Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահների դանդաղկոտությունը Գյումրիում մեծ վնաս է հասցնում իշխանական թեկնածուին». քաղաքագետ

Սեպտեմբեր 28,2016 18:30

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, գնահատելով Գյումրու արդեն ավարտին մոտեցող նախընտրական քարոզչության շրջանը ու կանխատեսելով 10 կուսակցությունների և մեկ դաշինքի ընտրվելու հնարավորությունները, կարծիք հայտնեց, որ ոչ մի քաղաքական ուժ 50 տոկոս ձայն չունի: Ըստ նրա, այս պահի դրությամբ, եթե որևէ մեկն ասի, որ ինքը 50-ից ավել ձայն ունի, իր թիմով անցնելու է ու ինքն է դառնալու քաղաքապետ, նա տարրական զազրախոս է: Քաղաքագետի կանխատեսմամբ, Գյումրիում առաջնային դիրքերում են ԲՀԿ-ն ու «Բալասանյան» դաշինքը, քանի որ վերջինս ունի և իր կողմնակիցները, և վարչական ռեսուրսները:

Վերջինիս ասելով, Գյումրիում շատ են  չկողմնորոշված կամ հոռետեսական հայացքներով մարդիկ, որոնք հայտարարում են, թե պիտի գնան ու փչացնեն քվեաթերթիկը, որովհետև չեն հավատում արդար ընտրություններին: Գագիկ Համբարյանը համոզված է, որ  ԳԱԼԱ կուսակցությունը ևս կլինի ավագանու կազմում, անցնելու մեծ ռեսուրսներ ունի նաև «Հայկական վերածնունդը», որի թիկունքին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է. նրա փեսան այս ցուցակում է, ՀՅԴ-ն , որը Գյումրիում ամեն ընտրություններում ստացել է 2500-3000 ձայն: Իսկ հիմա, ըստ մեր զրուցակցի, քանի որ Շիրակի մարզպետը ՀՅԴ-ական է, վարչական ռեսուրսներ է օգտագործում, նրանք էլ կունենան իրենց կայուն ընտրազանգվածը: Այնպես որ Գագիկ Համբարյանի ասելով, Գյումրու ավագանին կլինի շատ խայտաբղետ: Քաղաքագետը չի բացառում նաև Վարդան Օսկանյանի ռեսուրսների օգտագործմամբ` նրա  կուսակցության 5 տոկոսի արգելքի հաղթահարումը:

«Այս օրերին մենք տեսանք քարոզարշավի տարբեր դրսևորումներ, կուսակցություններ կային, որոնք իրենց ծրագրերը ներկայացրեցին, կուսակցություններ կային, որոնք ընկան նորագույն տեխնոլոգիաների հետևից. մեր քաղաքը 3D ֆորմատով գեղեցիկ մատուցում են և ուզում են գյումրեցիներին համոզել, որ համակարգչային խաղերի նման կարելի է շատ հեշտությամբ քաղաքը կանաչապատել, կառուցապատել և այլն, և այլն, իշխել էիք, այդ ժամանակ անեիք…Այդ գովազդով հանդես եկող կուսակցությունը լավ է երկնաքերեր չի նկարում Գյումրիի ֆոնին:

Կուսակցություններ կան, որոնք ընտրեցին շատ կեղտոտ քաղաքական պայքարի ձև՝ մարդկանց պաստառների միջոցով ինչ-որ բան հասկացնելով: Պետք է նշեմ, որ այս փոքր քաղաքում ու այս երկրում ոչ ոք մաքուր չէ, բոլորն էլ ինչ-որ անցյալ ունեն, ու այդ անցյալը կարող է և շատերին դուր չգալ: Էդ պաստառ պատրաստողը պետք է հասկանա ինքն ու իր մտերիմներն ինչ անցյալ ունեն, որովհետև այդ պաստառին կարելի էր եռակի, քառակի պաստառով պատասխանել: Ես օրինակ ողջունեցի բակային հանդիպումները, որոնք կազմակերպեցին շատ թեկնածուներ: Սա անմիջական կապ է քաղաքի բնակչության հետ, որովհետև ոչ բոլորն են իր վիճակի գնալ հրապարակներ, ոչ բոլորը ցանկություն ունեն գնալու, և այս բակային հանդիպումները ցույց տվեցին, որ քաղաքական գործիչներն ավելի են շահագրգռված են, որպեսզի իրենք հանդիպեն հասարակ բնակչության հետ, ոչ թե հատուկ կազմակերպեին միտինգներ, հանրահավաքներ, որտեղ մարդիկ հավաքվեին: Սա էլ է կարևոր, որովհետև գյումրեցին պարտադրեց, որ քաղաքական գործիչը գա իր բակ, ոչ թե ինքը գնա քաղաքական գործչին տեսնելու: Սա արդեն Գյումրվա հատուկ մշակույթ է: Ինչ վերաբերում է շանսերին, ասեմ, որ իմ կանխատեսմամբ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական թիմ 50 տոկոս ձայն չունի, ընդհակառակը ֆորս մաժորային իրավիճակ տեղի ունեցավ, տեղի ունեցավ  ողբերգություն ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածուի ընտանիքում: Եվ պետք է նշեմ, որ իշխանությունների դանդաղկոտությունը, իրավապահ համակարգի կողմից ոչ նորմալ լուսաբանումը այս ողբերգության, հասարակության մոտ  տարակուսանք է առաջացնում: Այսօր ընթերցում եմ, որ երիտասարդին ոչ թե նկուղում, այլ ավտոտնակում են սպանել և այլ և այլն: Ես, իհարկե, չեմ ուզում հավատալ այդ ամենին, բայց մեր իշխանություններն ավելի օպերատիվ պիտի արձագանքեն, որովհետև էս տիպի հարցերին չարձագանքելն էլ ավելի մեծ վնաս է հասցնում իշխանական թեկնածուին: Իշխանությունները պետք է սա հասկանան»:

Մեր ճշտող հարցին, թե ինչո՞վ կարող է վնաս լինել իշխանական թեկնածուին, երբ գիտենք, որ Սամվել Բալասանյանը կրիմինալ աշխարհից հեռու է, նորմալ ընտանիք ունի, Գագիկ Համբարյանն ասաց. «Իհարկե, Սամվել Բալասանյանը նորմալ ընտանիք ունի, բայց խնդիրը հետևյալն է՝ մենք ապրում ենք փոքր քաղաքում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իրավապահներին ժամանակ է պետք, որպեսզի հետաքննություն անցկացվի, բայց կան պրիմիտիվ բաներ, որոնց իրավապահները պետք է շատ կտրուկ արձագանքեն: Ինչո՞ւ են թույլ տալիս, որ երկու օր շարունակ մամուլում տարբեր վարկածներ քննարկվի, թե որտեղ են գտել Արշակ Գրիգորյանի դին, իրավապահները բացարձակ չեն արձագանքում, թե ասենք գտնվել է նկուղում, մյուս բոլոր հայտարարությունները սին են, ապատեղեկատվություն են: Իրավապահները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի շատ արագ բացահայտվի այս գործը, հապաղումը, բոլոր բամբասանքները, ասեկոսեները ի վնաս իշխանությունների է, որից կտուժի իշխանական թեկնածուն: Դրա համար իրավապահները շատ օպերատիվ պետք է արձագանքեն մամուլի ամեն մի հրապարակման, գոնե հանդես գան հայտարարությամբ, որ պետք չէ այդ ողբերգությունը շահարկել: Կամ երկու ուժ ասում են, թե ավտոտնակում են գտել, լավ մի հատ արձագանքեք, մենք էլ ճշմարտությունը իմանանք»:

Մեր դիտարկմանը, որ արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, թե Արշակ Գրիգորյանին նկուղում են հայտնաբերել, Գագիկ Համբարյանն ասաց, որ ավելորդ շահարկումներին վերջ դնելու համար մի հատ էլ պետք է հայտարարեն՝ ի պատասխան մամուլում տեղ գտած այլ վարկածների: «Մեր քաղաքը շատ փոքր է, շատ արագ այդ ամեն ինչը տարածվում է, Գյումրին էմոցիոնալ տեղանք է, գյումրեցին պահանջում է, որ իր հետ լինեն անկեղծ, ուղիղ և բաց: Այս քաղաքի բնակիչները ճշմարտության հետևից գնացող են, այս առանձնահատկությունները չպետք է անտեսեն»:

Իսկ զառերով ցուցապաստառը, մեր զրուցակցի կարծիքով, դժվար թե երիտասարդին ինքնասպանության դրդեր, սակայն ավելորդ լարվածություն է առաջացնում երկու թիմերի միջև: Կեղտոտ տեխնոլոգիաները, ըստ Գագիկ Համբարյանի, ընդունելի չեն Գյումրիում, այս քաղաքում կուլ չեն գնում նման երևույթների:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930