Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիկոս Հարություն Թերզյանի հիշատակին

Հոկտեմբեր 11,2016 21:21

Կյանքից հեռացել է ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հարություն Արտաշեսի Թերզյանը։
Հարություն Թերզյանը ծնվել է 1932թ.-ին, Երևանում։

1950-1955թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)) էլեկտրատեխնիկական ֆակուլտետը և նշանակվել աշխատանքի Հայէլեկտրագործարանի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, իսկ 1957թ. տեղափոխվել է նոր կազմակերպվող Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատել է նախ որպես ավագ ճարտարագետ, ապա առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ: 1989թ. ընտրվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրական ապարատների և ավտոմատացման միջոցների ամբիոնի վարիչ: 1993-2006թթ. եղել է ՀԱՊՀ գիտական աշխատանքների, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի գծով փոխպրեզիդենտը (պրոռեկտոր): 1987 թվականից ղեկավարել է Ավտոմատացված համակարգերի և մոդելավորման բազային գիտահետազոտական լաբորատորիան և որպես պրոֆեսոր դասավանդել «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնում:

1964թ. էլեկտրամեխանիկայի համամիութենական ինստիտուտում (Մոսկվա) Հ.Թերզյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1980թ. Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում` դոկտորական ատենախոսություն: 1986թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ «Հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր» մասնագիտությամբ: 1996 թվականից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է: Հարություն Թերզյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ-ի մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ:

Ակադեմիկոս Հարություն Թերզյանը ստեղծել է գիտական դպրոց նախագծման և գիտական հետազոտությունների ավտոմատացված համակարգերի բնագավառում: Նրա գիտական աշխատանքները նվիրված են որոշումների ընդունման, սահմանափակումներով ոչ գծային բազմապարամետրական էքստրեմալ խնդիրների լուծման օպտիմալացման մեթոդների մշակմանը, օպտիմալացման մեթոդների ադապտացմանը լուծվող խնդիրների մոդելներին, բարդ տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծման համակարգերի, գիտական հետազոտությունների և նախագծման վիրտուալ համակարգերի մշակմանը, էլեկտրամեխանիկական ու էլեկտրամագնիսական համակարգերի հետազոտությանն ու մաթեմատիկական մոդելավորմանը, կառավարման համակարգերին, ոչ գծային եզրային խնդիրների լուծման թվային մեթոդների և զուգահեռ հաշվարկների ընթացակարգերի մշակմանը: Հ.Թերզյանը հրատարակել է շուրջ 130 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 5 մենագրություն:

Մեծ է Հ. Թերզյանի ավանդը բարձրորակ ճարտարագիտական կադրերի պատրաստման ասպարեզում: Պրոֆեսոր Թերզյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակից ավել դոկտորական, թեկնածուական և բազմաթիվ մագիստրոսական ատենախոսություններ:
Ակադեմիկոս Թերզյանը եղել է ՀԱՊՀ–ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Կառավարման, ավտոմատացման և էլեկտրոնիկայի» 032 մասնագիտական խորհրդի նախագահը, «ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր, տեխնիկական գիտությունների սերիա», «ՀԱՊՀ լրաբեր», «ՀԱՊՀ բանբեր» գիտական հանդեսների գլխավոր խմբագրի տեղակալը, ինչպես նաև “Journal of Applied Electromagnetism” և “Georgian Scientific News” ամսագրերի միջազգային խմբագրակազմի անդամ: Նա ընդգրկվել է Հայաստանի բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների ցանկում։

Գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հ. Թերզյանը 2003թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Գերմանիայում հրատարակված «Simulation of Electromechanical Systems. Numerical Methods and Solutions (Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում: Թվային մեթոդներ և լուծումներ)» մենագրության համար նա 2010թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Պրոֆեսոր Հարություն Թերզյանին 2013թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Ակադեմիկոս Թերզյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների՝ գործընկերների, ուսանողների, աշակերտների սրտում։

Ակադեմիկոս Հարություն Թերզյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-14:00-ն ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31