Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով տուգանել

Հոկտեմբեր 20,2016 22:30

ՀԾԿՀ-ն վաղվա նիստում ՀԷՑ-ին տուգանելու հարցն է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգում է ներառված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշումը:

Հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի որոշման համաձայն՝ ՀԷՑ-ը մինչեւ 2016 թվականի օգոստոսի 1-ը պետք է ավարտեր էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը: Հանձնաժողովի գրությանն ի պատասխան՝ ընկերությունը հայտնել էր, որ չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս առկա են էլեկտրոնային առեւտրային հաշվիչներ, որոնց ժամային շեղումները տեխնիկական պատճառներով չեն շտկվում: Ապա` ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել՝ հանձնաժողովի որոշման պահանջը խախտելու փաստի ուսումնասիրության նպատակով:

Սրանից հետո էլ ՀԷՑ-ը տեղեկացրել է, որ ձեռնարկել է լրացուցիչ միջոցառումներ էլեկտրոնային առևտրային հաշվիչների խախտված կամ չուղղված ժամերը շտկելու ուղղությամբ: Սակայն վարչական վարույթի շրջանակում 2016-ի սեպտեմբերի 19-ին Երեւան քաղաքի մի շարք վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացվել է նշված հաշվիչների ժամերի աշխատանքի ճշտության ստուգում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումներ:

Իսկ արդեն հոկտեմբերին ՀԷՑ-ը կրկին տեղեկացրել է, որ խնդիրները շտկելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել, ինչի արդյունքում ի հայտ են եկել թվով 29786 հաշվիչներ, որոնց շեղումները պայմանավորված են մարտկոցների լիցքաթափված լինելու կամ այլ թերություններով: ՀԷՑ-ը նաեւ հայտնել է, որ խնդիրներն ամբողջական պարզելու նպատակով իրականացվում են մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքում կկազմվի միջոցառումների իրականացման ծրագիր:

Ի վերջո, հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակում փաստել է, որ ՀԷՑ-ը խախտել է հանձնաժողովի 2016-ի ապրիլի որոշման մի շարք կետեր, ինչը հանգեցրել է մի շարք սպառողների շահերի խախտման:

Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի կայքէջից, վաղը նիստում նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել 5 միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ հանձնաժողովը պարտավորեցնում է ՀԷՑ-ին որոշումն ուժի մտնելու պահից 10-օրյա ժամկետում մշակել եւ հանձնաժողով ներկայացնել էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման ծրագիր-ժամանակացույց՝ ներառելով տարբեր տեխնիկական խնդիր ունեցող հաշվիչների ժամային շեղումների շտկման համար նախատեսվող միջոցառումների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր միջոցառման ավարտման ժամկետը:

Կիրառվի՞ տուգանք, թե՝ ոչ, պարզ կլինի հանձնաժողովի վաղվա նիստում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31