Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների աննախադեպ խախտումներ են արձանագրվել». Հայկուհի Հարությունյան

Սեպտեմբեր 30,2016 16:16

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց, որ այս տարվա հուլիսի 17-30 ընկած հատվածում Հայաստանում արձանագրվեցին մարդու իրավունքների աննախադեպ խախտումներ:

Ըստ նրա, երբեւէ այդ մասշտաբայնությամբ խախտումներ չէին հանդիպել. «Առաջինն ու հիմնականը խախտվեց մարդու խաղաղ հավաքներ իրացնելու իրավունքը ե՛ւ մասնակցության, ե՛ւ կազմակերպելու առումով, ինչպես նաեւ պետության պարտավորությունը խաղաղ հավաքների ապահովման առումով բացարձակ չգործեց: Հավաքի մասնակցելու իրավունքի խախտմանը զուգընթաց ոստիկանների կողմից կամայական գործողություններ էին իրականացվում քաղաքացիների նկատմամբ, նրանց անօրինական ձեւով բերման ենթարկեցին մինչեւ 32 ժամ պահեցին ոստիկանության բաժանմունքներում, սրան զուգընթաց՝ վատ վերաբերմունք, անհասանելիություն՝ զուգարանին, ջրին, ուտելիքին, իրավաբանական օգնություն ստանալուն, այսինքն, քաղաքացիների ազատության անձեռնմխելիությունը խախտվեց»:

Հայկուհի Հարությունյանի խոսքով, հուլիսի 20-ից սկսած նաեւ կեղծ քրեական գործեր հարուցվեցին հավաքի մասնակիցների ու հատկապես այն մասնակիցների նկատմամբ, որոնք որոշակի դերակատարություն ունեցան ելույթների կամ մարդկանց հավաքելու առումով.«Բազմաթիվ կադրեր կան, երբ պատահական անցորդներն ուղղակի բերման են ենթարկվել ոստիկանություն: Նկատելի էր նաեւ խախտումներ լրագրողների նկատմամբ, ես կասեի՝ կոպտագույն խախտում մամուլի ու խոսքի ազատության նկատմամբ: Ոստիկանության հետ ակտիվորեն գործող քաղաքացիական անձանց կողմից տուժեցին լրագրողները՝ նաեւ ֆիզիկապես: Փաստաբանների մասնագիտական գործունեությունն էլ է խոչընդոտվել, նույնիսկ նվաստացուցիչ վերաբերմունք է դրսեւորվել, փաստաբաններին մերժում էին ոստիկանության շենք մտնել՝ նույնիսկ եղել է դեպք՝ երբ հորդառատ անձրեւի ժամանակ շենք չեն թողել մտնել: Ճնշումներ են եղել ընդհուպ մինչեւ ֆիզիկական ոտնձգություն: Այնուհետեւ հաջորդել է արդար դատաքննության իրավունքը:

Հուլիսյան դեպքերի ժաման, ըստ Հայկուհի Հարությունյանի, բերման է ենթարկվել 730 քաղաքացի. «Արագ արձագանքման ձեւով փորձել ենք օժանդակել բերման ենթարկված քաղաքացիներին: Ունենք ավելի քան քսան տուժողների մասնակցությամբ գործընթաց ՀՔԾ-ում»:

Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, ավելի հեշտ է ասել՝ որ իրավունքները չեն խախտվել, քան թվել, թե որ իրավունքներն են խախտվել. «Իրավունքների մի փունջ խախտվեց, որը Սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով են ամրագրված»:

Նրա խոսքով, այժմ իրականացնում են վեց տուժողի պաշտպանություն եւ վեց անձի պաշտպանություն, որոնց նկատմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու կամ իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար մեղադրանք է առաջադրվել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, թե տարեցտարի նկատվում է իրավիճակի վատթարացում. «Եթե 2014-ին ոստիկանության ստացված տեղեկությունների համաձայն 52 քաղաքացի էր բերման ենթարկվել խաղաղ հավաքներից, անցած տարի՝ 380, այս տարի թիվն անցել է 900-ից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930