Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբաջանյանի հոբելյանն ու Ռուսաստանի ժողովրդական միասնության եւ մարտական փառքի օրը կմեկտեղվեն

Հոկտեմբեր 22,2016 13:30

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը, որը ներառում է սիմֆոնիկ երաժշտությունից մինչեւ գործիքային կատարումներ եւ երգեր, այսօր էլ պահանջված է, ընդ որում՝ ոչ միայն մեր երկրում: Արամ Խաչատրյանը նկատելով ընդամենը 5 տարեկան Առնոյի երաժշտական ունակությունները, ինքն է որոշում կայացրել, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Հետագայում Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվեց Արամ Խաչատրյանի եւ Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ կոմպոզիտորի անհատականությունը դրսեւորվեց դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950թ.) եւ դաշնամուրային տրիոյում (1952թ.): Մինչ այդ, 1950թ. կոմպոզիտորն արդեն գրել էր լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան»:

Առանձին գանձեր են Առնո Բաբաջանյանի երգերը՝ գրված Ռոբերտ Ռոժդենստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Լեոնիդ Դերբենյովի բանաստեղծություններով, որ մինչ օրս էլ կատարվում են եւ ավագ սերնդի երգիչների, եւ այսօրվա շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Իսկ կոմպոզիտորի երգերը՝ գրված «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերի համար, շա՜տ վաղուց ինքնուրույն կյանքով են ապրում: Հայ երաժշտի հանդեպ սիրո առանձնահատուկ դրսեւորում է Իոսիֆ Կոբզոնի վերաբերմունքը. նա 1983թ. կոմպոզիտորի մահից հետո խնդրել է Ռոբերտ Ռոժդենստվենսկուն՝ բառեր գրել բաբաջանյանական հայտնի «Նոկտյուրնի» համար: Վերջինս առաջին անգամ հնչել է Մոսկվայում, կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակի առիթով:

2016թ. հունվարին լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը, որի առիթով Մոսկվայում կայացել են մի շարք հուշ-երեկոներ: Երեւանում, ըստ մեր տեղեկությունների, նույնպես սպասվում են միջոցառումներ՝ տարբեր ձեւաչափերով: Առաջինը կկայանա Հայաստանում ՌԴ դեսպանատանը, նոյեմբերի 3-ին, ավելի ուշ, ՀՀ նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) կհնչեցնի բաբաջանյանական երգերը՝ ռուս եւ հայ երգիչների շուրթերով:

artur_agajanov_spivakov

Արթուր Աղաջանովը՝ Վլադիմիր Սպիվակովի հետ:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը կայանալիք երեկոյին այլ երաժիշտների թվում կմասնակցի նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Արթուր Աղաջանովը (պրոֆեսոր Վալերի Հարությունովի դասարան): Երիտասարդ բասը հասցրել է ճանաչվել ոչ միայն մեզանում, այլեւ Ռուսաստանում՝ իբրեւ պատերազմական երգերի փայլուն կատարող: Երգիչն այս տարի երրորդ անգամ հյուրի կարգավիճակով հունիսին հրավիրված էր Սոչի՝ ավանդաբար անցկացվող «Սլավոնական համագործակցություն» միջազգային երիտասարդական ճամբար՝ կատարելու հատկապես Առնո Բաբաջանյանի երգերից: Նշենք նաեւ, որ նա 2009թ. եւ 2011թ. Երեւանում անցկացված երիտասարդ երգիչների Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիրն է:

«Առավոտի» հետ զրույցում Արթուր Աղաջանովը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայանալիք բաբաջանյանական երեկոյի նախաձեռնությունն իրենն է, հետո էլ մանրամասնեց. «Ինձ սիրով ընդունեց Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, հավանություն տալով առաջարկիս՝ ասաց, որ երկու նշանակալի իրադարձությունները կմեկտեղվեն մեկ օրում՝ Բաբաջանյանի հոբելյանն ու Ռուսաստանի ժողովրդական միասնության եւ մարտական փառքի օրը»:

Իսկ թե ինչպե՞ս հայ երգիչը ճանաչված դարձավ հատկապես Ռուսաստանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համերգային հրավերներս սկսվել են դեռեւս 2010թ.: Այդ տարի առաջին անգամ Մոսկվայում մասնակցեցի «Ռուսական երգ» երկրորդ միջազգային մրցույթին, 2013-ին եւ 2014-ին Հայաստանը ներկայացրի Վոլգոգրադում, ապա Կուրսկում՝ «Մեծ հաղթանակը ձեռք է բերվել միասնությամբ» ֆորումներում, մասնակից եմ եղել նաեւ Հաղթանակի 70-ամյակի առիթով Մոսկվայում կայացած ֆորումին, եւ այլն»:

 

ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»

21.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31