանակաշրջանն անցել է: Եկել է իրականությանը բաց աչքերով նայելու եւ հաշվարկելու ժամանակը` այդպիսին է պահանջարկը: Դա նոր սերնդի, նոր մտածողության մարտահրավերն է:

Հասկանալու համար, թե ո՛ր մտածողությունն է ժամանակավրեպ, պատմեմ հենց երեկվա իմ մի հանդիպման մասին: Ճաշարանում, ի հեճուկս այն հանգամանքի, որ ես սնվում եմ, իմ սեղանին նստեց մի մարդ` «ազգային հարցով»: Այդ հարցի բովանդակությունը հետեւյալն էր. եթե թուրքերը Ցեղասպանությունը ճանաչեն եւ որոշեն մեզ մեր պատմական հողերը տալ, նրանք այդ հողերը կտան դրանց բնակչությա՞մբ, թե՞ բնակչությունը կգնա, եւ մեզ կմնան միայն հողերը: Մոտ 20 րոպե տեւած խոսակցությունից «պարզվեց», որ ես «ազգային խնդիրների» մասին բացարձակապես չեմ մտածում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ամենազոր աստվածը՝ դա զորության միակ աղբյուրն է, կրոնները՝ դրանք այն հնարքներն ու միջոցներն են, որոնք ցույց են տալիս ճանապարհը դեպի աստված ու նրա զորությունից օգտվելու միջոցները: ՝Չոր՝ մտածողությամբ ասած՝ աստծո դերն ու արժեքը հենց նրա զորությունից օգտվելն է, կա կրոն, որը նետ ու աղեղ է, կա էլ կրոն, որը հզոր գնդացիր է: Աստված սիրում է նրանց, ովքեր օգտվում են իր զորությունից ու չի տեսնում նրանց, ովքեր կույր են իր զորությունը տեսնելու ու օգտվելու հարցում: Կարճ ասած՝ քանի դեռ հայերը չունեն իրենց հայ կրոնը՝ հայերի ոչ մի բնական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող:

  2. Հ.Շ. says:

    Մինչեւ տակաւին 10 տարիներ առաջ, չէի կրնար երեւակայել որ մի օր կարող եմ համաձայն լինել այս խմբագրականում պարզված հիմնական կարծիքին հետ: Սակայն հիմա այդպէս է:

    Թեպետ միշտ ել գիտակցած եմ թէ քաղաքականութիւնը եւ գաղափարաբանութիւնը լաւ չէ իրարու խառնել, սակայն ձգտումը, բաղձանքը կը մնար՝ քաղաքականութեան միջոցաւ եւս ջանալ գաղափարաբանութիւնը, զուտ Գաղափարները, վերածել իրականութեան:

    Այսօր, անհերքելի է թէ, Հայութեան եւ Մայր Հայրենիքի համար, գետնաքարշ մօտեցումը (pragmatism բառին ուրիշ թարգմանութիւն չունիմ) պէտք է որ կտրականօրէն տիրապետէ քաղաքականութեան մէջ: Աւելին՝ կարգ մը նիւթերու պարագային, ներկա դրութեամբ, այլեւս վտանգաւոր հակադրութիւն մը կա՝ քաղաքականութեան եւ գաղափարաբանութեան միջեւ:

    Տարիքը, փորձառութիւնը, «հասունութիւնը» հաւանաբար դեր ունին մտածելակերպի այս հոլովոյթին մէջ, սակայն անոնք չեն անոր հիմնական պատճառը:

    Խնդիրը այն է թէ նիւթի առարկայ ազգային գաղափարաբանութեան այժմու «ներկայացուցիչները», համարյա թէ բոլորը եւ բոլոր ոլորտներում, կամ – հատկապէս այդ ուղղութեամբ – կատարեալ կեղծաւորներ են, կամ ել լրիվ հիմարներ:

    Հետեւաբար, նախընտրելի է ապավինիլ բանականութեամբ մտածող եւ գործող ղեկավարների, նոյնիսկ եթէ անոնցմէ ոմանք մասնաւորապէս համակրելի անձեր չեն, քան թէ նվազագոյն չափով իսկ մեր ճակատագիրը հանձնել շարլաթանների, անխելքների, խղճալի ծաղրածուների:

    Սակայն ի տարբերություն յարգելի Խմբագրին (որ հաւանաբար իր այս նոյն կարիքը ունէր նաեւ 10 տարիներ առաջ, եւ դեռ նոյնիսկ անկէ առաջ ալ), ներկա հանգրվանին առկախել, ժամանակաւորապէս եւ ցնոր տնօրինություն՝ մէկդի դնել մեր ազգային էական գաղափարաբանությունը, չի նշանակում զայն ուրանալ, ոչ ել առ յաւէտ հրաժարիլ անկէ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930