Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականություն և բամբասանք

Հոկտեմբեր 23,2016 12:00

Շատերն են հույսեր կապում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Շատերն են գովաբանում նրան՝ թվարկելով նրա բարերամասնությունները: Բայց վարչապետ Կարեն Կարապետյանին ամենից ավելի գովաբանում են նրանք, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ գովաբանում էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով վերջինիս մարդկային բարեմասնությունները, մշակույթին ու մշակույթի մարդկանց օգտակար լինելու նրա պատրաստակամությունը:

Հասկանալի է, որ ասածս առաջին հերթին վերաբերում է մեր մշակույթի գործիչներին ու մտավորականներին, որոնք հիմա էլ, իրար հերթ չտալով, նոր վարչապետին են գովաբանում ու պանծացնում: Նույնը  անում են մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի կապակցությամբ:

Նորանշանակ վարչապետը, Ամիրյանն ու մյուս նախարարները մարդ են և չեն կարող անտարբեր վերաբերվել այս գովեստներին ու գովաբանողներին, որոնք հիմնականում շարքային ու սովորական քծնողներ են և տարիներ շարունակ այսպես ու այս ճանապարհով են առաջ տարել իրենց գործերը, որովհետև աստիճանավորների զգալի մասը քծնանքի ու գովեստի կարոտ է, և նրանցից քչերն են, որ անտարբերություն են հանդես բերում քծնանքի ու քծնողների հանդեպ, ինչպես որ անտարբերություն հանդես չեն բերում իրենց քննադատողների հանդեպ: Փաստորեն, մարդկային սովորական կրքեր ու հակումներ են, որոնք, ցավոք սրտի, պետական ու պաշտոնական մակարդակներում նկատելի եղանակ են ստեղծում:

Բացի նորերին հանիրավի գովաբանելուց՝ հներին ու հեռացածներին էլ հանիրավի պախարակում են: Նույն մշակույթի մարդիկ, որոնք Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում ծպտուն չէին հանում, հիմա, հետին թվով, հետևից ինչ ասես ասում են:

Այսուհանդերձ, մարդիկ էլ կան, որոնք առիթ են փնտրում, որպեսզի նորանշանակներին պախարակեն ու վարկաբեկեն: Ֆեյսբուքը դրան միանգամայն նպաստում է: Բավական էր նորանշանակ Արմեն Ամիրյանը մի անզգույշ արտահայտություն աներ ծաղիկների վերաբերյալ, որպեսզի իր «չուզողները» մեկից վրա տային: Իհարկե, Արմեն Ամիրյանը, որպես բազմափորձ լրագրող, պիտի որ զգուշավորություն հանդես բերեր, որպեսզի լրագրողների ու մյուսների բերանը չընկներ: Այդ իմաստով նորանշանակ վարչապետն ավելի ճիշտ է իրեն դրսևորում: Առայժմ: Հասկանալի է, որ նա էլ «չուզողներ» կունենա, ովքեր հարմար առիթի են սպասում: Բայց, ինչպես ասացինք, վարչապետն իրեն առայժմ հնարավորինս ճիշտ է դրսևորում: Ճիշտ, բայց ոչ՝ կաշկանդված: Տեղն եկած տեղը հումոր էլ է անում, ամեն ինչի վերաբերյալ հնարավորինս ազատ է արտահայտվում և առայժմ իր արտահայտած մտքերի համար հարվածներ չի ստացել: Նույնիսկ ֆեյսբուքներում:

Տպավորություն է ստեղծվում, որ մեզանում պաշտոնյայի պահվածքն ու արտահայտչաձևերն ավելի կարևոր են, քան՝ նրա աշխատանքը: Նույնը վերաբերում է պատգամավորներին և պատգամավոր ընտրվել կամ վերընտրվել ցանկացողներին: Նրանցից ամենաարհեստավարժները հաջողացնում են այնպես անել, որպեսզի լրագրողների ու ֆեյսբուքների համար թիրախ չդառնան:

Առաջին հերթին՝ լրագրողների: Ինչպես միշտ, պաշտոնյաների ու քաղաքական գործիչների համար ամենավտանգավորը լրագրողներն են, հատկապես այն լրագրողները, ովքեր հանդես են գալիս և′ մամուլի էջերում, և′ համացանցում:

Վերջին տարիներին մեր բոլոր թերթերի տպաքանակները կտրուկ պակասել են, ճիշտ է, բայց լրագրության ու լրագրողների դերն ու նշանակությունը չեն նվազել: Դրանք, կարելի է ասել, ավելացել են՝ առաջին հերթին ինտերնետային և առցանց լրագրության ու լրատվության շնորհիվ:

Կարճ ասած, լրատվամիջոցներն ու լրագրողները չափազանց մեծ դեր ու նշանակություն ունեն պաշտոնյաների կերպարի կերտման ու ներկայացման իմաստով: Այդ իմաստով լրագրողի ու լրատվամիջոցի դերն ու նշանակությունը զգալի են նաև պետականաշինության և նույնիսկ պետության կառավարման գործում:

Բայց արդյո՞ք մեր բոլոր լրագրողներն են դա հասկանում ու գիտակցում: Չէի ասի: Լրագրողներ ունենք, որոնց մտածողությունը բամբասանքից այն կողմ չի անցնում: Այս իմաստով կուզեի մեջբերել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի արտահայտած հետևյալ միտքը. «Բամբասանքների վրա հիմնված լրագրությունն ահաբեկչության տեսակ է»:

Հասկանալի է, որ՝ ինչպես քաղաքական գործիչը, պաշտոնյան ու պատգամավորը, լրագրողներն էլ են մարդ և չեն կարող անսխալական լինել: Եվ ինչպես մյուսների սխալները, լրագրողի սխալն էլ կարող է մեկ այլ մարդու համար ճակատագրական լինել: Այս իմաստով, լրագրողներն էլ են պարտավոր զգուշություն ու զգուշավորություն հանդես բերել: Ընդ որում՝ շատ հաճախ:

Գաղտնիք չէ, որ մանավանդ համացանցում ավելի շատ են ընթերցվում այն նյութերը, որոնք սենսացիոն վերնագիր են կրում: Եվ շատ հաճախ մեր լրագրողներից շատերը շեշտը դնում են հենց վերնագրերի վրա, որոնք շատ հաճախ նյութի բովանդակությանը չեն համապատասխանում: Այդուհանդերձ, ընթերցողների քանակ են ապահովում:

Այսուհանդերձ, բարեբախտաբար, բարեխիղճ բազմաթիվ լրագրողներ ունենք, որ ճիշտ հակառակն են անում՝ տուրք չտալով բամբասանքներին ու էժանագին սենսացիաներին: Եվ իրականում հենց նրանք են ապահովում մեր լրագրության բարձր մակարդակը: Իսկ որ մեր լրագրության մակարդակն ընդհանուր առմամբ բարձր է, ես չէ, որ պիտի ասեմ: Փաստ է, որ մեր լրատվամիջոցների ու լրագրողների շնորհիվ է մեր հասարակությունն իմանում ու տեղեկանում, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրում:

Պարզապես ակնկալիքներս ավելին են: Ինձնից ու մյուսներից:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31