Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազգային Ժողովում կառավարության ծրագրի վերաբերյալ

Հոկտեմբեր 21,2016 14:23

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, սիրելի ժողովուրդ,

Կառավարության ծրագրի ներկայացումը վերջապես առիթ է ստեղծում խոսելու այս նոր կառավարության նշանակման գործընթացի մասին եւ առաջին գնահատականները տալ նրա գործունեության վերաբերյալ: Սկսենք նրանից, որ վարչապետի նշանակումը կատարվել է սահմանադրական նորմերի խախտումով: Ինչպես գիտեք, Սահմանադրության անցումային դրույթների համաձայն, դեռեւս պահպանվում է վարչապետ նշանակելու հին կարգը, ըստ որի ՀՀ նախագահը պետք է խորհրդակցի խմբակցությունների հետ եւ դրանից հետո միայն կատարի նշանակումը: Նման խորհրդակցություն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հետ չի եղել: Իհարկե, 2012թ., 2013թ եւ 2014թ. Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը մերժել է նման խորհրդակցության անցկացումը, բայց դա չի կարող արդարացնել սահմանադրական պարտավորության չկատարումը այս վարչապետին նշանակելիս: Փորձենք այնուամենայնիվ վերանալ այս հանգամանքից եւ գնահատել այս նոր կառավարության ծրագիրը եւ գործունեությունը:

Չի կարելի ժխտել, որ նոր նշանակված վարչապետը մի շատ լավ բան արել է: Կառավարությունից եւ մարզպետի պաշտոնից հեռացվել են մարդիկ, ում կուտակված հարստությունների, չարաշահումների եւ ապօրինությունների մասին չի խոսել կամ չի գրել միայն ծույլը: Դա իհարկե դրական քայլ էր եւ պատահական չէ, որ մեր ժողովրդի մի հատվածի մեջ հույսեր է առաջացրել, որ ինչ-որ բան կարող է փոխվել դեպի լավը:

Բնականաբար, հարց է ծագում, թե արդյոք այս քայլերը նշանակում են, որ այս կառավարությունը այլեւս չի ներկայացնում կոռումպացված այն համակարգը, որը գործել է Հայաստանում վերջին 17 տարիների ընթացքում եւ պատրաստ է այդ համակարգի ապամոնտաժման քայլեր կատարել՝ ներառյալ մենաշնորհների, կոռուպցիայի, ապօրինի արտոնությունների վերացումը, ներդրումների համար լավ պայմանների ստեղծումը եւ երկրի տնտեսական զարգացման ապահովումը: Թե? սա ընդամենը Սերժ Սարգսյանի հանրապետական իշխանության կողմից մի նախընտրական հնարք է, որի միակ նպատակն է ընտրություններից առաջ մեղմել ժողովրդի համատարած ատելությունը եւ դժգոհությունը իշխանություններից, հանդես գալ “մարդկային դեմքով” եւ հնարավորինս հեշտացնել ռեժիմի վերարտադրությունը առաջիկա ընտրություններում, որից հետո սակայն բոլոր դիմակները նորից կհանվեն եւ ռեժիմը նույն ախորժակով եւ դաժանությամբ կշարունակի ժողովրդի հարստահարումը եւ երկրի անխնա թալանը:

Անկեղծ լինենք, մենք դեռեւս ոչ մի հիմք չունենք հավատալու առաջին սցենարին: Ասվածիս առաջին հիմնավորումը Հարկային օրենսգրքի ընդունման հետ կապված պատմությունն է: Հայտնի է, որ այդ օրենսգիրքը մեծ դժգոհություն է հարուցել գործարար աշխարհում եւ ընդունվել է օրենսդրական գործընթացի պատշաճ կազմակերպման եւ տարական խորհրդարանական էթիկայի խախտումներով: Քանի որ Հարկային օրենսգիրքը տնտեսության ամենաառանցքային օրենքն է, կարելի է ասել նրա սահմանադրությունը կամ Աստվածաշունչը, ապա նոր եկած կառավարությունը պետք է դադարեցներ այս հապշտապ գործընթացը եւ միայն ծրագրի մշակումից հետո, արմատական փոփոխության ենթարկելով այդ օրենսգիրքը, այն ներկայացներ խորհրդարանին՝ բաց եւ համապարփակ քննարկման համար: Հարկային օրենսգիրքը այդպիսով կարող էր դառնալ նոր ստեղված կառավարության մտադրությունների մանիֆեստը, եթե նպատակ կար ձերբազատվել գործող կոռումպացված համակարգից: Բայց պարզվեց, որ համակարգը հանգիստ ավարտի հասցրեց այն գործը, որ վաղուց սկսվել էր, եւ նոր կառավարությունը ոչ մի կերպ չկարողացավ խանգարել այդ գործընթացին, ինչով եւ ապացուցվեց, որ ամենաառանցքային հարցերից մեկում հաղթեց համակարգը եւ ոչ թե կառավարության կողմից հռչակված նոր քաղաքականությունը:

 

Երկրորդ խնդիրը, որը խոսում է նոր կառավարության՝ այս գործող համակարգի հետ օրգանական կապի մասին, այն է, որ սույն ծրագիրը ներկայացնելիս կառավարությունը չի ներկայացնում երկրի տնտեսական համակարգի ախտորոշումը: Դուք չեք խոսում այն մասին, որ մեր քաղաքական, տնտեսական համակարգի գլխավոր արատն այն է, որ Հայաստանում բիզնես անելու արտոնություն ունի միայն իշխանությանը մոտ կանգնած մարդկանց մի շատ նեղ շրջանակ: Որ դրա պատճառով Հայաստանի ձեռնարկատիրական դասի մեծ մասը թողել լքել է Հայաստանը, իրենց էներգիան եւ կապիտալի ի սպաս դնելով այլ երկրների զարգացմանը: Որ այսօրվա տնտեսությունը մի կերպ գոյատեւում է Հայաստան իրենց բարեկամներին եւ ընկերներին ուղարկվող տրանսֆերտների հաշվին: Որ այդ տրանսֆերտներով է հիմնականում ձեւավորվում Հայաստանում դեռ մնացող բնակչության գնողունակությունը, բայց այդ կապիտալը ուղղված է բացառապես սպառման, բայց ոչ երբեք ներդրման, որովհետեւ Հայաստանում ապահով ներդրումներ կարելի է անել միայն իշխանավորների հետ փայ մտնելով: Որ այդ գնողունակության վրա լայն սպառման ապրանքների շուկաներում մակաբուծում են ապօրինաբար հաստատված մենաշնորհները: Որ պետության կողմից տարվող դրամավարկային եւ ֆիանանսաբյուջետային քաղաքականությունը, ներառյալ դրամի կուրսի կարգավորումը, սպասարկում են հենց այդ ներկրող մենաշնորհային օլիգարխների շահերը՝ քանդելով արդյունաբերությունը եւ ծնկի բերելով արտահանողներին: Որ գազի եւ էլեկտրականության գները կարգավորող մեթոդաբանությունը շահութաբերություն է սահմանում ոչ թե օպերացիոն ծախսերի, այլ ակտիվների նկատմամբ, ինչի հետեւանքով կատարվում են անարդյունավետ ներդրումներ, որի ամբողջ բեռը ընկնում է սպառողի ուսերի վրա: Որ տարիներ շարունակ ներկրումը երեք անգամ գերազանցել է արտահանմանը: Որ այս մոդելի պահպանումը բերում է միայն կայուն արտագաղթի եւ պետական պարտքի կուտակմանը:

Այս ախտորոշիչ գնահատականները դուք չեք տալիս, այլ ընդամենը ձեր առջեւ խնդիր եք դնում “սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի եւ տնտեսության վիճակի հստակ ախտորոշում”: Դու չեք նշում նաեւ, թե որն է այն տնտեսության տեսլականը, որը դուք կուզեիք ստեղծել Հայաստանում: Եթե սա իսկապես լիներ կառավարության գործունեության ծրագիր, նա պետք է ներկայացներ գործող համակարգի արատները եւ ստեղծված աղետալի իրավիճակը, բացատրեր թե տնտեսության ինչ մոդել ենք ուզում ստեղծել երկրում, հաստատել ժամանակային կոնկրետ թիրախներ այդ մոդելի ուղղությամբ շարժվելու համար:

Ծրագիրը, սակայն, եթե կարելի է դա ծրագիր կոչել, ընդամենը ներկայացնում է այն գործիքները, որը կառավարությունը կօգտագործի իր գործունեության մեջ. “կատարողականի առանցքային ցուցիչների սահմանում եւ վարկանշում”, “պատվիրատուների թվի կրճատում”, “արտոնյալ սակագների սահմանում”, “պետական բաժնեմասի մասնավորեցման ուսումնասիրում”, “լիցենզիաների ցանկի կրճատում”, “ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների կրճատում” եւ այլն, եւ այլն…

Համարյա չկան, ինչպես ասացի, դրույթներ, թե կառավարության գործունեության արդյունքում երբ եւ ինչ արդյունքների եք հասնելու, բացառությամբ այնպիսի օրինակների, ինչպիսին է հինգ տարվա ընթացքում զբոսաշրջիկների թվի եռապատկումը: Չկան թիրախային ցուցանիշներ ո՛չ ՀՆԱ-ի, ո՛չ տնտեսական աճի, ո՛չ առեւտրային բալանսի, ո՛չ կենսաթոշակների բարձրացման, ոչ կրթության կամ գիտության մեջ ներդրվող բյուջետային գումարների չափի վերաբերյալ: Այս ամենը նման է մի շենքի վերակառուցման ծրագրի, որում նշված չէ շենքի ներկա վիճակը, ճարտարապետական ապագա պրոյեկտը եւ վերակառուցման ժամկետները, բայց ներկայացված են այն գործիքները, որ կօգտագործվեն շինարարների կողմից այդ վերակառուցման համար: Ինչու ենք այդ դեպքում այս փաստաթղթի անունը դնում ծրագիր: Եթե սա ծրագիր է, ապա սա ծրագիր է ընտրողների առաջ որեւէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին:

Եւ պետք չէ մեզ համոզել, ինչպես որոշ հանրապետականներ արեցին, որ սա ընդամենը 6 ամսվա ծրագիր է, քանի որ ապրիլին պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Ցանկացած կառավարություն նշանակվելիս պետք է ներկայացնի ծրագիր ոչ թե մինչեւ ընտրությունների օրով պայմանավորված լիազորությունների ավարտը, այլ այն ենթադրությամբ, որ տարիներ շարունակ իրեն է վիճակված լինելու երկրի կառավարման ղեկը: Եթե այդպես չեք վարվում, ուրեմն էլ ավելի է խորանում այն համոզմունքը, որ այս կառավարության նշանակումը կատարված է ընդամենը ընտրություններից առաջ դժգոհությունը մեղմելու նպատակով:

Մինչեւ ընտրություններ այս համոզմունքը ցրելը բնավ դժվար չէ: Պետք է ընդամենը կատարել մի քանի արմատական քայլ, որոնք վերացնում մենաշնորհները եւ էապես թուլացնում են կոռուպցիոն համակարգը:

Երկու նման քայլ առաջարկել է Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մենք լսեցինք կառավարությունից դրական արձագանքներ, բայց առայժմ չկան կոնկրետ գործողություններ: Չկան կոնկրետ գործողություններ նաեւ նախորդ կառավարությունների չարաշահումների բացահայտման ուղղությամբ: Ոչ ոք ավելի լավ դիրքում չէ, քան դուք, պարոն վարչապետ, եւ ձեր ղեկավարած կառավարությունը, այդ չարաշահումները ուսումնասիրելու եւ իրավապահ մարմիններին ներկայացնելու համար: Եթե ասելու եք՝ դա իմ գործը չէ, թող դրանով զբաղվեն իրավապահ մարմինները, ընդամենը հաստատելու եք ձեր կախվածությունը կոռուպցիոն համակարգից:

Եւ վերջապես մենաշնորհները լայն սպառման ապրանքների շուկաներում: Այդ շուկաներում նոր ընկերությունների մուտքի խոչընդոտները վերացնելը ընդամենը քաղաքական կամքի դրսեւորման հարց է: Եթե այդ քաղաքական կամքը դրսեւորվի, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք ականատես կլինենք բենզինի, դիզելի, շաքարի, ալյուրի եւ այլ ապրանքների էական էժանացմանը:

Եթե ծրագրի բացակայությունը այս պահին ինչ որ չափով դեռ կարելի է հանդուրժել, հաշվի առնելով ժամանակի սղությունը, ապա ընդամենը քաղաքական կամք պահանջող վերոհիշյալ քայլերի չկատարումը որեւէ այլ բացատրություն չի ունենա, քան այն, որ ձեր առաքելությունն է՝ փրկել Հայաստանում իշխող ռեժիմի դեմքը ընտրություններից առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31