Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզը» տիրապետում է Հայաստանի ԶԼՄ-ների գովազդային շուկայի 74 տոկոսը

Սեպտեմբեր 29,2016 19:44

«Գաղտնիք չէ, որ գոնե պաշտոնապես լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրը համարվում է գովազդը, փորձել ենք ուսումնասիրել գովազդային շուկայի կառուցվածքը»,- սեպտեմբերի 29-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Հայաստանյան ԶԼՄ-ների գովազդի շուկայի կառուցվածքը եւ ազատականացման հնարավորությունները» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա նշեց, որ ուսումնասիրության համար ընտրել են հիմնական լրատվամիջոցների խումբը՝ հեռուստատեսություն, առցանց լրատվամիջոցներ եւ ռադիո: Այն հանգամանքը, որ տպագիր լրատվամիջոցները ներառված չեն, Աղասի Ենոքյանը բացատրեց, որ նրանք շատ փոքր տեղ են զբաղեցնում Հայաստանի մեդիա շուկայում, նամանավանդ, գովազդային շուկայում:

Ուսումնասիրությունները կատարվել են 2016 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում: Աղասի Ենոքյանն ասաց, որ հեռուստատեսային գովազդի դեպքում առանձին ուսումնասիրել են գովազդատուների եւ գովազդը գնողների շուկաները. «Վաճառողների շուկայում տեսել ենք, որ կա այսպիսի կազմակերպություն, որը կոչվում է «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ», որը որ հանդիսանում է sales house, այսինքն՝ նա ունի բացառիկ իրավունքներ 5 հեռուստատեսության համար գովազդ վաճառելու: Ըստ մեր տվյալների, տիրապետում է Հայաստանի գովազդային շուկայի 74 տոկոսը: Sales house-ը ծառայում է որպես միջնորդ կազմակերպություն հեռուստատեսության եւ գովազդատուների միջեւ:

Sales house-ը մի կողմից թեթեւացնում է հեռուստատեսությունների գործը՝ նրանք այլեւս ստիպված չեն գովազդների, մարքեթինգային բաժիններ պահել, բայց մյուս կողմից, փաստորեն, ունենալով շատ լուրջ ռեսուրսներ, տվյալ դեպքում՝ լրատվական հարթակներ, sales house-ը կարողանում է  ամբողջ գովազդային հոսքը կամ հոսքերի մեծ մասն ուղղել դեպի այն ալիքները, որոնք որ մտնում են իր կազմի մեջ: Տվյալ դեպքում «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ» ընկերությունը գերիշխող դիրք ունի շուկայում: Եվ եթե նայում ենք նրանց պաշտոնական գնացուցակը, իրենք չարաշահում են իրենց գերիշխող դիրքը. իրենք իրենց գովազդատուներին պարտադրում են, որ միայն իրենց ալիքներով գովազդ տան: Եթե դու միայն իրենց ալիքներով ես գովազդ տալիս, կարծեմ մինչեւ 35 տոկոս զեղչ են տալիս, իսկ եթե մի մասը տանում ես ուրիշ ալիք, այդ զեղչը վերանում է»:

Անդրադառնալով ռադիոյին՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ ռադիոշուկան մեծ չէ՝ կազմում է հեռուստաշուկայի մոտավորապես 6-7 տոկոսը. «Այստեղ գովազդը վաճառում են մի քանի խմբեր, որոնք որ նույն  իրավունքներն ունեն ռադիոալիքների նկատմամբ, վաճառում են գովազդը 2-3 ռադիո միավորված: Սա ամենաարդյունավետ ձեւն է»:

Աղասի Ենոքյանը հավելեց, որ առցանց լրատվամիջոցների դաշտում վերջերս հայտնվել է sales house՝ «Դի Ջի Սեյլզ»: Սակայն, քաղաքագետի կարծիքով՝ այստեղ վիճակը երկիմաստ է, քանի որ կան նաեւ «Google» եւ «Facebook» ընկերությունները, որոնք եւս զբաղվում են գովազդով, եւ դժվար է ասել, թե արդյոք շուկայում կա մենաշնորհ. «Որոշ դեպքերում կան փոխկապակցված անձինք, մասնավորապես՝ «Շարմ» ընկերության խոշոր սեփականատերերից մեկը նաեւ Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է, «Դի Ջի Սեյլզի» խոշոր սեփականատերը նաեւ «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզի» սեփականատերն է: Սա նշանակում է, որ այդ երկու մեդիադաշտը իրար հետ փոխկապակցված են: Փաստորեն մոնոպոլիզացիան զուգահեռ չի գնում, բայց միասնական է գնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930