Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ՀԱՊԿ-ում պատանդ ենք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2016 15:30

«Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում բանավիճում են
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
եւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան– Պարոն Սարգսյան, դեռեւս անցյալ տարի դեկտեմբերին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթից հետո երբ նորից հարց էր բարձրացվել, թե ինչու Հայաստանի ներկայացուցիչը չի զբաղեցնում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, Դուք ասել էիք, թե ԵՏՄ-ում Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնը խանգարեց, միանգամից երկու պաշտոն տալ Հայաստանին՝ թուրքերը շատ դժվար էին մարսելու: Դուք ասել էիք, որ հաջորդ տարի այդ խնդիրը կլուծվի: Հիմա ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Հայաստանի ներկայացուցիչը չի ստանձնում այդ պաշտոնը:

Արամ Սարգսյան– Այնտեղ կա Ղազախստան, որը պաշտպանում է իր արյունակից պետության շահերը, եւ կա Լուկաշենկոն, որը չի ուզում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ փչացնել, որովհետեւ ունի իր տնտեսական շահերը: Մենք դա պետք է հաշվի առնենք, լուրջ պետությունները պետք է առաջին հերթին առաջնորդվեն իրենց պետական շահով: Ուզեն, թե չուզեն՝ պիտի այս տարվա վերջին ՀՀ ներկայացուցչին հաստատեն, որովհետեւ եթե եղավ այլընտրանք, դա մեծ խայտառակություն կլինի: Երկու դեպքում կստացվի, որ կամ մենք լավ թեկնածու չենք առաջադրել՝ իրենց պատկերացմամբ, կամ մենք պատասխանատվությունը վերցնելով՝ չենք կարողանալու դա իրականացնել:

Երկու դեպքում էլ շատ վիրավորական է Հայաստանի համար, եւ պարզ է, որ պետք է հետեւություններ արվեն: Չեմ կարծում, որ դրան կհասնի: ՌԴ-ի դիրքորոշումն այս տարածաշրջանի հետ կապված, ռուս-ամերիկյան եւ ռուս-արեւմտյան հարաբերությունների խնդիրը՝ դեռ փորձում են պահպանել այն համակարգը, որն իրենց համար վստահելի է: ՀԱՊԿ-ը չի փլուզվի, կարող է մեկ անդամ դուրս գա, այդ միասնությունը իրենց բոլորին ձեռնտու է, այլ տեղ չունեն գնալու: Նրանք չեն կարող ՆԱՏՕ-ի կազմում հայտնվել: Եթե մենք պատրաստ լինեինք ինքներս մեզ պաշտպանելու, կարելի էր ազատվել նրանց ճնշումներից: Բայց երբ մենք ինքներս մեզ հասցրել ենք տնտեսական ծանր վիճակի, մեզ զենք է պետք: Չմոռանանք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր դերակատարը ՌԴ-ն է: Եթե չեք ուզում, փոխեք այդ կարգավիճակը: Խնդիրն այն է՝ ինչ հնարավորություն ունի երկիրը: Եթե դուք միայն վերացական ասում եք՝ վա՜յ, ռուսները լավը չեն, պիտի ազատվենք ռուսներից՝ ազատվե՛ք, այդ դեպքում գտեք համապատասխան տեղը, որ ձեզ ապահովեք, եթե չեք անում՝ ավելորդ մուննաթ գալն անիմաստ է եւ վնասակար:

Հ. Ջ.- Պարոն Արշակյան, մենք չունե՞նք այլընտրանք, ինչո՞ւ ենք մտել ՀՍՊԿ, այնտեղ հավաքական անվտանգության պաշտպանություն գոյություն չունի, որովհետեւ շահերը չեն համընկնում անդամ պետությունների, մենք ի՞նչ խնդիր ենք այնտեղ լուծում:

Ազատ Արշակյան- Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, սառը պատերազմում հաղթեց Սովետական Միությանը, եւ դրա դիմաց պարտված կողմը «փրկագին» վճարեց՝ 6 հանրապետություն դուրս եկան իր ազդեցության գոտուց: Հիմա մենք ինչ կարգավիճակում ենք, ՀԱՊԿ-ի մեր գործընկերները մեզ ասում են՝ դուք մեր ակումբից չեք, ձեզ նույնիսկ պաշտոն չենք ուզում վստահել: Իրենք գիտեն, որ մենք իրենցից չենք, մենք լավն ենք: Մենք ժողովրդավարություն, ազատություն եւ անկախություն ենք ուզում: ՀԱՊԿ-ում մենք պատանդ ենք: Դրա պատճառն ավելի հին է: 1921-ի մարտի 16-ին ՌԴ-ն իր վրա պարտավորությունների մի շղթա է վերցրել, որով ինքը կաշկանդված է: Նա չպետք է ճանաչեր հայկական պետությունը, ճանաչեց… Բայց ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միությունը փլուզվեց, այնպես էլ կվերանա Թուրքիան: Ռուսական զենքը մենք ստանում ենք, որովհետեւ ՌԴ-ին դա պետք է: Երեկ նրան պետք չէր կենսունակ Հայաստան, նրան պետք էր հյուծված, թուլացած Հայաստան, նա դա արեց: Ամեն ինչ արեց՝ իր հաճախորդների միջոցով:

Ա. Ս.– Մի փաստ հիշեցնե՞մ, պարոն Արշակյան. 1997-ին այն իշխանությունը, որտեղ նաեւ պարոն Արշակյանն էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեծ պայմանագիր կնքեց ՌԴ-ի հետ, երբ անկախ էինք, երկիր էինք կառուցում՝ հզոր, լուսավոր, ԼՂ հարցերն արդեն լուծել էինք: Պարոն Տեր-Պետրոսյանը մոռացավ դրա մասին, որ մենք դեկտեմբերի 1-ի որոշում ունեինք, եւ երբ գնում էր ՄԱԿ, ոչ մի վերապահում չարեց, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի: Հեշտ է միշտ ուրիշին քննադատելը եւ նրան մեղադրելը, ուզում եմ մեր մեղքերը ճիշտ հասկանանք եւ հասկանանք՝ ինչու ենք այսօր այս իրավիճակում: Եթե այդպիսին էր մեր գաղափարը, էլ ո՞ւր գնաց ռուսների հետ կնքեց այդ մեծ պայմանագիրը:

Ա. Ա.- Իհարկե, մենք մեր սխալները պիտի ուղղենք: Եթե ես լինեի արտգործնախարարը, ըստ երեւույթին ուրիշ լեզվով կխոսեի, բայց քանի որ ես չունեմ այդ լիազորությունները, ես մաքսիմալ պահանջներ եմ դնում, ասում եմ՝ չեղյալ համարեք Ղարսի պայմանագիրը, ճանաչեք Ղարաբաղի միացումը: Որոշումը կատարեք, որին մենք ԳԽ-ում քվեարկել ենք: Ես այն ժամանակ ԳԽ-ում էի, իմ մեղքի բաժինն ունեմ: Ես, իհարկե, քվեարկել եմ ՌԴ-ի հետ պայմանագրերի կողմ, որովհետեւ ՌԴ-ին, Ֆրանսիային, Նորվեգիային համարում եմ մեզ գործընկեր: ՌԴ-ն մեր ստրատեգիական դաշնակիցն է՝ քաղաքակրթական առումով, հետո որ նա նահանջներ է ունենում քաղաքակրթությունից, Իվան Ահեղներ են հայտնվում, մենք դիմանում ենք, ասում ենք՝ ՌԴ-ն կշտկվի: Բայց ՌԴ-ի հետ այլ է՝ ՀԱՊԿ-ի հետ, ԵՏՄ-ի հետ, CCCP-ի իմպերիայի հետ այլ է: Ես այն ժամանակ ասում էի՝ գործընկերային հարաբերություններ, կեցցե հավասարությունը բոլոր ժողովուրդների:

Հ. Ջ.– Հիմա գործընկերայի՞ն են մեր հարաբերությունները:

Ա. Ա.– Հիմա՝ ոչ: Մենք հայրենասեր ժողովուրդ ենք, չենք ճանաչում վասալությունը, մեզ պարտադրված է: Օրինակ՝ ՀԱՊԿ-ում մենք պատանդ ենք, եւ Ղազախստանի, ՌԴ-ի, Բելառուսի, նրանց հետ անհավասար պայմաններում գտնվելը պատանդություն է, եթե նրանք նույնիսկ պաշտոն էլ չեն ուզում տալ, չեն քվեարկում, երբ մեր շահերից բխող հարցեր կան: ԼՂ հարցում կրկնեք Մինսկի խմբի հայտարարությունը՝ դա էլ չեն անում: Նրանք քվեարկում են 4-ը 1-ի դեմ:

Հ. Ջ.- Պարոն Սարգսյան, պատա՞նդ ենք, ստացվում է, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի մեծ ազդեցություն ունի այդ կառույցի վրա որոշումների, նախագահների քաղաքական «մրսածության» առումով, քան Հայաստանը:

Ա. Ս.- Ինչի՞ց է դա, ի՞նչն է պատճառը, փորձենք հասկանալ: Քաղաքականության մեջ ոչ մի բան պարզունակ չի կարելի դիտարկել, ունի շատ տարբեր շերտեր: Ադրբեջանն իր նավթ-գազի շնորհիվ տնտեսական առումով զարգացել է, ունի ազդեցության ոլորտներ, որտեղ նա կարողանում է օգտագործել: Հայաստանն ամեն հարցում՝ տնտեսական, սոցիալական, հետընթաց է ապրել: Արտագաղթից շատ ավելի ենք արյունազրկվել: Այդ պարագայում ո՞ւմ հետ են հաշվի նստում՝ ավելի ուժեղի, ազդեցիկի, հնարավորություն ունեցողի… Այո, պատանդ կարող ենք դառնալ, եթե չենք կարողանում մեր շահերը պաշտպանել: Եթե ժողովուրդը չի վստահում իր իշխանությանը, դրա մասին գիտեն բոլորը, ոչ միայն մենք: Եթե չի համապատասխանում մեր շահերին, եկեք ուրիշ բան մտածենք կամ դուրս գանք: Բայց այս պահին դուրս գալն անմտություն է, որովհետեւ ռազմավարական գործընկերոջ հետ ունենք շատ լուրջ հարաբերություններ, իսկ այնտեղ ինքն է առաջին ջութակը: Խելոք պետք է վարվել՝ դիվանագիտորեն:

Ա. Ա.– Մենք պետք է ուժեղ լինենք, մեր ձեռքը խփենք սեղանին՝ նրանց կլոր սեղանին:

Հ. Ջ.– Եթե կարելի է, անդրադառնանք Սերգեյ Լավրովի, Չավուշօղլուի, Ալիեւի հայտարարություններին:

Ա. Ա.- Նրանք իրենց վտանգեցին, հայտարարեցին, որ դեմ են ժողովուրդների հավասարությանը եւ ինքնորոշման իրավունքին: Ալիեւը դա հայտարարեց, Լավրովը պաշտպանեց, Չավուշօղլուին ծափահարեց: Նրանք բարիկադի մյուս կողմը կանգնեցին: Կոպիտ սխալ թույլ տվեց Ալիեւը՝ ասելով, որ չենք կարող ճանաչել ԼՂ-ում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա կոպիտ սխալ արեց՝ դեմ գնաց ԱՄՆ հռչակագրի 1-ին կետին:

Պատրաստեց
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

«Առավոտ»

20.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31