Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոկի հրամանատարը սուտ մատնություն է արել, իբր ավագ լեյտենանտն իրենից 4000 դոլար է պահանջել

Սեպտեմբեր 27,2016 20:02

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Գրիգոր Տերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, հրաձգային ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործություն մասին սուտ մատնություն է արել:

Նա խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արմեն Շահինյանին:

2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում որպես վկա հարցաքննության ժամանակ հայտնել է, թե Ա. Շահինյանը 2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում իր իրավունքներին եւ օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու՝ համածառայակիցների շրջանում իրեն որպես իրավապահ մարմինների հետ համագործակցողի ներկայացնելու սպառնալիքով երեք անգամ՝ համապատասխանաբար 90 հազար,100 հազար դրամ եւ 1 միլիոն 892 հազար 600 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումարի, ընդհանուր 2 միլիոն 82 հազար 600 դրամի պահանջ է իրեն ներկայացրել:

Գ. Տերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Տերյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել,որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է դրա հետ: Դատարանն այդ միջնորդությունը բավարարել է:

Սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Գ. Տերյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել մեկ տարի ժամկետով ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930