Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բաժակ սուրճի իրավունքը

Հոկտեմբեր 22,2016 16:00
merujan Ter-Gulanyan

Ամեն մարդու ծննդավայրն իր Աստծո հոգու տունն է, ուր նա առաջին անգամ տեսել է արեւն ու ջուրը եւ, ինչպես հաճախ է կատարվում, մոռացել:

Ճակատագրի բերումով ես ծնվեցի Ջավախքի՝ սարերից կախված Գոման գյուղում, որտեղ, ինչպես մի անգամ արդեն ասել եմ, նիհար մարդկանց չէին հավատում, եւ որի ձյունածածկ սարերում մինչեւ հիմա էլ ապրում են իրենց գիշերային անքնության մեջ աստղերի հետ երգող լճեր: Լճեր, որոնց խորքից հեռավոր աստղերի փշոտ լույսը վրան մերթ-մերթ դուրս է թռչում եւ վերադառնում լիճ՝ իր տունը, մի տարեկան ուրախ ձուկը՝ տեսնողի հիշողության մեջ թողնելով իր լուսավոր հետագիծը:

Եվ այդ տարաշխարհիկ, Աստծո միայն հիշողության մեջ ապրող գյուղում կար մի պայծառ մարդ՝ Իսոյի Անդրեասը, ով Վահան Տերյանի հետ սովորել էր Ախալքալաքի ծխական դպրոցի նույն դասարանում: Իհարկե, ինքը գրող չէր, բայց նշանավոր ընթերցող էր, եւ Տերյանը նրա համար Գանձացի Վահանն էր:

Գյուղում գրեթե բոլորը նրան խենթ էին համարում, որովհետեւ ամբողջ օրը կարդում էր: Մեր գյուղի աշխարհ ճանաչող իմաստունն էր նա: Եվ իմ հիշողության մեջ հիմա նա պատկերանում է մի տեսակ արիստոտելյան ժամանակների ճեմող ու չհասկացված փիլիսոփայի տեսքով: Նույն մորուքն ուներ: Ապրեց գրեթե հարյուր տարի, շատ գեղեցիկ էր, եւ նրա ներսում մոմ էր վառվում՝ լուսավորելով նրա դեմքը, եւ լույսն այդ ինձ էր հասնում, որովհետեւ սիրում էի նրա կողքին նստել ու լսել նրան:

Մեր գյուղից այդ տարիներին Երեւանում սովորող բազմաթիվ ուսանողներ կային, որոնք հիմնականում պոլիտեխնիկական կրթություն էին ստանում եւ գյուղ էին գալիս ներքեւը նեղ շալվարներով (ստիլյագ) եւ մոռացված խանութներից գնած պատրաստի պլաստմասսե փողկապներով, որոնց վրա միշտ մի փայլուն ապակի էր լինում:

Հերթական արձակուրդներին գյուղ եկավ նաեւ Կլիմենտը՝ ուսանողների մեջ ամենամեծամիտը, որը գյուղի միջով անցնելիս մեծերին չէր բարեւում: Եվ մի օր Իսոյի Անդրեասը, որը գյուղամիջում մեծերի հետ նստած էր, կանչեց նրան.

– Մի րոպե արի, տղա ջան:
Այդ օրը գյուղամիջում մեծերը սեղան էին բացել եւ խմում էին: Իսոյի Անդրեասը Կլիմենտին հրավիրեց սեղանի մոտ եւ հարցրեց.
– Դու Երեւաններում ի՞նչ ես սովորում:
Կլիմենտը ձգվեց, արդեն մի տեսակ պաշտոնական ձայնով ասաց.
– Փիլիսոփա եմ դառնալու:

Իսոյի Անդրեասը ժպտաց եւ շարունակեց.
– Մանկավարժը հասկանում եմ, ինժեները հասկանում եմ, բայց դու, որ ավարտես, ի՞նչ ես անելու:
Կլիմենտը նայելով սեղանին՝ ասաց.
– Օրինակ՝ սեղանին մի հավ կա, ես կարող եմ ապացուցել, որ մեկը չի, այլ երկուսն են կամ երեքը:

Իսոյի Անդրեասը ընդհանուր հավը քաշեց իր դիմաց եւ ասաց.
– Էս հավը մենք կուտենք, քո ապացուցածը դու կեր, տղա ջան:
Հավաքվածները հռհռացին: Կլիմենտը շփոթված հեռացավ իր ապացուցած հավի հետ…
Տեր Աստված, ինչո՞ւ ես հիշեցի այս ամենը: Պատճառը, թերեւս, Տրիումֆ սրճարանում դեպքից դեպք իմ տեսած նախկին նախարարներն էին, որոնք ինձ հիշեցնում էին մեր գյուղի անունները՝ երեք հոգի Լենին, չորս Ստալին, Շվերնիկ, որը մեր դասարանցի էր, Վիլիս…

Հիմա լավ չեմ հիշում, բայց այն տարիների պոլիտբյուրոյի գրեթե բոլոր անդամներից մեր գյուղում կային, ովքեր ընդամենը հունձ էին անում:

Եվ նախարարները, որոնք ահեղ ճարտասաններ էին եւ իրենց կարծիքով՝ երկիր էին փրկում, եւ որոնց ես չէի մտաբերում, նույնիսկ աստղերի տակ թռչող ձկան հետագիծը չէին թողել եւ ոչ էլ հունձ էին արել:

Նրանց թվում տեսա նաեւ մեկին, ով դժգոհելով իրեն մարդամեջ մտցնողից՝ ուզում էր նոր կուսակցություն ստեղծել՝ փորձելով ինձ ապացուցել, որ եթե իր կուսակցությունն ստեղծի, իմ սեղանի սուրճը ոչ թե մի հատ, այլ երկու-երեքը կլինի: Այնինչ ես իմ միակ սուրճն էի ուզում խմել, եւ նա ինձ խանգարում էր: Եվ այդ մասին ես նրան ասացի.
– Աստծո սիրույն, թող իմ սուրճը խմեմ:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

21.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31