Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կառավարությունը նախորդի ֆոնին մի քանի անգամ ավելի բարձր արդյունավետություն կունենա»

Հոկտեմբեր 10,2016 14:30

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ տնտեսագետ, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նոր կառավարությանը կհաջողվի՞ անել այն, ինչ չի հաջողվել անել նախորդ բոլոր կառավարություններին, կհաջողվի՞ բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նախօրեին կառավարություն այցի ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը:

Նելլի Բաբայան– Պարոն Մանուկյան, ի՞նչ խնդիր պետք է լուծի այս կառավարությունը, որը նախորդները չեն արել:

Արտակ Մանուկյան- Խնդրի դրվածքը նոր չէ, այսինքն՝ նույն այն խնդիրները, որոնք մենք տասնյակ տարիներ բարձրաձայնել ենք, մասնավորապես՝ դիվերսիֆիկացիա, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքար, այդ բոլոր մակարդակներում որեւէ նոր ուղղություն չկա: Խնդիրն, իմ կարծիքով, ընդամենը աճի տեմպերն են, այսինքն՝ արդյունավետության տեսանելիության տեմպերի արագացման մասով է հիմնականում պայմանավորված: Իսկ խորքային առումով տնտեսագիտական վերլուծություն պետք չէ անել, որ հասկանանք, թե Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները որոնք են: Այլ բան է, թե որքան արագ եւ որքան տեսանելի կարող են լինել, մի բան որ ակնհայտ է՝ նախորդ կառավարությունները հաջողությամբ տապալել են այդ գործընթացը:

Գագիկ Մակարյան- Եթե մենք դիտարկենք այն տարբերակը, որ կառավարությունը վստահություն առաջացնի հանրության շրջանում, եւ այդ վստահությունը առաջինը լինի տնտեսական աճը, դա չի հասցնի այս կառավարությունը 6-7 ամսում: Բնականաբար, պետք է գնա այլ ճանապարհով, ավելի երեւացող, նկատելի, նաեւ որոշակի կոնկրետ շոկային մեթոդներով, որոնք կառաջացնեն հույսեր: Այդ ուղին արդեն զգացվում է. որոշ նախարարների փոխելով՝ նրանք փոխեցին դեմքեր, որոնք այդ առումով հասարակության մեջ հույսեր առաջացրեցին այն իմաստով, որ այն նախարարները, որոնք անփոփոխ էին եւ նրանց հետ կապված տարբեր խնդիրներ էին լինում, այդ մարդկանց կարողացան շատ համերաշխ ձեւով հեռացնել: Թեկուզ Սյունիքի մարզպետի հրաժարականը. արդյոք հորդորեցի՞ն, թե՞ համոզեցին, որ ժամանակն է՝ դու գնաս: Պաշտպանության բլոկում տեսեք՝ ինչ փոփոխություններ եղան, սրանք իմ ասած երեւույթի սկիզբն են: Սրանով չպետք է բավարարվել, որովհետեւ անձերի փոփոխությունը միշտ չէ, որ երեւույթների փոփոխություն է նշանակում: Միայն նախարարին փոխելով չի ստացվի: Մենք Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ ենք ասել՝ եթե Հովիկ Աբրահամյանը նախարարներից չպահանջի, որ նրանք աշխատեն, ապա ինքը կդառնա հարվածի տակ գտնվող անձը: Հայաստանում վերջին շրջանում վարչապետ փոխելն ավելի հեշտ է, քան նախարար փոխելը: 25 տարվա ընթացքում ամեն մի վարչապետ իր հատվածում մի խնդիր լուծել է: Ներկայիս վարչապետը, կարծես թե, փորձում է իր լիազորությունները վերցնել, ինքը անկաշկանդ, նախագահի ներկայությամբ հանձնարարություններ տվեց բավականին համարձակ: Միաժամանակ ինքը նիստերը վարում է կոնկրետ եւ անմիջական պահվածք ունի, փորձում է իր թիմին աշխատեցնել:

Ն. Բ– Ինչո՞ւ նախկինը չէր անում: Սերժ Սարգսյանը երեկ կառավարություն գնաց եւ նոր կառավարությանն ասաց. «Այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ: Ձեզ սատարելու են, աջակցելու են, ձեզ ոգեւորելու են»: Այսինքն՝ նախագահը Կարեն Կարապետյանին լայն լիազորություննե՞ր տվեց

Գ. Մ.- Այստեղ մի բայց կա՝ խոսքերն ու իրական իրավիճակն ինչպիսին են: Անձը, եթե լիդերական հատկանիշներ չունի, կամ խուսափում է, վախենում է, կաշկանդված է, չի ստանա այն, ինչ պետք է, կարեւոր է, թե որքանով է խոսքը գործ դառնում, եւ որքանով է ստացվում: Տիգրան Սարգսյանն անընդհատ նախագահի ծրագրի վրա էր հղում տալիս, իր դիրքերն էր ամրացնում: Հովիկ Աբրահամյանը քիչ էր տերմիններ օգտագործում, փորձում էր գործնական ճանապարհով խնդիր լուծել, որովհետեւ ինքը բիզնեսից եկած էր: Նոր վարչապետը այլ կերպ է այդ խնդիրները դնում, որովհետեւ այդ խնդիրներ դնելը կախված է նրանից, թե որքանով ես այդ դիրքում քեզ տեսնում լիարժեք: Որովհետեւ եթե դու կիսախամաճիկային վիճակում ես կամ գիտելիքներով թույլ, կողային հարվածները չես կարողանում պահել, պիտի վազես նախագահի մոտ, խնդրես, որ զսպի մյուսներին. դու քո կատարելությունը կորցնում ես:

Ա. Մ.– Այն, որ ասացիք՝ վարչապետին փոխելն ավելի հեշտ է, քան նախարարին, ինձ համար անհասկանալի է: Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները փորձել են լուծել խնդիրներ, բայց շատ կարեւոր է խնդրի լուծման գինը: Այսինքն՝ խնդիրը կարող է լինել ճանապարհը, եթե դրա համար վերցնես վարկ 100 միավորի փոխարեն 1000 միավոր, խնդիրը կլուծես, բայց դրանով դու հարցի գինը հասարակության վրա ավելի բարձրացնում ես: Թվերով ակնհայտ է, որ այն բոլոր ուղղություններով, որ մենք վարկեր ենք ներգրավել խնդրի լուծման համար, 2 կառավարություններն էլ արդյունավետ չեն ծախսել, եւ որ կարեւորն է՝ որեւէ նախարար չի պատժվել: Վարչապետի փոփոխությունների ընթացքում հարցը ոչ թե խնդրի լուծումն է, այլ գինը: Վարչապետը նաեւ մենեջեր է, նա գնահատում է իր առկա ռեսուրսները, իր առջեւ դրված նպատակները, եւ եթե իրոք պրոֆեսիոնալ է, եթե չի կարողանում այդ նպատակը կենսագործել, ինքը չի ստանձնում այդ պատասխանատվությունը: Այսինքն՝ եթե դու վերցնում ես այդ խաղի կանոնները՝ պարտավոր ես կատարել:

Ն. Բ.– Իսկ արդյոք վարչապետը չպե՞տք է իր թիկունքում ունենա նախագահի «դաբրոն»՝ հաշվի առնելով Հայաստանի մենաշնորհներն ու թե դրանք ում ձեռքերում են, կոռուպցիայի բարձր մակարդակը, օլիգարխիան:

Ա. Մ.– Ոչ միայն նախագահի «դաբրոն», անունը դնենք՝ քաղաքական կապիտալը, կուսակցությունների աջակցությունը: Հովիկ Աբրահամյանն ուներ բավարար չափով այդ քաղաքական կապիտալը: Նա այդ համակարգից ծնված կերպար էր: Չեմ կարող ասել՝ ինչու չարեց, բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը ինքը մենեջեր է, որին բերել են, որ նա կառավարի՝ ի տարբերություն մնացած երկուսի, որոնք սերտաճած էին համակարգի հետ, ինչը խանգարում էր ռազմավարական հարցեր լուծելիս: Այս առումով Կարեն Կարապետյանի կառավարությունն ավելի ազատ է, չունի այդ համակարգի ազդեցությունը: Բայց բացասականն էլ այն է, որ քաղաքական հենքը որոշակիորեն թուլացված է, ինչով էլ պայմանավորված է, որ նախագահը գնաց կառավարություն եւ «քարտ բլանշ» տվեց:

Ն. Բ.– Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Վարչապետն ասել էր՝ «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը, եւ այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաեւ էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին, ներդրումների իրականացմանը»: Մի՞թե այդ խնդիրների լուծումը միայն նախարարությունից է կախված, եւ ի՞նչ կտա տնտեսությանը նախարարության անվանափոխումը:

Գ. Մ.- Այն, ինչ կար նախարարության ներսում, նույն ձեւով մնացել է: Եթե նախարարության անունը փոխել են, ես հասկանում եմ, որ կանոնադրությունը պետք է փոխվի, նպատակներն ու առաքելությունը պետք է փոխվեն, հետո կադրային մասը վերանայվի: Ցավոք, էկոնոմիկայի նախարարությունը, ՓՄՁ ԶԱԿ-ը, ՏՄՊՊՀ-ն միշտ արձագանքում են, երբ վարչապետն է ասում, ու մինչեւ ուսումնասիրում են, անցնում են ամիսներ, այդ ընթացքում գնացքը մեկնում է: Պետք է կանխարգելիչ գործառույթների համար ունենալ վերլուծական բազա, ինչը չունեն: Ներդրումները տարեցտարի նվազում են, եւ ակնկալել, որ ներդրումները միանգամից կավելանան, պրոֆեսիոնալ չէ: Պետք է տեղական արտադրողներին մոտիվացնել, աջակցել, նրանք էլ քիչ պոտենցիալ չունեն:

Ա. Մ.– Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ներդրումները շատ մեծ կորելացիա ունեն կոռուպցիայի մակարդակի հետ: Անհնար է ակնկալել, որ առանց կոռուպցիայի նվազեցման ինչ-որ օտարերկրացի կգա ներդրում կանի: Օտարերկրյա ներդրող ունենալու համար պետք է ունենաս տնտեսություն:

Ն. Բ.– Այս կառավարությանը կհաջողվի՞ դառնալ բարեփոխիչ:

Գ. Մ.- Այո, միանշանակ:

Ա. Մ- Այս կառավարությունը նախորդի ֆոնին մի քանի անգամ ավելի բարձր արդյունավետություն կունենա:

Գ. Մ.– Շատ կարեւոր է, թե ով է լինելու ՊԵԿ ղեկավարը, որովհետեւ կարող է բոլոր նախարարներն ու վարչապետը լավ աշխատեն, եւ միայն ՊԵԿ-ն այդ ամենը ջուրը լցնի:
Պատրաստեց Նելլի Բաբայանը

Բանավեճն ամբողջությամբ

 

«Առավոտ»

08.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31