Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հեքիմյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին. «ԱԺ նիստերին մասնակցում է մի անձ, որի լեգիտիմությունը կասկածի տակ է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 15:05

«Խնդիրը առկա է դեռ 2012 թվականից»,- սեպտեմբերի 29-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը:

Նա նշեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, ըստ լրագրողական հետաքննությունների, ենթադրելի է, որ Վանաձոր քաղաքը ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում տեղի է ունեցել քաղաքական պատվերով իրականացված պետական մասշտաբի հանցագործություն, որը շարունակվում է առ այսօր. «Ի թիվս այլոց, թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաեւ Էդմոն Մարուքյանը, որը թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրել է ի թիվս այլ փաստաթղթերի տեղեկանք, որ նա վերջին հինգ տարում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունեցել է ընտրության իրավունք եւ մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում: Տեղեկանքը նա ստացել է Վանաձորի ոստիկանության անձնագրային բաժանմունքից:

Դրանից հետո Էդմոն Մարուքյանը հանրության է ներկայացրել իր կենսագրությունը, որտեղ հենց ինքը նշել է մի հանգամանք, որ 2009-2010 թվականներին սովորել է Մինեսսոտայի համալսարանում՝ Մարդու իրավունքների կենտրոնում: Այսինքն՝ հենց պատգամավորության թեկնածուն ի սկզբանե հայտարարել է, որ ինքը վերջին հինգ տարիներին չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Դրան հաջորդեց թվով հինգ լրագրողական հետաքննություն, ինչպես նաեւ մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ Էդմոն Մարուքյանը առնվազն 1 տարի 17 օր մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում»:

Կարեն Հեքիմյանի խոսքերով՝ չնայած, որ մամուլի հրապարակումներում առկա էին հանցագործության մասին հաղորդագրություններ, սակայն իրավապահ մարմինները դրանց անուշադրության մատնեցին. «Ստացվում է, որ մինչեւ հիմա Ազգային ժողովի նիստերին մասնակցում է մի անձ, պատգամավոր, որի լեգիտիմությունը, մեղմ ասած, կասկածի տակ է: Ավելին՝ լեգիտիմության խնդիր ունեն նաեւ այն բոլոր իրավական ակտերը, որոնք այս ընթացքում ընդունել է Ազգային ժողովը, քանի որ այդ մարդը քվեարկել է տարբեր օրինագծերի, ինչպես նաեւ իրավական ակտերի օգտին, դեմ կամ ձեռնպահ»:

Կարեն Հեքիմյանը նշեց, որ մի շարք լրագրողներ տեսնելով, որ իրավապահները իրենց հրապարակումները անուշադրության են մատնում, դիմել են Քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությանը, որպեսզի համատեղ ուժերով ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումները: Ներկա էր լրագրող Գոհար Վեզիրյանը, որի անունը նա նշեց, թե իբր դիմել է իրեն: Սակայն լրագրողը տեղում հերքեց, թե ինքը դիմել է Կարեն Հեքիմյանին:

Վերջինս հայտնեց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի հարցմանը ի պատասխան ԱՄՆ դեսպանատունը հաստատել է այն հանգամանքը, որ Էդմոն Մարուքյանը 2009-2010 թվականների ընթացքում սովորել է Մինեսոտայի համալսարանում:

Կարեն Հեքիմյանը հայտարարեց, որ իրենք որոշել են դիմել Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի նրանք դիմեն մի քանի մարմինների, օրինակ՝ ԱԱԾ, ոստիկանություն: Նա ընդգծեց, որ անմիջապես մամուլի ասուլիսից հետո պատրաստվում են դիմել նաեւ դատախազություն՝ պարզելու համար, թե շուրջ չորս տարի հրապարակումներից հետո ինչու քրեական գործ չի հարուցվել: Քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունը առաջարկում է նաեւ ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի խնդիրը:

Aravot.am-ը այս մասին զրուցել է նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Նրա մեկնաբանությունը՝ հաջորդիվ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930