Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի 85-ամյա թատրոնը հոբելյանը նոր շենքում չի նշի

Հոկտեմբեր 20,2016 14:30

Այնուամենայնիվ, տնօրենը հանդիսատեսի հետաքրքրությունից չի դժգոհում

Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հայաստանցի կոլեգաները մտահոգություն են հայտնում, թե փառավոր ստեղծագործական կենսագրություն ունեցող թատրոնը, որի 85-ամյա հոբելյանը լրանում է 2017թ., հաստատ այդ տարելիցը չի նշի նոր շենքում: Իսկ թատրոնի ստեղծագործական վերելքին նպաստել են այնպիսի անուններ, ինչպիսիք են ժողովրդական արտիստներ Գուրգեն Հարությունյանը, Թագուշ Սահակյանը, Նինա Հովսեփյանը, Ժաննա Գալստյանը եւ ուրիշներ, վաստակավոր արտիստներ Օվսաննա Սարգիսբեկյանը, Ռաֆայել Հարությունյանը, Արուս Ղազումյանը, Սամվել Վիրաբյանը եւ այլն: Տարբեր ժամանակահատվածներում թատրոնի ներկայացումներին իրենց մասնակցությունն են ունեցել հայ բեմի վարպետներ Վահրամ Փափազյանը, Իսահակ Ալիխանյանը, Ժասմենը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը:
Տարբեր ժամանակներում էլ թատրոնում բեմադրություններ են իրականացրել Կարո Ալվարյանը, Միքայել Կորգանյանը, Գուրգեն Թավրիզյանը, Բենիկ Բժիկյանը, Ալֆրեդ Հակոբյանը, Կարեն Աբրահամյանը եւ ուրիշներ: Նկարչական ձեւավորումներ են կատարել այնպիսի անուններ, ինչպիսիք են Գրիգոր Ծատուրյանը, Մուշեղ Սաղյանը, Սարգիս Արուտչյանը…

Ինչպես յուրաքանչյուր թատրոն, այնպես էլ Արցախի դրամատիկականը, ունեցել է նաեւ ճգնաժամի տարիներ: Այս մասին տեղեկանում ենք արցախյան Գեղarm մշակութային պարբերականից (2006թ., հունվար-փետրվար), որտեղ վաստակաշատ թատերագետ Էմմա Պետրոսյանը գրում է. «Թվում էր, թե Արցախի ազատագրվելուց հետո թատրոնն իր հարուստ խաղացանկով, նորանոր փայլուն տաղանդներով, հանդիսատեսի հետ էլ ավելի ջերմ կապերով ստեղծագործական նոր բարձունքների կհասնի: Ավա՜ղ, այդպես չստացվեց: Հիմա թատրոնի շենքի շուրջ առավել խորհրդավոր լռություն է, ներսում՝ նույնպես… Պատճառը ո՞րն է, որ հասարակությունը երես է շրջել թատրոնից: Ավարտվել է 2005թ.:

Տարվա համար նախատեսված 4-5 մեծ պիեսների բեմադրությունների դիմաց պատրաստվել է ընդամենը 2-ը, որոնց վրա միլիոններ են ծախսվել, բայց խաղացանկում դրանք չկան…»: Մասնագետը ողջ մեղքը գցել է այդ տարիներին թատրոնի տնօրեն, գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանի վրա:
Անցել են տարիներ: Հիմա շուրջ 7 ամիս է, ինչ թատրոնի տնօրենն է Մարատ Դավթյանը, որը 1996-ից աշխատում է թատրոնում, տարբեր տարիների նա հանդիսացել է գեղարվեստական ղեկավարը, ապա 2012-ից՝ մինչ տնօրեն նշանակվելը՝ գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնակատար: Մինչ պաշտոններ ստանձնելը նա հանդես է եկել եւ որպես դերասան, եւ բեմադրել տարբեր ստեղծագործություններ, այդ թվում՝ Գ. Խանջյանի «Բոլերոն», Հ. Թումանյանի «Պոետն ու Մուսան», Ժ. Անանյանի «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» եւ այլն: Ընդ որում, Մարատ Դավթյանն արցախյան պատերազմի մասնակից է եւ պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Երեւանի մնջախաղի թատրոնի բախտակից Արցախի թատրոնը մի քանի տարի է՝ ինչ չունի սեփական տանիք: Կապվեցինք տնօրենի հետ, քանի որ մեզ հետաքրքրում էր թատրոնի շենքի ճակատագիրը, թեեւ հայտնի է, որ այդ գործը վստահված է ճարտարապետ Արթուր Մեսչյանին. «4-րդ տարին է, ինչ խաղում ենք մշակույթի պալատի 3-րդ հարկում գտնվող փոքր բեմում, որը նախատեսված է շուրջ 100 հանդիսատեսի համար: Գոհ ենք հանդիսատեսի հետաքրքրությունից: Օրերս պրեմիերա էր. հոկտեմբերի 11-ին ներկայացրինք Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Ինչ վերաբերում է շենքին, ապա պետք է նշեմ, որ Արթուր Մեսչյանը նախ առաջին անգամ տեսնելով շենքի ֆասադը, այլեւ ներսի պայմանները, զարմացած էր, որ նման «ճարտարապետություն» գոյություն ունի:

Փառք Աստծո, որ Մեսչյանը արվեստի մարդ է եւ որոշում կայացրեց ոչ թե «ձեռքի հետ» ինչ-ինչ վերանորոգման աշխատանքներ կատարել, այլ հիմնովին լուծել խնդիրը: Իհարկե, կան խանգարող հանգամանքներ, օրինակ՝ նախկին «Օկտյաբր» կինոթատրոնը, որը քանդված է, գտնվում է մեր թատրոնից 7-8 մետր հեռավորության վրա…»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ սեփական տանիք չունենալը չի ազդում թատրոնի գործունեության վրա: Օրինակ՝ 2015-ին մասնակցել են Լոռու փառատոնին, այս պահին խաղացանկում ունեն ավելի քան 5 ներկայացում, Շուշիում գործող Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի արցախյան մասնաճյուղն այս տարի իր առաջին շրջանավարտներն է ունեցել, այսինքն՝ կադրային խնդիր էլ չկա եւ այլն: Իսկ թե ինչու Երեւան հյուրախաղերով գոնե վերջին 5 տարիներին չեն գալիս, Մարատ Դավթյանի պատասխանը հակիրճ էր. «Դա ֆինանսական խնդիր է»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Մարատ Դավթյանը՝ Կ. Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք»
ներկայացման մեջ (ռեժիսոր՝ Նարեկ Դուրյան, 2010թ.):

 

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31