Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի հաշվին է Հայաստանը 3 կետով առաջ գնացել մրցունակության զեկույցում. Պարզաբանում է տնտեսագետը

Սեպտեմբեր 30,2016 21:13

Մրցունակության համաշխարհային այս տարվա զեկույցի  համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ աշխարհի 138 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ 3 կետով բարելավելով դիրքերը:

Չնայած 3 կետով առաջընթաց ունի Հայաստանը, սակայն դիրքերը բավականին զիջում է հարեւան Վրաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային:

Մակրոտնտեսական միջավայր հենասյունով մեր երկիրը 16 կետով իջել է, շուկայի չափ հենասյունով էլ մեր երկիրը նախորդ տարվա համեմատ 4 կետով է զիջել դիրքերը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցին եւ մեր երկրի գրանցած ցուցանիշներին, նկատեց, որ Հայաստանը ծայրահեղ բացասական գործոնների տակ է եղել՝ Ռուսաստանի տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացումը, դրանով պայմանավորված մասնավոր տրանսֆերտների ներհոսքի շոշափելի նվազումը, որոնք անդրադարձել են մակրոտնտեսական, վճարունակ պահանջարկի եւ տնտեսական աճի վրա: «Այս տարվա 2.2 % տնտեսական աճը, իսկ նախորդ տարիներին՝ 3%-ի շրջանակներում, հետո մակրոտնտեսական պարամետրը, որը եւս բացասական ընթացք է ունեցել, արտաքին պարտքի կտրուկ աճը, այն ներկայումս 5 միլիարդ 400 միլիոն դոլարի սահմաններում է, հետագայում էլ աճ է նախատեսվում:

Այսինքն՝ մակրոտնտեսական հավասարակշռությունը, հատկապես բյուջետային հավասարակշռությունը պահպանելու նպատակով ներգրավել են արտաքին միջոցներ, եւ այդ կերպ հնարավոր է եղել ապահովել տնտեսական սիստեմի կայունությունը: Ինչ վերաբերում է մնացած հենասյուներին, ապա Հայաստանը մրցունակության այդ 12 հենասյուներում մի շարք ուղղություններով բավական կայուն տեղ ունի: Օրինակ՝ տեխնոլոգիական պատրաստվածության, ինստիտուցիոնալ փոփոխությունների, նոր բիզնեսի գրանցման մասով, ֆինանսական շուկայի զարգացվածությամբ»,-ասաց պարոն Մարգարյանը: Ֆինանսական շուկայի զարգացվածության հենասյունով մեր երկիրը 4 կետով առաջընթաց է գրանցել:

Պարոն Մարգարյանի ներկայացմամբ՝ սա ոչ միայն բանկային հատվածն է, ֆինանսական շուկան նաեւ ներառում է հատկապես կորպորատիվ արժեթղթերի շուկայի վիճակը, որը տնտեսագետը բարվոք չի համարում: Բանկային համակարգը միայն մեկ հենասյունն է այդ ոլորտի, այս տեսանկյունից էլ, ըստ տնտեսագետի, խնդիր կա ներդրումները խթանելու, ձեռնարկատիրությանն աջակցելու, նոր ռեսուրսներ ներգրավելու՝ հատկապես արտաքին աղբյուրներից ներգրավելու առումով.

«Ներդրումների երկու հիմնական ձեւ կա՝ ուղղակի ներդրումներ, որոնց հարցում այսօր զարգացող, անցումային երկրները մեծ ակնկալիքներ չպետք է ունենան, որովհետեւ այս խնդիրներն ունեն նաեւ զարգացած երկրները: Նրանք հիմա միմյանց շուկաներում են ներդրում անում, քան զարգացողներում, հետեւաբար պետք է 2-րդ վեկտորն օգտագործել, հատկապես կորպորատիվ արժեթղթերի: Այսինքն՝ ընկերություններն, իրենք եւս պետք է աշխատեն դուրս գալ արժեթղթերի շուկա, էմիսիա անել եւ այդ կերպ ներդրումներ ներգրավել: Խոսքը վերաբերում է մեր հաջողակ ընկերություններին: Այստեղ ոչ միայն ցանկության հարց է, այլեւ մտածելակերպի անհրաժեշտություն կա»:

Պարոն Մարգարյանը նշեց, որ ըստ զեկույցի, գործարարության կատարելագործման, բիզնես մոդելների առումով 16 կետով առաջընթաց կա, բայց շոշափելի, տեսանելի չէ թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել բիզնեսի վարքագծում, բիզնեսի կազմակերպման ոլորտում ինչպիսի՞ էական փոփոխություններ են եղել. «Համենայնդեպս, այս թիվը՝ դրական փոփոխությունների ինդեքսը, ինձ համար պարզ ու հասկանալի չէ»:

Շուկայի չափի հենասյունով 4 կետով նվազումը, պարոն Մարգարյանը կապում է ներքին շուկայի՝ վճարունակ պահանջարկի սահմանափակման հետ: Այսինքն՝ այն գումարը, որ բնակիչների ձեռքում տարբեր եկամուտների տեսքով հայտնվում էր, այդ թվում նաեւ արտաքին աղբյուրներից, ձեւավորում է որոշակի պահանաջարկվածին գործոններ, մյուս կողմից առաջարկողները կրճատում են վաճառքի ծավալները: Պահանջարկի եւ առաջարկի բացասական միտումները հանգեցրել է շուկայի նեղացման:

Վերջապես, ինչի՞ հաշվին է Հայաստանը մրցունակության համաթվով 3 կետով առաջ գնացել, մեր այս հարցին ի պատասխան տնտեսագետը պատասխանեց.«Հենասյուների ցանկը մեծ է, ամեն մի հենասյուն էլ իր հերթն բացվում է: Հատկապես ինստիտուցիոնալ փոփոխությունների մասով է նպաստել այդ առաջընթացին, բիզնես դաշտի գործարարության կատարելագործման համաթվով էլ, եւ թերեւս ամենամեծ առաջընթացը տեխնոլոգիական նորարարությունների մասով է, ինովացիոն ոլորտի, որովհետեւ Հայաստանն այս սեգմենտում մեծ պոտենցիալ ունի, իր հնարավորությունների մի փոքր մասն է օգտագործում, ու նույնիսկ այդ փոքր մասով կարող են Հայաստանի մրցունակության դիրքը մղել դեպի վեր»:

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ եթե նոր կառավարությունը, որը հայտարարում է աշխատեղերի , ներդրումների ավելացման մասին, տնտեսության զարգացման մոդելը տանելու մտադրությունների մասին է խոսում, պետք է ուշադրությունը բեւեռի հենց այս հենասյունը զարգացնելուն՝ սկսած կրթական ոլորտից, տեխնոլոգիական մշակումների ոլորտից, ինովացիոն, պատենտավորման ոլորտներից ու այդ սեգմենտը զարգացնելու վրա շեշտը դնի, որը մրցունակ աշխատատեղեր են, բարձր եկամուտներ են, հետևաբար բյուջեի եկամուտներն են՝ տարբեր մասհանումների տեսքով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930