Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժից ազատելու ինստիտուտը չի գործում

Հոկտեմբեր 21,2016 15:00

2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Քրիստինե Պետրոսյանն արդեն իսկ կրել է իր պատժից 4 տարի 6 ամիսը: Դատապարտյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Ղարագյոզյանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալին մնում է կրելու 1 տարի երկու ամիս: Այսինքն, դատապարտյալի կողմից փաստացի կրած պատժի ժամկետը`ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան, թույլ է տալիս նրան ակնկալելու, որ ինքը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի մնացած մասը կրելուց:

Պաշտպանն «Առավոտի» հարցին, թե արդյոք Քրիստինեն ունի՞ պատիժ, կարգապահական տույժ, պատասխանեց, որ իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, ենթարկվել է հիմնարկի ներքին կանոնագրքի պահանջներին, որեւէ տույժ, կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, եւ որ պատիժը կրելու ընթացքում բնութագրվում է դրական:

«Իմ պաշտպանյալը 11.03.15-27.07.2015 թթ. աշխատել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում՝ որպես կարող բանվորուհի, որոշ չափով մասնակցել է նաեւ հանրօգուտ աշխատանքների եւ միջոցառումների: Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերությունները կայուն են, կապը պահպանում է հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով:

Նա բնակարանով ապահովված է, նյութակենցաղային եւ աշխատանքային խնդիրներ չունի, ունի երկու անչափահաս երեխա»,- ասում է Ա. Ղարագյոզյանը, որը բողքով դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2013 թվականի դատավճռով Քրիստինե Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է 5 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել վճռաբեկ բողոքը:

Ըստ պաշտպանի, կին դատապարտյալը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու եւ պատժի մնացած մասը կրելուց ազատվելու համար անկախ հանձնաժողովին: Ի դեպ, հիմնարկի վարչակազմը հավանություն էր տվել կալանավորի դիմումին:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը այս տարվա հունվարի 25-ին, ուսումնասիրելով ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված Ք. Պետրոսյանի անձնական գործը, որոշում էր կայացրել դատապարտյալին պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի որոշմանը չտալ հավանություն:

«Իմ կողմից ապրիլի 11-ին անկախ հանձնաժողովի որոշման դեմ բողոք է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հունիսի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Մկրտչյանի որոշմամբ բողոքը մերժվել է:

Դատարանը իմ պաշտպանյալի նկատմամբ արդար չի գտնվել, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն չի իրականացրել, ինչպես նաեւ դատարանի որոշումը պատճառաբանված եւ հիմնավորված չէ:

Որոշումը ընթերցելով չի հասկացվում` արդյոք սույն որոշումն անկախ եւ անկողմնակալ անձի կողմի՞ց է կայացվել, թե՞ ոչ, քանի որ դատարանը չի հիմնավորել բողոքը մերժելու մասին որոշում կայացնելիս, չի անդրադարձել իմ կողմից ներկայացված բողոքի հիմնավորումներին»,- ասում է Ա. Ղարագյոզյանը:

Ըստ նրա, դատարանը որոշել էր. «Դատարանը գտնում է, ՀՀ նախագահի հրամանագրի 3-րդ գլխի 21-րդ կետի համաձայն, հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, որ երբ որոշումները կայացվել են սույն կարգի խախտմամբ:
Հանձնաժողովն իր բնույթով անկախ է եւ ընդգրկվում են ինչպես պետական կառույցների` համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ հասարակայնության ներկայացուցիչներ:

Դատարանը արձանագրել է, որ անկախ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվել է նախագահի հրամանագրով, բողոքարկման առարկա կարող է լինել` դրա թե օրենքի եւ թե սահմանադրությանը համապատասխան լինելու տեսանկյունից»:
Մինչդեռ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն էլ, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Դատապարտյալի պաշտպանի գնահատմամբ, անկախ հանձնաժողովի կողմից իրականացված քննությունը չի համապատասխանել վերոթվարկյալ չափանիշներին:
«Գտնում եմ, որ անկախ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն բարձր որակավորում ունեցող հոգեբաններ, սոցիոլոգներ, իրավաբաններ եւ մասնագիտացված իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ՀՀ փաստաբանների պալատի, ինչպես նաեւ տվյալ դատապարտյալի բնակելի վայրի համայնքի (ՏԻՄ) ներկայացուցիչներ, ովքեր կարող են գնահատական տալ՝ արդյոք դատապարտյալը կարո՞ղ է անցում կատարել բանտային կյանքից դեպի համայնքի օրինապահ կյանք, միաժամանակ ապահովելով հանրության անվտանգությունը»,- իր բողոքում նշել էր պաշտպան Ղարագյոզյանը:

Նա հղում էր կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-733 որոշմանը, համաձայն որի. «Մարդասիրության սկզբունքի դրսեւորման ձեւերից է նաեւ դատապարտյալին պատժից ազատելու քրեաիրավական ինստիտուտը։ Այդ ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ հանցագործության համար դատապարտված անձը, քրեական օրենքով նախատեսված հիմքերով, կարող է դատարանի կողմից փաստացիորեն ազատվել պատժի հետագա կրումից: Պատժից ազատելու համար նյութական հիմք է հանդիսանում պատիժը կրելու աննպատակահարմարությունը կամ անհնարինությունը, հաշվի առնելով տվյալ դատապարտյալի՝ հանրորեն վտանգավոր լինելու հանգամանքի վերացումը, դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման փաստը կամ քրեական իրավունքի փոփոխությունը: Պատժից ազատելու ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ թույլ տալով անտեսել քրեական հարկադրանքի միջոցները, խթանում է դատապարտյալի վերադաստիարակումը, նպաստում է նրա ընտելացմանն իրավակարգի պահանջներին, սոցիալական վարքագծի կանոններին, ինչպես նաեւ բացառում է պատժի կիրառումն այն դեպքերում, երբ պատժի կիրառման նպատակներին հասնելը դառնում է ոչ իրական»:

Պաշտպանը խնդրում է ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը, բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, փոփոխել եւ կայացնել նոր դատական ակտ:

Ի դեպ, նա հղում էր կատարել Amuur v France (1996) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը. «Պնդելով, որ ցանկացած ազատազրկում պետք է տեղի ունենա օրենքով սահմանված կարգով, Կոնվենցիայի 5 (1) հոդվածը նախ եւ առաջ պահանջում է, որպեսզի ցանկացած կալանավորում կամ ձերբակալում ունենա իրավական հիմնավորում ներպետական օրենսդրության մեջ: Սակայն այս բառերը ոչ միայն հղում են պարունակում ներպետական օրենսդրությանը, ինչպես «օրենքին համապատասխան» եւ «օրենքով նախատեսված» արտահայտությունները, որոնք առկա են 8 եւ 11 հոդվածների երկրորդ կետում: Այս բառերը նաեւ վերաբերում են օրենքի որակին, պահանջելով, որպեսզի այն համապատասխանի օրենքի գերակայության սկզբունքին, որը բնորոշ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին: Որպեսզի հավաստիանալ, համապատասխանում է արդյոք ազատազրկումը ազգային օրենսդրության հետ համատեղելիության սկզբունքին, դատարանը պետք է ոչ միայն գնահատի քննարկվող ոլորտի ազգային օրենսդրությունը, այն է՝ գնահատի այլ իրավական ակտերի որակը, որոնք կիրառվել են քննարկվող անձանց հանդեպ: Այս իմաստով որակը ենթադրում է, որ եթե ազգային օրենքը պահանջում է ազատազրկում, հատկապես քաղաքական ապաստան խնդրող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, ապա այն պետք է բավարար չափով մատչելի եւ ճշգրիտ լինի՝ կամայականության վտանգից խուսափելու համար»:

Իսկ Hussain v United Kingdom (1996թ.) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր. «Այնպիսի սկզբունքային նշանակություն ունեցող գործերով, որպիսին են ազատությունից զրկելու հետ կապված գործերը, եւ երբ ծագում են հարցեր, կապված, օրինակ, դիմողի բնավորության եւ հոգեվիճակի գնահատման հետ, արդար դատավարության ապահովման համար կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի դիմողը ներկա լինի դատավարությանը:

Դիմողի իրավիճակների պես իրավիճակներում, երբ քննարկվում է ազատազրկման զգալի ժամկետի կապված հարց, եւ որտեղ նրա բնավորությանը բնորոշ գծերը եւ հասունության աստիճանը կարեւոր դեր են խաղում որոշելու, թե վտանգավո՞ր է, արդյոք, նա հանրության համար, 5-րդ հոդվածի 4-րդ կետը պահանջում է բանավոր լսումներ մրցակցային դատավարության ենթատեքստում, որը ենթադրում է դիմողի շահերի օրինական ներկայացուցչություն ու վկաներ հրավիրելու եւ հարցաքննելու հնարավորություն»:
Բողոքի քննությունը նշանակվել է սեպտեմբերի 21-ին, ժամը 16-00-ին:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31