Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում ընթացող գործընթացները միտում ունեն սահմանափակել ազատությունները»

Սեպտեմբեր 28,2016 14:00

Կարծում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը:

Թուրքիայի խորհրդարանում ներկայումս հայազգի երեք պատգամավոր է աշխատում՝ «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ցուցակով ընտրված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցությունը ներկայացնող Սելինա Դողանը եւ Քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունից՝ Գարո Փայլանը:

«Առավոտը» զրուցեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հետ, որը սեպտեմբերի 23-ին Ստամբուլի «Ջեզաիր» համալիրում մասնակցում էր անազատության մեջ գտնվող պոլսահայ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանի ներկայացուցչին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Տիկին Դողանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում հայազգի պատգամավորների ներկայությունը Թուրքիայում:

Նրա ձեւակերպմամբ, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո շատ հուզումներ ունեին, բայց ամեն ինչ փոխվեց հոկտեմբերի 1-ից հետո: Հայազգի պատգամավորը նշում է, որ ամենադժվար շրջանում է պատգամավոր դարձել, ու յուրաքանչյուրը ջանում է կատարել առավելագույնը՝ իր հնարավորությունների սահմաններում: «Ես երկուքին հետ ալ կապ ունիմ (նկատի ունի Գարո Փայլանին եւ Մարգար Եսայանին-Գ.Հ.), կարգ մի խնդիրներու մասին միասին կաշխատինք, ոչ թե միայն իբրեւ հայ, բայց ով որ AKP-ն չէ, մեզի համար երկու անգամ դժվար է շարժիլը: Բայց ինչ-որ պետք է ընենք, կջանանք ընել»,-հայտնեց Սելինա Դողանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներին, եւ կարո՞ղ է ինչ-ինչ կանխատեսումներ անել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահին Թուրքիայում չկա այնպիսի դեմոկրատական հիմք, որի հիման վրա կարողանան ինչ-ինչ կանխատեսումներ անել: Նրա խոսքերով, այսօր Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացները միտում ունեն սահմանափակել ազատությունները եւ ավելի գրգռել ազգայնամոլական տրամադրություններ՝ ոչ միայն հայերի համար, այլեւ հասարակության ամենատարբեր խմբերի, ընդ որում՝ բոլորի համար էլ չկան հավասարության պայմաններ:

Ահաբեկչական գործողությունները Թուրքիայի հարավ-արեւելքում, Իսլամական պետության գործողություններն անվտանգության պատրվակով սեղմել են կրոնական եւ ամեն տեսակ ազատությունները: «Մի օրինակ, մեր Զատիկը՝ Հարության տոնը, 100 ոստիկանների ներկայությամբ տոնեցինք, մինչդեռ այսպես չէր նախկինում»,-հիշեց պատգամավորը: Իմիջիայլոց, Սուրբ Հարության տոնից առաջ Սելինա Դողանը ներկած ձվեր էր տարել Թուրքիայի խորհրդարան և հյուրասիրել մեջլիսի անդամներին: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նաեւ հավկթախաղ էր խաղացել պատգամավորների հետ՝ ցույց տալով, որ դա զատկական սովորույթներից մեկն է:

«Առավոտի» հետ զրույցում հայազգի պատգամավորը փաստեց, որ ոչ Թուրքիայի մեջլիսում, ոչ էլ որեւէ այլ հարթակում մի շարք թեմաներ առողջ մթնոլորտում բարձրաձայնելու եւ բանավիճելու հնարավորություն այս պահին չունեն, բայց դա չի նշանակում, թե լռելու են: Սելինա Դողանը հայտարարեց, որ օրենքի եւ իրենց ունեցած լիազորությունների շրջանակում փորձելու են շարունակել իրենց պայքարը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ

27.09.2016թ.

Լուսանկարում՝ Արագած Ախոյանը եւ Սելինա Դողանը՝ Ջեզաիր կենտրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930