Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս գալ «գործ տվողի» բարդույթից

Հոկտեմբեր 22,2016 10:00
iravunq

Եթե երթուղային տաքսիի վարորդը ծխում է, դուք ունեք երկու տարբերակ՝ լռել կամ վարորդին նկատողություն անել: Եթե երկրորդն եք ընտրում, վարորդն ունի մի քանի տարբերակ՝ 1/ սուսուփուս հանգցնել ծխախոտը (քիչ հավանական է), 2/ կյանքից, բախտից, իշխանությունից, կարմիր գծերից եւ արագաչափերից բողոքելով՝ հանգցնել ծխախոտը եւ, վերջապես, 3/ ուղարկել ձեզ շատ հեռու: Այդ վերջին դեպքում դուք ունեք երկու տարբերակ՝ փոխադարձաբար ուղարկել վարորդին նույն հասցեով կամ դուրս գալուվ մեքենայից՝  գրանցել դրա համարը եւ բողոքել քաղաքապետարան: Հայաստանում երկրորդ տիպի վարքագիծը համարվում է «ղզիկական», արգահատելի, մեր ազգին ոչ հարիր:

Իզուր. «հայաթի», համայնքի, գետտոյի, սուտ «գողականի» կեցվածքից ժամանակն է անցնել պետության քաղաքացու մտածողությանը: Կասեք՝ քաղաքապետարանը քաղաքապետարան չի, ոստիկանությունը ոստիկանություն չի, դատարանը դատարան չի եւ ընդհանրապես՝ պետությունը պետություն չի: Համաձայն եմ: Բայց վերը նշված պետական ինստիտուտներում նստած են ձեր եւ երթուղայինի վարորդի նման մարդիկ, որոնք ճիշտ մեզ նման կանգնում են երկընտրանքների առաջ:  Ինչ-որ մեկը պետք է վերջ տա «թասիբի», «ջիգյարի», «մարդկության» հնացած, ասիական պատկերացումներին:
Եթե ձեզ հետ անարդար են վարվել, մի՛ փորձեք հաշվեհարդար տեսնել, «տղա բերել» կամ դիմել ծանոթ ոստիկանին, որ նա փորձի խնդիրը տնավարի լուծել (հաճախ փողով): Կան պետական մարմիններ, որոնց պարտքն է դրանով զբաղվել՝ պետք է դիմել հենց նրանց: Մի՛ վախեցեք ձեռք բերել «գործ տվողի» կամ «մատերյալ գրողի» համբավ: Այդ կառույցներն, այո, կոռումպացված են, չունեն պատշաճ պատրաստվածություն եւ պրոֆեսիոնալիզմ, եւ երբեմն ավելի լավ է՝ ոչ մեկին չդիմել, քան նրանց հետ գործ ունենալ: Բայց դրա այլընտրանքը կամայականությունները եւ ապօրինությունները շատացնելն ու բազմապատկելն է:

Ձեզ օգնած «հեղինակավոր տղեն» հետո՝ ընտրությունների ժամանակ, շատ հավանական է, կխնդրի ձեզ «աշխատել» իր (հենց ի՛ր, ոչ թե իշխանության) համար: Ձեզ օգնած «ջիգյարով ոստիկանը» կշարունակի կաշառքներ վերցնել ինչպես ձեզնից, այնպես էլ, շատ հնարավոր է, ձեր իրավունքները խախտածից: Դիմել պաշտոնապես եւ պահանջել պետական մարմիններից կատարել իրենց պարտականությունները՝ դա է թեեւ դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհը: Իսկ պահանջելու գործիքներն, իհարկե, քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցներն են:

…Արեւմուտքում, երբ մայրուղում տեսնում են, որ մեկը օրենքը խախտելով է քշում, տեսագրում են եւ տեսագրությունը ուղարկում են ոստիկանություն: Մեր ընկալմամբ՝ նման մարդիկ «գործ տվող» են, իսկ իրականում դրան կա այլ անուն՝ քաղաքացի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. araqel says:

    “Արեւմուտքում, երբ մայրուղում տեսնում են, որ մեկը օրենքը խախտելով է քշում, տեսագրում են եւ տեսագրությունը ուղարկում են ոստիկանություն: Մեր ընկալմամբ՝ նման մարդիկ «գործ տվող» են, իսկ իրականում դրան կա այլ անուն՝ քաղաքացի:”

    Հեսա կհայտնվի Հ.Շ. ու կլուսավորի մոլորյալներին: Որ էլի արևմուտքը գեղեցկացնում եք ու Հայաստանում իրականությունը չգիտեք, կամ էլ Սորոսը անձամբ անցյալ գիշեր արագացված ընթացակարգով գրանտ է տվել սենց գրելու համար:
    Իսկ իրականում Օրինապաշտ են ու Քաղաքացի միայն Ռուսաստանում:

  2. Լավատես says:

    Քաղաքացուն պետք է առաջին դասարանից՝ եթե ոչ ավելի վաղ դաստիարակել որպես ապագա պատասխանատու պետական ծառայող, դրա համար առանց հեծանիվ հնարելու վերցնենք ասենք խորհրդային ժամանակների փորձը ապագա կուսակցականի անցնելիք փուլերը՝ առաջին դասարանում՝ հանդիսավոր պայմաններում աստղ էին շնորհում, կարծեմ երդման արարողություն էլ կար երեխաների կողմից, հետո՝ կարմիր վզկապ, հետո էլի նշան, թեկնածու ու նոր միայն կուսակցական՝ ճիշտ է, այդ ամենը հիմնականում ձեւական բնույթ էր կրում կամ էլ լուրջ, ասենք զինվորական աստիճանավորումը՝ կոչումներ, պաշտոններ, շքանշաններ, հերոսներ, բարձրագույն ռազմական կրթություն ու նման բաներ։ Ավելի բարձր պաշտոն, համապատասխանորեն՝ ավելի բարձր պատասխանատվություն ու երդման արարողություն։ Այն ժամանակ, երբ քաղաքացիությունը կդառնա արվեստ, մասնագիտություն ու պետական ծառայություն, այդ ժամանակ էլ ժողովուրդը կդառնա ազգ։

  3. Իրավաբան says:

    Գրաքննիչ-Բուդդան Առավոտում նորություն չի))))))))))))

  4. Հ.Շ. says:

    Այս խմբագրականը կը հաստատէ թէ Հայաստանի բնակչության մի կարեւոր մասը, նվազագոյնը ասելու համար՝ հարմարած է երկրի կաշառակերական/«խըծըբը»յական համակարգին: Սակայն աւելին՝ ոմանց համար, այդ համակարգը վատը չի, քանզի առիթը տալիս է որ անոնք իրենց առօրյա, գոնէ մանր-մունր խնդիրները հեշտօրէն եւ արագօրէն լուծեն:

    Հաստատումը ակընհայտ է, սակայն պատգամը՝ վիճելի:

    Արդարեվ, Արեւմտյան կարգ մը երկիներում այդ գետնի վրայ կացությունը աւելի լաւն է, ոչ թէ որովհետեվ բնակչությունը կը մերժէ կաշառքով/անձնական կապերով լուծել նոյնատիպ հարցերը, այլ որովհետեւ այդ կաշառքը ընդունող կամ կողմնակցությունը կատարող ոստիկաններն ու պաշտօնյաները սակավաթիւ են: Իսկ անոնց ալ այդ վարքագիծը բարոյական բարձր ըմբռնողության, ազնվական սկզբունքների կամ անձնական առաքինության վրայ հիմնված չէ, այլ Օրէնքի իսկական եւ ազդու կիրառման արդիւնք է, որու կը միանա ներքին ստուգումների լուրջ ու կանոնավոր մեխանիզմներ: Մի խօսքով, բռնվելու, գործը կորսնցնելու, տուգանք ստանալու կամ բանտարկվելու վախից է որ պետության գործակալները հեռու կը մնան կաշառակերությունից եւ անձնական կողմնակալությունից:

    Հետեւաբար, սրբագրումը անհնար է, եթէ չգա «վերեվ»ից, Օրէնքի գործադրման ուժով եւ հարկադրանքով:

    Նշենք սակայն թէ Արեւելքի մէջ երկիրներ կան ուր այդպիսի համակարգ հաստատված է դարերէ ի վեր, եւ ոչ մէկի մտքից այլեւս չի անցնում իսկ որ մի օր փոխվելու է…

  5. Խաչ says:

    Հարգելի խմբագիր, ուրախ եմ որ արծարծում եք այս թեման. Այն պիտի դպրոցական տարիքից դասագրքերով սերմանվի սերնդի հոգեբանության մեջ, որպեսզի բողոքը որպես մատնություն չդիտվի։ Մատնությունը դավաճանության պես մի բան է, իսկ բողոք արտահայտելու իրավունքը զարգացած քաղաքացիական հասարակության առաջին գրավականն է։ Մեր «ազգային» հոգեբանության մեջ խնամի ծանոթ բարեկամ «ախպերություն» հոգեվիճակը դեռ շատ վաղուց է ներդրված։ Դրան է գումարվել սովետական մեթոդը, հարցերը տնավարի լուծելու առումով։ Հասարակ քաղաքացու մտածելակերպի մեջ պետք է ամրանա բողոքել կարողանալու հնարավորությունը, իսկ այդ բողոքներին չլսողներից պետք է անմիջապես ձերբազատվել։ Այնքան ժամանակ, որ լյումպեն մտածելակերպը տիրում է հասարակության զգալի մասի մոտ, ոչ մի բարի «ցար» չի կարող ուղղել երկրի վիճակը, լավագույն տարբերակի դեպքում պարզապես հրաժարական կտա, ու կհեռանա ձեռնունայն։ Ժողովուրդը հարցեր լուծելու տնական տարբերակին է ծանոթ, իսկ օրենքը միայն այն դեպքում է գործածվում, երբ դա ձեռնտու է ոմանց։ Ուրախ եմ, որ կարողանում եք առանց վարանելու ցավոտ հարցեր բարձրացնել, որը և խոսում է Ձեր քաղաքացիական պարտքի բարձր զգացողության մասին։ Ուրախ եմ նաև, որ առիթ եմ ունեցել ձեզ հանդիպել 30 տարի առաջ, որպես երաժշտանոցի դասախոս, ու պարկեշտ ու ազնիվ մարդու իմ այն ժամանակվա ունեցած ձեր մասին կարծիքը չի փոխվել։ դուք չեք վախենում, ու չեք հեռացել Հայաստանից, դրա համար էլ հարգանքի եք արժանի։ Ովքեր որ ձեզ քննադատում են, հատկապես դրսից, թող անկեղծորեն նաև ասեն, թե ի՞նչ են արել Հայաստանի համար։ Ձեզ կծաղրեն, կզազրախոսեն, պիտակներ կկպցնեն, կհակառակվեն ու կքարկոծեն. Պինդ կացեք։ Ես հո գիտեմ որ ինձ նման ատում եք լյումպեն տարրին ու ձեր մեթոդներով պայքարում եք դրա դեմ։ Կեցցե՛ք։

  6. Իրավաբան says:

    Շաբաթ օրը ես նույնպես մենկաբանություներ էի թողել:
    Երևի մոդերատորի դուրը չէր եկել?
    կամ էլ վախեցել էր պարոն Աբրահամյանի դուրը չգար???
    Երկակի ստանդարտների Առավոտը:

    • Հարգելի Իրավաբան: Ձեր մեկնաբանության մեջ մեր կայքում մեկնաբանությունների խախտում կար՝ մասնավորապես այս կետի. «Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»:

      • Իրավաբան says:

        Կասեք որ մասն է հարձակում հեղինակի վրա, և ես իհարկե ներողություն կխնդրեմ ,եթե վիրավորում եմ։
        բայց սենց մերկապարանոց ու կամայական յուրաքանչյուր մեկնաբանություն ձեզ համար հարձակում է թվալու։
        այ քեզ բան։
        օրինակ պարոն Աբրահամյանը լկտի ու ամբարտավան է համարում սուրիկ խաչատրյանի վարքը, բայց խմբագրականը, պաչզվում է, չի հակասում կանոններին։
        երիցս ափսոս։

        • Հարգելի Իրավաբան: Եթե մեջբերենք Ձեր մեկնաբանության այդ հատվածը՝ կստացվի, որ այն հրապարակում ենք, մինչդեռ այն իրոք հեղինակի նկատմամբ վիրավորական արտահայտություններ էր պարունակում: Եվ հետո՝ ինչ է նշանակում «յուրաքանչյուր մեկնաբանություն» հարձակում է թվալու»: Ձեր յուրաքանչյուր մեկնաբանություն հրապարակվել է՝ չի հրապարակվել այս մեկը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31