Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը նոր սպասարկման կենտրոն բացեց «Տաշիր» առեւտրի կենտրոնում

Սեպտեմբեր 30,2016 15:00

ՀԷՑ-ի նոր կառավարիչն իր առջեւ խնդիր է դրել չարաշահումները վերացնել եւ ներդրումների շնորհիվ ցանցը վերազինել

Ինչպես որ նախատեսվում էր, երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը «Տաշիր» առեւտրի կենտրոնի առաջին հարկում բացեց եւս մեկ սպասարկման կենտրոն:

«Հրավիրում ենք մեր բոլոր քաղաքացիներին, բաժանորդներին ավելի քաղաքակիրթ սպասարկման: Այս կենտրոններն իրենց հետ մի նոր կուլտուրա կբերեն էներգետիկայի, բաշխիչ համակարգերի ոլորտում»,- ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, որը կտրեց սպասարկման նոր կենտրոնի կարմիր ժապավենը: Այս կենտրոնը թվով երկրորդն է. մոտ երկու շաբաթ առաջ «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրոնում բացվեց հաճախորդների սպասարկման առաջին կենտրոնը:

«Առավոտի» հարցին, թե երկու շաբաթվա ընթացքում քաղաքացիները ինչպիսի՞ հարցերով են դիմել ՀԷՑ-ի սպասարկման կենտրոն, պարոն Հարությունյանն ասաց, որ քաղաքացիների մեծ հոսք չի եղել, ինչը բնական է, քանի որ ավանդույթի ուժով մարդիկ դեռեւս ավելի շատ գնում են ՀԷՑ-ի տեղամասային կետեր. «Ավելի շատ գերակայում է նոր բաժանորդների հետ պայմանագրերի կնքումը, առկա խնդիրների մասով էլ` հարցումներ եւ պարզաբանումների ստացումը»:

Ինչպես մեկ անգամ արդեն նշել էր պարոն Հարությունյանը, սպասարկման կենտրոնի հիմքում դրված է «հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու գաղափարը»:

«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այս սպասարկման կենտրոնները ընկերության համար էլ հանդիսանալու են տեղեկատվության աղբյուր` թե ինչպիսի խնդիրներ կան, ինչ է կատարվում ընդհանուր օղակում, եւ դրանք վեր հանելով՝ փորձեն արդյունավետ լուծումներ գտնել:

Պարոն Կարապետյանն ասաց, որ ՀԷՑ-ի նոր կառավարիչն իր առջեւ խնդիր է դրել չարաշահումները վերացնել եւ ներդրումների շնորհիվ ցանցը վերազինել. «Հայտնի է, որ մեր թիմի առաջին տարվա աշխատանքի արդյունքում ՀԷՑ-ի պարտքը, կորուստները շեշտակի նվազել են, եւ ներկայումս հիմնական խնդիրը չարաշահումների վերացումն է, հնամաշ համակարգի նորացումը, ինչի արդյունքում էլ կորուստները կրճատվում են»:

Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ հնարավոր չէ չարաշահումներն ուղղակի կառավարել համակարգով, պետք է ունենալ հետադարձ կապ պոտենցիալ էլեկտրաէներգիա սպառողների հետ. «Այդ միջոցով մենք կարող ենք ստանալ տեղեկատվություն չարաշահումների, խնդիրների մասին եւ գնալով այդ խնդիրների հետեւից՝ դրանք լուծել: Միայն այս դեպքում մենք կկարողանանք ունենալ բավականին թափանցիկ աշխատող էներգետիկ ընկերություն Հայաստանում»:

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ քանի որ ընկերությունն ունի մենաշնորհային դիրք, հիմնականում ղեկավար կազմը պետք է կարողանա հավասարակշռել ընկերության տեղային աշխատակիցներին եւ հենց ղեկավար կազմում ունենա ուղիղ կապ սպառողների հետ. «Մայրաքաղաքում բացված սպասարկման կենտրոնները հենց այդ նպատակն են հետապնդում»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի նոր «սմարթ» հաշվիչներին, որից օգտվում է շուրջ 2000 բաժանորդ, որոնք հնարավորություն ունեն իրենց հեռախոսների միջոցով շուրջօրյա տեղեկատվություն ստանալու իրենց սպառած էլէներգիայի վերաբերյալ, Նարեկ Կարապետյանն ասաց, որ այդ հաշվիչները հիմնականում Երեւան քաղաքինն են փոխարինվելու:
 «Այդ հաշվիչներն արտադրվում են Հայաստանում, եւ հիմնական նպատակն այն է, որ հաշվիչների միջոցով տեխնիկական կորուստները կրճատվեն: Ճիշտ է, բավականին թանկ հաճույք է, մեծ ներդրումներ է պահանջում, բայց երկու-երեք տարիների ընթացքում ամբողջությամբ կվերազինենք քաղաքը, ինչի շնորհիվ կունենանք ավելի արդյունավետ աշխատող էներգահամակարգ»:

4-i-verev

Կարեն Հարությունյանը տեղեկացրեց, որ եկող շաբաթ տեղի կունենա վճարումների նոր համակարգի շնորհանդեսը: Վճարումների առցանց համակարգը, ինչպես պարոն Հարությունյանն ասաց, թույլ կտա առայժմ հանրապետության քաղաքներում եւ առայժմ «Հայփոստի» եւ «Արդշինբանկի» հետ համագործակցության շրջանակներում կատարել
ցանկացած վճարում:

Եթե պայմանագրային կետում կա նշված հեռախոսահամարը, ապա բաժանորդի մոտ կերեւա էլեկտրաէներգիայի պարտքը, առցանց վճարումը եւ վճարումից հետո` պարտքը. «Այսինքն` առավելագույնս կկիրառվեն տեխնիկական նվաճումները»:
Ի դեպ, սպասարկման կենտրոններում տեղադրված է կառավարման վահանակ, որի միջոցով քաղաքացիները կարող են կոմունալ վճարումներ կատարել` 0% պահումով: Սրահներում նախատեսվում են նաեւ էլեկտրոնային վահանակներ, որոնցում կլուսաբանվեն ոլորտին առնչվող քաղաքացիներին հուզող բոլոր հարցերն ու դրանց պատասխանները:

Սպասարկման կենտրոններում հաճախորդները տեղեկատվություն կարող են ստանալ նաեւ պարզ, հասկանալի լեզվով գրված ուղեցույցների միջոցով: Նշենք, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնում բացված սպասարկման կենտրոնը կգործի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-20:00-ը:
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում շաբաթ օրերին էլ կատարվում է քաղաքացիների ընդունելություն: Կարեն Հարությունյանը դրական է համարում, որ ընդունելության սպասող հաճախորդների թիվը գնալով նվազում է:

Հարցին, թե քանի՞ նման սպասարկման կենտրոն է նախատեսվում, պարոն Հարությունյանն ասաց, որ առաջիկա ամիսների ընթացքում կբացվեն եւս 3 սպասարկման կենտրոններ: Մարզերում կենտրոնները տեղակայված կլինեն Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, հետո աստիճանաբար մյուս համայնքներում եւս դրանց թիվը կավելանա:

Յուրաքանչյուր սպասարկման կենտրոնում աշխատողների թիվը կլինի ոչ պակաս, քան երկուսը: Երեւանի սպասարկման կենտրոններում նվազագույնը 3 աշխատակից կլինի եւ մեկն էլ` փոխարինող:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

29.08.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930