Ո՞ւմ է խանգարում մահացած Լեւոն Խեչոյանը

Ո՞ւմ է խանգարում մահացած Լեւոն Խեչոյանը

Կամ Գրողների միության ու գրականության ինստիտուտի մոռացկոտության մասին

Հայաստանի գրողների միությունը եւ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը համատեղ հոկտեմբերի 3-ին կազմակերպում են «Արցախյան շարժման արտացոլումը հայ գրականության մեջ» խորագրով գիտաժողով, որը նվիրված է  Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին: Գաղափարն, իհարկե, փայլուն է, եւ արդարացված` ամեն ինչ Արցախամարտի պրիզմայից դիտարկելը: Ուրախությամբ ձեռքս վերցրի գիտաժողովի ծրագիրը ու մեծ հիասթափություն ապրեցի. Անդրադարձ կար ընդամենը մեկ-երկու հայտնի անունի, մնացածը, իմ սուբյեկտիվ կարծիքով,  ոչ նշանակալի հեղինակներ էին:

Ի թիվս այլոց, զեկուցումների հեղինակներից, օրինակ` Պետրոս Դեմիրճյանը խոսելու է գրականության մեջ Արցախյան հարցի արտացոլման մասին, Սուրեն Աբրահամյանն անդրադառնալու է Արտեմ Հարությունյանի «Արցախի կռվող ջոկատի գրառումները» շարքին, Ավանեսյանը`Վրեժ Իսրայելյանի արձակում Արցախյան հերոսամարտի պատկերմանը, Մկրտչյանը`Զորի Բալայանի ստեղծագործություններում Արցախյան գոյամարտի արտացոլմանը եւ այլն: Գիտաժողովի ծրագրում որեւէ հիշատակություն չկա Արցախյան պատերազմին մասնակցած եւ փայլուն գրականություն ստեղծած Լեւոն Խեչոյանի մասին:

xechoyan1

Իմիջիայլոց, հիշեցնենք, որ 2000թ. Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ»  վեպն արժանացել էր ՀՀ պետական  մրցանակի, իսկ 2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով գրողը պարգևատրվել էր Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել էր ստանալ մեդալը, հիմնավորելով, որ այն ընդունել չի կարող, քանի որ մեր երկրում մեծացել են արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իր ազատամարտիկ եղբայրները նստացույց են անում: Այսինքն, նա պահել էր իրեն` որպես իր երկրի իրական տեր ու քաղաքացի, ի տարբերություն  հանուն կոչումների ու մեդալների քծնարշավ սկսած բազմաթիվ մտավորականների:

Չեմ ուզում միտում տեսնել, բայց նաեւ տարակուսած եմ` ինչպե՞ս կարելի էր «մոռանալ» Խեչոյանին եւ նրա բացառիկ պատերազմապատումը` «Սև գիրք, ծանր բզեզը»: Մի՞թե վրեժ են լուծում գրչակից մեծամասնությունից տարբերվող ու կաղապարային մտածողությունից զերծ արձակագրից, թե՞ մահից հետո էլ չեն հաշտվում երկնային կյանքով ապրող Խեչոյանի իրական դափնիների ու տաղանդի հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգ Աբրահամյան says:

    Երևի ինչ-որ մեկին խանգարում է կամ էլ ուղղակի նախանձում են, քանի որ Խեչոյանի պես վեպ գրող չկա Հայաստանում այսօր: Անգամ նրանից հետո անուն չես գտնի, որ տաս, բոլորին կարդում ենք, գիտենք, նոր հեղինակ լինի, թե հին: Իսկ գրեթե սկսնակ գրականգետները պետք է լավ ուսումնասիրեն Խեչոյանին, քնաի որ իրենց գրած հոդվածները Խեչոյանի մասին հեռու են վարպետին լիարժեք հասկանալուց…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք