Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ եղան գերատեսչություններ, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի հարցաշարը

Սեպտեմբեր 24,2016 20:00

2016թ. ինդեքսի համաձայն՝ գնահատման ենթարկված բոլոր մարմինները վատթարացրել են իրենց նախորդ տարվա ցուցանիշը հիմնականում այն պատճառով, որ տեղեկություն տնօրինողները վատացրել են իրենց աշխատանքը ՏԱ հարցումներին պատասխանելու հարցում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երրորդ անգամ Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատեց պետական կառավարման մարմինների հրապարակայնության եւ թափանցիկության մակարդակը: 2014թ.-ից ի վեր մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են երեք բաժնից հիսուներեք հարցից բաղկացած հարցաշարով:

2016թ.-ի արդյունքները ներառում են 2015թ. սեպտեմբերի 28-ից 2016թ.-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածը։

Ըստ ԻԱԿ-ի՝ 3 տարիների ընթացքում առաջին անգամ եղան գերատեսչություններ, որոնք անպատասխան թողեցին ԻԱԿ-ի հարցաշարը, երկրորդ՝ ի տարբերություն նախորդ տարիների եւ հակառակ ՏԱ իրավունքի զարգացման պրակտիկայի՝ այս տարի մարմիններն ընդհանուր առմամբ վատացրել են իրենց ցուցանիշները:

Ըստ ԻԱԿ-ի՝ 2015թ.-ին առաջատարների տասնյակում հայտնված Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի եւ Արարատի մարզպետարանները ԻԱԿ-ի հարցումներին պատասխանել էին լիարժեք եւ ժամանակին ու ստացել տվյալ բաժնում ամենաբարձր՝ 25 միավոր: Իսկ 2016թ.-ին Կոտայքի եւ Արմավիրի մարզպետարաններն այս նույն (ՏԱ հարցումների պատասխանները գնահատող բաժնում, որը ինդեքսի 1-ին բաժինն է) ունեն 20 միավոր, Արարատն ու Լոռին՝ 21 միավոր, Սյունիքը՝ 17, իսկ Վայոց ձորը՝ 13 միավոր:

Իսկ, օրինակ, գյուղատնտեսության նախարարությունը 2015թ.-ի 20 միավորի փոխարեն 1-ին բաժնում հավաքել է 25 միավոր եւ ընդհանուր 85 միավորով զբաղեցրել 2-րդ տեղը: Հատկանշական է, որ այս առաջընթացը նախարարությունն արձանագրել է միայն հարցումների պատշաճ պատասխանելու հաշվին, իսկ ինդեքսի մնացած բաժինների ցուցանիշը նախարարության համար նույնն է, ինչ 2015թ.-ին:

Կազմակերպությունը արձանագրել էր, որ հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի 2016թ. գնահատման արդյունքում տեղեկություն տնօրինող որեւէ մարմին չի կարողացել հավաքել 100 միավոր: Նույն պատկերն է եղել նաեւ նախորդ երկու տարիներին: «Եթե 2015թ.-ին Կոտայքի մարզպետարանը հավաքել էր 89 միավոր, ապա այս տարի առաջատար՝ առողջապահության նախարարության հավաքած միավորների շեմն ավելի է հեռացել 100 միավորից՝ կազմելով միայն 86 բալ»,- փաստել էին ԻԱԿ-ի մասնագետները։
2016թ.-ին հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի լավագույն հնգյակի պատկերն այսպիսին էր.
ՀՀ առողջապահության նախարարություն՝ 86 միավոր
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ 85 միավոր
ՀՀ արդարադատության նախարարություն եւ Կոտայքի մարզպետարան՝ 84-ական միավոր
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ Տավուշի մարզպետարան՝ 83-ական միավոր,
ՀՀ սփյուռքի նախարարություն եւ Վայոց ձորի մարզպետարան՝ 81-ական միավոր:
Եթե ե՛ւ 2014, ե՛ւ 2015թթ.-ին Ինդեքսում պետական կառավարման մարմիններից լավագույն ցուցանիշը արձանագրվել էր մարզպետարաններում, ապա 2016թ.-ին պատկերը փոխվել է, եւ լավագույնները նախարարություններն են. արդյունքում ամենաբարձր 5 միավորներ հավաքած 8 մարմիններից 5-ը նախարարություններ են: Ինչպես նշվեց, 2016թ.-ին կան մարմիններ, որոնք չեն պատասխանել հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի հարցաշարին: Իսկ «հետնապահների» ցուցակն այսպիսին էր. նրանք չէին պատասխանել հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի հարցաշարին՝ ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:Այս երեք մարմիններն էլ հավաքել են 0 միավոր:
Դեռ անցյալ տարի ՀՀ Ազգային ժողովը նույնպես ետնապահներից էր եւ ուներ 51 միավոր: Հրապարակայնության եւ թափանցիկության տեսանկյունից թերեւս վերոնշյալ մարմիններից ամենախնդրահարույցը ԱԺ-ի՝ 2016թ.-ի հարցաշարին պատասխանելու մերժումն էր: Երբ ԻԱԿ-ի աշխատակիցը զանգահարել էր ԱԺ՝ ճշտելու համար, թե ստացե՞լ են արդյոք հարցաշարը, ԱԺ-ից պատասխանել են, որ ստացել են, սակայն չեն պատրաստվում դրան պատասխանել: Սա, ԻԱԿ-ի գնահատմամբ, հրապարակայնության եւ թափանցիկության վատագույն ցուցանիշն է:
Ի դեպ, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ետնապահն էր նաեւ 2015թ.-ին՝ 29.5 միավորով: 2016թ.-ին գնահատման իրականացման ընթացքում, երբ հարցաշարին պատասխանելու ժամկետները լրացել էին, կոմիտեն ԻԱԿ-ի աշխատակիցներին հայտնել էր, որ պատրաստվում են պատասխանել եւ հարցաշարը կուղարկեն: Սակայն պատասխանն այդպես էլ չի ստացվել:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը նույնպես 2015թ.-ին ետնապահներից էր՝ 33.5 միավորով: ԱԱԾ-ն, սակայն, հարցաշարին չի պատասխանել այլ պատճառով. հարցաշարը տեղեկություն տնօրինողներին ուղարկվում է ավտոմատ կերպով՝ foi.am/rating կայքի միջոցով՝ տեղեկություն տնօրինողի պաշտոնական էլեկտրոնային հասցեին: ԻԱԿ-ի աշխատակիցներին ԱԱԾ-ն հայտնել է, որ հարցաշարն անհրաժեշտ է ուղարկել թղթային տարբերակով: Այս պատճառաբանությունը տարօրինակ է, քանի որ մի կողմից՝ ե՛ւ 2014, ե՛ւ 2015թթ.-ին ԱԱԾ-ն պատասխանել է հենց էլեկտրոնային տարբերակով ներկայացված հարցաշարերին, մյուս կողմից էլ՝ «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության՝ 2015թ.-ի հոկտեմբերի 15-ի որոշման համաձայն՝ «էլեկտրոնային փոստով ուղարկված կամ տեղեկություն տնօրինող մարմինների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների) պաշտոնական կայքերի միջոցով առցանց ուղարկված տեղեկություն ստանալու հարցումները համարվում են գրավոր հարցումներ եւ դրանց պետք է ընթացք տալ եւ պատասխանել ճիշտ այնպես, ինչպես թղթային տարբերակով ներկայացված հարցումներին»: ԱԱԾ-ի պահանջ-պատճառաբանությունը ԻԱԿ-ը հիմնավոր չի համարել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930