Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բենզինի գոլորշիների վնասի հատուցման հարցն էլ հասավ Եվրադատարան

Սեպտեմբեր 29,2016 14:00

Դեռեւս երեք տարի առաջ՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները դատաբժշկական փորձաքննության ենթարկեցին 72-ամյա թոշակառու Հարություն Խաչատրյանին:
Փորձագետներին առաջադրվել էին հետեւյալ հարցերը. արդյոք Հ. Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի՞, եթե այո, ապա հնարավո՞ր է դրանց առաջացումը բենզինի գոլորշիների հետեւանքով:

Փորձագետների մոտ նման հարցադրում առաջացել էր այն պատճառով, որ թե թոշակառուն, թե նրա դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը, թե հարեւանը՝ Հովհաննես Շամրիկյանը, դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին, հայտնելով, թե մայրաքաղաքի Սայաթ-Նովա եւ Ե. Չարենցի փողոցների հատման մասում գտնվող «Արբի եւ Սարգիս» ՍՊ ընկերության բենզալցակայանի գործունեության շնորհիվ իրենց առողջությանը շուրջ տասը տարի վնաս է պատճառվում: Նշենք, որ սույն բենզալցակայանը գտնվում էր նրանց տան ներքեւի հատվածում:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել էին նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:

Սակայն քրեական գործ չէր հարուցվել, իսկ ապա Կենտրոնի դատախազի որոշմամբ կրկին վերացել էր քննիչի կայացրած որոշումը, եւ գործը դարձյալ ուղարկվել էր Կենտրոնականի բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ի դեպ, դիմումատուներից Հարություն Խաչատրյանը գանգատվել էր լեզվի շրջանի սուր ցավերից, աչքերի մրմռոցից, սուր հոտերի նկատմամբ ալերգիայի զգացումից, թթվածնի անբավարարությունից:

Մինչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտվելիս բժիշկներն արձանագրել էին, որ Հ. Խաչատրյանի մոտ նման զգացողությունների առաջացումը հնարավոր է՝ պայմանավորված լիներ «բենզինի գոլորշիներով», իսկ լեզվի տակի կարմրածությունն ու ցավերը՝ միկրոֆլորայով:
Դատաբժիշկները գրեթե հաստատեցին այն, ինչ բուժհաստատությունն էր արձանագրել:

Հարություն Խաչատրյանին «Աէրոֆլեքս» մարզառողջարանային կենտրոնում ֆունկցիոնալ ախտորոշումից հետո նշանակվեց բուժական շնչառական ֆիզկուլտուրայի, ֆիզիոթերապիայի համակցված ծրագիր, 71 հազար ընդհանուր գումարի չափով:
Ի դեպ, դիմումատուներից մեկը, ինչպես նշել էին, Հովհաննես Շամրիկյանն էր:
Ըստ նախաքննության ժամանակ շրջանառված պաշտոնական տեղեկատվության, նա մահացել էր լյարդի ցիրոզից:

Նա մահացել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց բերվելուց մեկ օր հետո:
Մահվան վկայականում նշվել էր, որ հանգուցյալի մոտ կենդանության օրոք հնարավոր էր տարբեր տեսակի թունավորումներ լինեին, այդ թվում եւ՝ բենզինային թունավորումը:
Քրեական գործի հարուցումը մերժվելուց հետո Հարություն Խաչատրյանը, սպառելով ներպետական դատական ատյաններում բողոքելը, դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2013թ. նոյեմբերի 19-ին ՄԻԵԴ-ի քարտուղարությունը պաշտոնապես գրություն ուղարկեց, հայտնելով, թե՝ «Ձեր դիմումին տրվել է վերոհիշյալ գործի համարը: Դատարանը քննության կառնի տվյալ գործն առաջին իսկ հնարավորության դեպքում՝ Ձեր կողմից ներկայացված տեղեկատվության եւ փաստաթղթերի հիման վրա»:

Հ. Խաչատրյանին տեղեկացվել էր նաեւ, որ դատավարությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, եւ. «Ձեր անձնական ներկայությունը կպահանջվի միայն դատարանի համապատասխան հրավերի դեպքում: Դուք կտեղեկացվեք դատարանի ցանկացած որոշման մասին»:

Մեր կենսաթոշակառուն սպասում եւ պահանջում է քառասուն հազար եվրոյի չափով, ինչպես ինքն է նշել՝ «արդարացի փոխհատուցումը»:

Ըստ դիմումատուի, խախտվել էին «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի երկրորդ, վեցերորդ հոդվածները, որով սահմանվում է անձի կյանքի իրավունքը:

Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Իսկ հաջորդ հոդվածով սահմանվում էր անաչառ ու անկախ դատական համակարգի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունքը:
«ՀՀ դատական ատյանները կոպիտ կերպով խախտելով Կոնվենցիայի պահանջները, անտեսել են իմ այն փաստարկները, համաձայն որի՝ նշյալ բենզալցակայանի ապօրինի հանցավոր գործունեության հետեւանքով վտանգի տակ է դրված իմ՝ Հարություն Խաչատրյանի, իմ շրջապատի ողջ բնակչության կյանքը, որ նրանք կյանքից զրկել են Հ. Շամրիկյանին, որ առողջությունս պահպանելու համար կրել եմ նյութական մեծ վնասներ»,-գրված էր ՄԻԵԴ ուղարկված գանգատում:

Ըստ գանգատաբերի, քննչական մարմինը սխալ է գնահատել դատաբժշկական փորձագետների եզրակացությունը, արձանագրելով, թե Հ. Խաչատրյանի վնասվածքը թեթեւ վնասվածք է, երբ փորձագետները նման եզրակացության չեն հանգել:

Տարեց գանգատաբերը հղում է կատարել ՄԱԿ-ի հռչակագրի չորրորդ կետին, համաձայն որի՝ հանցագործությունից տուժողները պետք է ունենան արդարադատության մատչելիության եւ իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք. «Մինչդեռ, ՀՀ դատական ատյանները զրկել են Հ. Խաչատրյանին արդար դատաքննության եւ վնասի հատուցման իրավունքներից»:

«Առավոտին» դիմած թոշակառուն խոսելիս ծանր էր շնչում, դժվարանում էր, կակազում էր, եւ դա, ըստ նրա, առաջացել էր սույն բենզալցակայանի գործունեության ժամանակահատվածում:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930