Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ներառական թատերախումբը Շոտլանդիայում մասնակցեց փառատոնի

Սեպտեմբեր 27,2016 18:02

Հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը վերջերս ելույթ ունեցավ Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում «Tramway Unlimited» փառատոնի ժամանակ: Փառատոնը ներկայացնում է հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքները՝ կատարողականից մինչև վիզուալ: Փառատոնի և ելույթի մասին Երևանի Փոքր թատրոնում լրագրողներին պատմեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:

«Նման ծրագրերի առաջնահերթ նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եղած կարծրատիպերը կոտրելն է: «Tramway Unlimited» փառատոնին մասնակցությունը լավագույն օրինակն է նրա, թե ինչպես կարող են համագործակցել հայկական և բրիտանական խորհուրդները՝ կյանքը վերափոխող փորձ շնորհելու հաշմանդամություն ունեցող ստեղծագործողներին: Ելույթն ինձ վրա տևական ազդեցություն թողեց, և ես վստահ եմ, որ հայկական մշակույթը ևս շատ դրական է ներկայացվել այս ներկայացմամբ», -ասաց Միացյալ Թագավորության դեսպանը:

Մշակույթի փոխնախարարն իր հերթին ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ մասնակիցներին պետք է նայել ոչ թե որպես սահմանափակումներ ունեցող, այլ իրենց մեջ նոր ունակություններ բացահայտած մարդկանց: «Հպարտ եմ, որ մեր իրականության մեջ նման հնարավորություն ընձեռող ծրագիր ունեցանք, և ներքին համոզմունք ունեմ, որ այն շարունակական կլինի: Ծրագիրը մեկնարկեց տարիներ առաջ փորձարարական բնույթով, սակայն այսօր մասնակիցների ժպիտները խոսում են դրա արդյունավետության մասին»:

Բանախոսները պատմեցին, որ փառատոնի մասնակից «Hiraeth» ներկայացումը բեմադրվել է 2015 թ-ին Փոքր թատրոնում «Պար՝ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում: Ծրագրի մասնակիցները մինչ Գլազգոու մեկնելը հյուրընկալվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, որտեղ հայ-բրիտանական խորհրդարանի ղեկավար Սթիվըն Փաունդը և սըր Ալան Միլը իրենց ոգևորությունն են հայտնել «Tramway Unlimited» փառատոնին ներառական թատերախմբերի մասնակցության վերաբերյալ:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930