Լրահոս
Օրվա լրահոսը

Հո՞ղ հանձնել, հրաժարակա՞ն տալ, թե՞ մանեւրել

Սեպտեմբեր 30,2016 16:30

Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ոչ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց մի փաստաթղթի համար, որին ըստ էության գնացին նաեւ հաջորդ նախագահները, բայց չկրկնեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի «սխալը»: Օրինակ՝ Կազանյան փաստաթուղթը միայն վերջերս բացահայտվեց, թե ինչ էր իրենից ենթադրում, եւ ինչի շուրջ էին բանակցում:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը, դրա համար միջնորդները ստիպված այս կամ այն գաղափարները ներառում են այս կամ այն մոտեցման մեջ: Բայց գոյություն ունի բանակցությունների ոսկե կանոն՝ համաձայնեցված չէ ոչինչ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ: Հետեւաբար բոլոր այդ սպեկուլյացիաները, մի կողմից՝ այդ պոռթկումները դրական ազդեցություն ունեն, որովհետեւ ցույց են տալիս ազգի իմունային համակարգը, բայց մյուս կողմից՝ ահագին պրովոկատորներ քանդում են այս ազգի ուժը՝ նման գաղափարներն անընդհատ շահարկերով, կեղտոտ, ստահոդ լուրեր տարածելով: Ամեն ինչ համաձայնեցված չէ: Հիմա միջնորդները ստիպված են ներառել այս կամ այն մոտեցումը, որը կողմերը առաջարկում են, նույն Ադրբեջանը: Բայց քանի որ վերականգնված չի լիարժեք բանակցային գործընթացը, Արցախը մասնակից չէ, ուրեմն համաձայնեցված չէ որեւէ բան»:
Մեր հարցին՝ այն ժամանակ ուժայինները ուժեղ էին եւ ազդեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, հիմա Սերժ Սարգսյանի վրա այդ հակազդեցությունը չկա, դա լա՞վ է, թե՞ վատ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Քանի որ չկա կոնկրետ ինչ-որ առաջարկ, ընդհանրապես չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է գնալ մի քայլի, որը ապազգային է: Սրանք պարզապես շահարկումներ են, որոնք տեղ են գտնում, ուրիշ ոչ մի բան»:

Նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեր հարցին՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դիվանագիտորեն ավելի ճի՞շտ վարվեցին, որ բանը չհասավ հրաժարականին, պատասխանեց. «Նախորդները, որքան էլ ես քննադատել եմ իրենց քաղաքականությունն ու ընդունած փաստաթղթերը, ժամանակի իմաստը ավելի լավ գիտեին, գիտեին օգտագործել հանուն ազգային շահի: Ներկա դրությամբ մենք գործ ունենք իշխող հոգեբանության հետ, որ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ՝ ես եթե կարողանամ իմ իշխանության վերարտադրումն ապահովեմ, ուրեմն ի՞նչ կա որ: Դրա համար այս ներքին եւ արտաքին հանգամանքները կապված են իրար հետ: Բոլոր դեպքերում, եթե լուծում չգտնվի, նորից պոռթկում կլինի, վստահ եմ: Արտաքին չափում կա, եւ այդ արտաքին չափումը օրերից մի օր ջրի երես կգա»:

Մեր հարցին՝ ձեր դիվանագետի հոտառությունն ի՞նչ է ասում՝ պետերբուրգյան հանդիպումներից հետո այսօր «լավրովյան փաստաթո՞ւղթն» է դրված բանակցությունների սեղանին, նա պատասխանեց. «Փաստաթուղթ կամ ոչ փաստաթուղթ՝ խոհերի կույտ կա, որն արտացոլված է գրավոր կամ բանավոր, որի շուրջ գնում է խոսքը: Դրա շուրջ ՌԴ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումներն իրար մոտ են, եւ ամենաապշեցուցիչն այն է, որ հայկական իշխանական շրջանակներ կան, որ համարում են, որ դա կարելի է քննարկել: Եթե համապատասխան փաստաթուղթը չարտացոլի Հայաստանի շահը, Արցախի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դա ոչ թե խաղաղության փաստաթուղթ է լինելու, դա պիտի լինի պատերազմի վերսկսման փաստաթուղթ»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց. «Ես չեմ համարում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սխալ է վարվել: Իրավիճակներն են տարբեր: Հետպատերազմյան երկրներում ուժայինները բավականին մեծ ազդեցություն են ունենում: Եվ եթե հիշում եք, մենք ունեինք ե՛ւ Վանո Սիրադեղյան, ե՛ւ Վազգեն Սարգսյան, որոնք հավասար էին գնում ըստ էության: Եվ նրանք դեմ դուրս եկան Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ ի՞նչ պիտի աներ Լեւոն Տեր Պետրոսյանը: Նա ասաց՝ ես պատերազմ չեմ ուզում իմ երկրի ներսում:

Մարդը հրաժարական տվեց եւ գնաց: Հիմա այլ իրավիճակ է: Հիմա Սերժ Սարգսյանի դեմ չի աշխատում անվտանգությունը, չի աշխատում ոստիկանությունը, չի աշխատում պաշտպանության նախարարությունը: Այսինքն՝ ամեն ինչ Սերժ Սարգսյանի կողմից, ըստ էության, վերահսկվում է: Եվ դա էլ է բնական: Մենք ահագին հեռացել ենք պատերազմական տարիներից: Եվ նույնը ակնկալել Սերժ Սարգսյանից, կարծում եմ, անիմաստ է, որովհետեւ նա այսօր դեռ տիրապետում է իրավիճակին՝ ուժայինների մասով: Ես ամեն իրավիճակում օբյեկտիվ եմ փորձում լինել եւ ասում եմ այն, ինչ ստեղծված իրավիճակի մեջ կարելի է ասել»:

Լյուդմիլա Սարգսյանը տարածքներ հանձնելու հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց. «Ես որեւէ կերպ չեմ պատկերացնում տարածքների հանձնումը: Ինձ համար Արցախին հարող բոլոր շրջանները կարեւոր են՝ դիրքային եւ տարածքային առումով: Բայց նաեւ գիտակցում եմ, որ բանակցել նշանակում է ինչ-որ բան զիջել՝ ինչ-որ բան ստանալու դիմաց: Եվ, բնականաբար, եթե Արցախի անկախությունը կճանաչի աշխարհը, նաեւ Ադրբեջանը, դա պիտի արվի ինչ-որ զիջման արդյունքում: Բայց թե ինչ զիջման սահմաններ կլինեն՝ չեմ կարող ասել: Իհարկե, մեզ համար նախընտրելի կլիներ, որ մենք ամեն կերպ ջախջախեինք Ադրբեջանին, եւ որեւէ զիջման խոսակցություն ընդհանրապես չլիներ: Բայց մեր երկրի ընդհանուր իրավիճակից ելնելով՝ այդ հնարավորությունը դեռ մենք չունենք: Եթե ստատուս քվոն պահպանվի եւ բավականին երկար տարիներ ձգվի, հնարավոր է, որ մենք՝ որպես երկիր, կկարողանանք ավելի ուժեղ դիմակայել բանակցությունների ժամանակ, եւ զիջումը կլինի շատ ավելի քիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

29.08.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930