ՀՀԿ-ական պատգամավորը` Գյումրիում ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվողների հասցեին հնչած սպառնալիքների մասին

ՀՀԿ-ական պատգամավորը` Գյումրիում ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվողների հասցեին հնչած սպառնալիքների մասին

Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա» կենտրոնի կողմից Գյումրու ՏԻՄ ընտրություններին նվիրված թեմայի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մարզպետունի Մարգարյանը տեղեկացրեց, որ ճնշումներ են եղել իրենց վրա, մասնավորապես կանչել են պետական կառույցների  աշխատակիցներին ու սպառնացել՝ կամ հրաժարվում ես առաջադրվել ԲՀԿ-ի ցուցակով ՏԻՄ ընտրություններում կամ կկորցնես աշխատանքդ։

Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ահաբեկում մարդկանց հետ, կարո՞ղ ենք այլևս խոսել հավասար մրցապայքարի, արդար ընտրությունների մասին։ «Ճիշտն ասած նման բան չի կարող լինել, պարզ եմ ասում, որովհետև մեր մոտ մարդկանց աշխատանքի են ընդունում ոչ թե կուսակցական պատկանելությամբ, այլ ավելի շատ շնորհները, կրթությունը, որակական հատկանիշները հաշվի առնելով։ Եվ դրա համար այս պարագայում, մենք ունենք դաշնակցական մարզպետ, դաշնակցական նախարարներ, տարբեր կառույցներում կան «Բարգավաճի» կամ «Օրինաց երկրի» ներկայացուցիչներ։

Այսինքն` այսօր խոսել դրա մասին, կարծում եմ ճիշտ չէ, որովհետև որևիցե մեկը որևիցե մեկին ահաբեկելու նախ իրավունքը չունի։ Եվ հետո երբևիցե չի եղել, որ Հանրապետական կուսակցությունը` որպես իշխող կուսակցություն նման խնդիր դնի և մարդուն ասի, քանի որ դուք էս կուսակցության անդամ եք, դուք իրավունք չունեք այստեղ ընտրվելու կամ այս պաշտոնում աշխատելու կամ այս մարդուն պաշտպանելու։ Կներեք, «Օրինացը» պիտի «Օրինացին» պաշտպանի կամ «Հայկական վերածննդին», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը «Բարգավաճին», անկախ նրանից՝ որտեղ է աշխատում, դաշնակցականը պետք է դաշնակցականին պաշտպանի։ Բա սա է կուսակցական կարգապահությունը, մենք խոսում ենք կուսակցական կարգապահության մասին և այդ կուսակցական կարգապահությունը պետք է ամեն ինչից վեր լինի։ Ես նման խոսակցություններն անհիմն եմ համարում համենայնդեպս»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք