Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ շտապում, ինչը չի նշանակում դանդաղ ընթացք»

Սեպտեմբեր 26,2016 15:36

Հարցազրույց դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ:

– Մաեստրո, հարցերը, որ կուղղենք Ձեզ, հետաքրքրում են առաջին հերթին հայաստանցի երաժիշտներին՝ ձեր կոլեգաներին: Ազգային օպերային թատրոնի խաղացանկում այսօր ընդամենը մեկ-երկու հայ դասական հեղինակի գործեր են (Տիգրանյան՝ «Անուշ», «Դավիթ-Բեկ», Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ», Ալ. Հարությունյան՝ «Սայաթ-Նովա», բալետային ներկայացումներից՝ Խաչատրյանի «Սպարտակն» ու «Գայանեն»): Չի բեմադրվել եւ ոչ մի ժամանակակից կոմպոզիտորի մասշտաբային երկ: Մինչդեռ ժամանակին խաղացանկում էին հիանալի բալետներ, այդ թվում՝ Օրբելյան ավագի «Անմահությունը», Էդ. Հովհաննիսյանի «Անտունին», Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը» եւ այլն: Միանշանակ կարելի է դրանցից որոշները վերականգնել:

– Այդ անհանգստությունը պետք է լիներ ժամանակին, ասենք՝ 20 տարի առաջ: Ես դեռ այս պաշտոնում նոր եմ նշանակվել: Ինչ վերաբերում է ձեր դիտարկմանը՝ լիովին համաձայն եմ: Մենք արդեն անցել ենք աշխատանքի, պետք է դիտենք խաղացանկում եղած բոլոր օպերային եւ բալետային ներկայացումները, որի արդյունքում հնարավոր է՝ գտնվեն բեմադրություններ, որոնք պարզապես կփակվեն: Այո, հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ պետք է անպայման բեմ բարձրանա մեր թատրոնում, բայց դրա համար, իհարկե, ժամանակ է հարկավոր: Անձամբ ես գտնում եմ, որ այսօրվա հանդիսատեսին եւ գուցե առաջին հերթին մեներգիչներին հարկավոր են Ռոսինիի, Մոցարտի եւ այլ հեղինակների օպերաներից, օրինակ՝ «Սեւիլյան սափրիչը», որը հավանաբար 40 տարի առաջ է բեմադրվել, վաղուց խաղացանկում չկա: Եվ աշխարհում նման օպերային բեմադրություններով են երիտասարդ երգիչներն աճում: Ինչ վերաբերում է ներկայացումների վերականգնմանը, սա դիմում եմ հատուկ հանդիսատեսին՝ հարգելիներս, վերականգնումը հավասարազոր է նոր ներկայացում բեմադրելուն: Ես չեմ շտապում, ինչը չի նշանակում դանդաղ ընթացք: Ձեր դիտարկումներն, ի դեպ, տեղ են գտած մեր ծրագրերում: Ընդ որում, խաղաշրջանների ընթացքում կկայանան նաեւ գալա համերգներ, որոնց նպատակն է հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային օպերային եւ բալետային գրականության ընտիր նմուշներից հատվածներ:

– Ազգային օպերային թատրոնում մանկական վերջին օպերան բեմադրվել է 1980-ականների սկզբին՝ Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը»…

– Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ ես դեռ նոր-նոր եմ այստեղ: Իսկ մանկական օպերային եւ բալետային ներկայացումները, ինչ խոսք, պարտադիր են:

– Թատրոնն առաջիկայում կունենա՞ գլխավոր դիրիժոր:

– Հավանաբար՝ այո:

– Օպերային թատրոնից դուրս գործող երաժիշտները մշտապես կարծիք են հայտնել՝ արդյոք հաստիքով 55 մեներգիչը շատ չէ՞ թատրոնի համար:

– Այդ երաժիշտները գուցե մտածեին, թե ինչով աջակցել թատրոնին, որպեսզի խաղացանկը հարստանա, թեկուզ՝ խորհրդով, ինչն ընդունված է Արեւմուտքում: Իսկ ես մտածում եմ՝ գուցե հետագայում թատրոնի խաղացանկային ներկայացումներին նույնիսկ չբավականացնի 55 մեներգիչը… Նրանք բոլորը պրիմա կամ պրեմիեր երգիչներ լինել չեն կարող, բայց ունենք հիանալի ձայներ: Խոսքս ուղղում եմ ոչ թե մասնագետներին, այլ ունկնդրին՝ համեցեք հոկտեմբերի 8-ին կայանալիք գալա համերգին, որի ընթացքում ելույթ կունենան Հասմիկ Թորոսյանը, Մարինե Դեինյանը, Լիլիթ Հակոբյանը, Գեւորգ Հակոբյանը…  մասնակցությամբ թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի: Համերգը ղեկավարելու եմ ինքս:

– Ասում են՝ արտասահմանից հրավիրելու եք տարբեր մասնագիտությունների երաժիշտների, այդ թվում՝ կոնցերտմայստերներ: Իսկ մեր թատրոնում աշխատում են, չէ՞, բարձրակարգ կոնցերտմայստերներ…

– Այո, հրավիրելու եմ նաեւ կոնցերտմայստերների, օրինակ՝ Մեծ թատրոնից: Իհարկե, այստեղ գործում են նաեւ բարձրակարգ կոնցերտմայստերներ, բայց վերջիններս լավ դաշնակահարներ են, կոնցերտմայստերը նույնպես պետք է անցած լինի «շկոլա», ինչը պարտադիր է երգիչների հետ համագործակցելիս: Հրավիրելու եմ Մեծ Բրիտանիայից ճանաչված խորմայստեր Սթիվան Խարիսին, այլ մասնագետների նաեւ ճանաչված այլ թատրոններից, օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի օպերայից կամ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայից Ջոն Ֆիշերին, որը ներկայումս այդ թատրոնի գլխավոր տնօրենի տեղակալն է… Ի դեպ, նրա հրավերով օրերս կմեկնեմ դիտելու Վագների «Տրիստան եւ Իզոլդա» օպերան: Նման այցերը ղեկավար երաժիշտներին անհրաժեշտ են՝ թեկուզեւ տեղում նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար…

– Ի դեպ, Դուք նաեւ Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն եք, ինչպե՞ս եք պատկերացնում արդեն 2 ղեկավար պաշտոնների համատեղումը: Իհարկե, գիտենք, որ վերջին շրջանում կան երաժիշտներ, որոնք միաժամանակ հանդիսանում են ոչ միայն նվագախմբերի, այլեւ օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավարներ:

– Այս համերգաշրջանում, օրինակ՝ Լիտվայում, ընդամենը 5 անգամ է անհրաժեշտ ներկայությունս: Դրանք մեկ եւ ավելի տարիներ առաջ վաղօրոք ծրագրված համերգներ են…

– Վերջերս Կոպենհագենում համերգ եք ունեցել Դմիտրի Խվորոստովսկու հետ… Ինչպես «Օպերա նյուզն» է գրել՝ Դուք օպերային երգիչների երազած գործընկերն եք…

– Այո, դա եղել է: Ինչ վերաբերում է Խվորոստովսկու հետ համագործակցությանը, դա հաճախակի է տեղի ունենում: Վաղուց է մեր ստեղծագործական կապը: Օրինակ՝ իմ առաջին կինոաշխատանքը «Ռենե Ֆլեմինգ եւ Դմիտրի Խվորոստովսկի. Մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում» ֆիլմն էր՝ հագեցած օպերային տեսարաններով ու արիաներով: Վերջերս էլ կայացավ իսկապես փայլուն օպերային երգչուհի, երջանկահիշատակ բարեկամիս՝ Գեղամ Գրիգորյանի դստեր՝ Հասմիկի եւ Խվորոստովսկու CD-ի շնորհանդեսը: Մտերիմ էի Գեղամի հետ: Այս պահին աշխատում եմ նրա ու իր տիկնոջ՝ Իռենա Մելկովիչուտեի… Ավելի լավ է հրատարակեմ, հետո խոսենք այդ մասին:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

24.09.2016 թ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930