Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կինը կուրծքը դեմ է տալիս վարչապետին ու ասում `ոչ, ապա նա կարող է կանգնել իր համայնքի կողքին». վստահված անձ

Սեպտեմբեր 29,2016 13:40

Կոտայքի մարզի Գառնի համայնքում որպես գյուղապետի թեկնածու է առաջադրվել Ազատ գետի անխոչընդոտ հոսքի համար պայքարող անկուսակցական Արուսյակ Այվազյանը (լուսանկարում` աջից): Համայնքի ղեկավարի ընտրություն այս համայնքում տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:

«Նոյյան տապան» մամուլի սրահում անկուսակցական թեկնածուն հայտնեց, որ տարբեր կուսակցություններ առաջարկել են իրեն առաջադրվել իրենց կողմից, սակայն նա մերժել է ու որոշել ինքաառաջադրվել: Արուսյակ Այվազյանը պարզաբանեց. «Ես կառաջնորդվեմ իմ համայնքի ձայնով: Մտածելով, որ մեր տեղական մարմինները չեն կարողանում դիմակայել իշխանությանը ենթարկվելու արհավիրքին`ասացի` գուցե մենք փորձենք, ուստի որոշեցի առաջադրվել, ու եթե դառնամ համայնքի ղեկավար, ոչ թե կլինեմ ղեկավար մարմինների կամակատարը, այլ կառաջնորդվեմ իմ համայնքի ձայնով:

Տարբեր կուսակցություններ առաջարկել են, որ ես առաջադրվեմ իրենց կողմից, բայց կտրուկ մերժել եմ, ցանկացել եմ ինքնաառաջադրվել: Եթե նրանք են առաջադրողը լինում, հետագայում դառնում են թելադրողը, իսկ ես չեմ ուզում որևէ մեկի թելադրանքի տակ աշխատել: Իմ կուսակցությունն իմ համայնքն է, ազգն ու հայրենիքը»:

Տիկին Այվազյանը նշեց, որ նախ սկսելու են գառնեցիների խմելու ջրի հիմնախնդրից. «Գառնին հարուստ է խմելու ջրով, բայց մարդիկ այժմ օրերով, ամիսներով մնում են առանց խմելու ջրի: Նախ այդ խնդրին ենք լուծում տալու: Հետո զբաղվելու ենք ոռոգման ջրի հարցով, մարդկանց ապահովելու ենք որակյալ բժշկական ծառայություններով»:

Արուսյակ Այվազյանն ունի 12 վստահված անձ: Նշեց, որ միտումնավոր նրանց բոլորին ընտրել է այլ համայնքներից, որպեսզի Գառնիում ավելորդ լարվածություն չմտցնի:

Վստահված անձանցից Գրիզելդա Ղազարյանն այս առիթով նշեց. «Արուսյակ Այվազյանին նոր եմ ճանաչում:

Ինձ գրավեց նրա համարձակությունը: Եթե կուրծքը դեմ է տալիս վարչապետին ու ասում`ոչ, ապա այդ կինը կարող է կանգնել իր համայնքի կողքին: Միշտ սիրել եմ գառնեցիներին իրենց անցյալի շնորհիվ»: Մյուս վստահված անձին` Արմինե Պետրոսյանին հիացրել է Արուսյակ Այվազյանի` բուրգի դեմ պայքարը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930