Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի 71-րդ տարեդարձն է. Գլխավոր քարտուղարի ուղերձը

Հոկտեմբեր 22,2016 12:28

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ.

Այս տարի ՄԱԿ-ի օրը նշվում է թե՛ աշխարհի, թե՛ ՄԱԿ-ի համար անցումային ժամանակահատվածում:

Մարդկությունը թևակոխել է կայունության դարաշրջան՝ «Կայուն զարգացման օրակարգ- 2030»-ի մեծ պարտավորությունն իրականացնելու համաշխարհային հանձնառությամբ: Եվ ահա, կազմակերպության 71-րդ տարում մենք ունենք 17 նպատակ, որոնք մեզ մղելու են դեպի ավելի լավ ապագա բոլորի համար՝ առողջ մոլորակի վրա:

Աշխարհն, ի վերջո, հաղթահարում է այն մտակերտվածքը, որի համաձայն բարգավաճման տանող ուղին էներգակիրների այրումն է: Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պայմաններում անդամ երկրները ռեկորդային ժամանակահատվածում ընդունել են կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը: Այս շրջադարձային միջոցն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ին: Այդ պատմական մեկնակետն ամփոփում է ավելի կանաչ, մաքուր և սակավ ածխածնային զարգացման մեր լավագույն հնարավորությունը:

Միավորված ազգերի կազմակերպությունը ևս անցումային փուլում է. ութերորդ գլխավոր քարտուղարին փոխարինելու է գալիս իններորդը: Ես պատիվ եմ ունեցել վերջին 10 տարիներին ծառայելու ՄԱԿ-ի ժողովուրդներին: Մենք միասին դրել ենք համատեղ առաջընթացի լուրջ հիմք: Եվ այդ հիմքի վրա պետք է կառուցենք՝ ավելի ջանասիրաբար աշխատելով կանանց զորացման, երիտասարդների ներգրավման ու բոլորի մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Բայց մենք նաև ահռելի հիասթափություններ ենք ունեցել, այդ թվում՝ չլուծված հակամարտությունները, որոնք անսահման տառապանքների պատճառ են փոթորկված Մերձավոր Արևելքում, Հարավային Սուդանում, Սահելում և այլուր: Բռնության ու աղետի այս և այլ առաջնագծերում ՄԱԿ-ի խիզախ անձնակազմը շարունակում է լինել իրավիճակի կիզակետում ու արձագանքել խոցելի վիճակում գտնվողների ծանր կացությանը:

Շնորհակալ եմ աշխարհի բոլոր մարդկանց իրենց աջակցության համար և հորդորում եմ անմնացորդ սատարել նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ շարունակելու համաշխարհային խաղաղությանը, կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր առաքելությունը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31