Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության գլխապտույտը Գյումրիում, Վանաձորում եւ… ՍՍՀՄ-ում

Հոկտեմբեր 25,2016 12:47

Խորհրդային տարիներին բոլոր մակարդակների ամբիոններից, նաև ԶԼՄ բոլոր միջոցներով տարածվում, կրկնվում ու կրկնվում էր. «ՍՍՀՄ-ն աշխարհի ամենադեմոկրատական երկիրն է: Իշխանությունը պատկանում է բանվորագյուղացիական դասակարգին»: «Յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է սովորի պետություն ղեկավարել»,- վկայակոչում էին Լենինի խոսքերը:

Հետագայում «իշխանության տերերի» շարքում սկսեցին դասել նաև մտավորականությանը: Միակուսակցական համակարգում այդ «ամենադեմոկրատական երկիր» թեզը հիմնավորելու և իրականություն դարձնելու համար մանրամասնորեն մշակվում ու կիրառվում էին, այսօրվա չափանիշներով, ծիծաղելի մեթոդներ:

Դիտարկենք 5000 ընտրող ունեցող բնակավայրում, (կոնկրետ` մեզ մոտ), տեղական իշխանության մարմինների ընտրական գործընթացը: Որպեսզի ավելի շատ մարդ (իբրև թե) մասնակցեր իշխանության իրականացմանը՝ ընտրողների թվի 10 տոկոսը պետք է դառնար դեպուտատ: Ուրեմն՝ 50 մարդ: Այդ թվում, դարձյալ ըստ իջեցված պարտադիր տոկոսների, կանայք՝ 21, բանվորներ՝ 31, ՍՄԿԿ անդամներ՝ 19, ՀամԼԿԵՄ անդամներ՝ 10 և այլն: Դեպուտատ պետք է լինեին գործկոմի նախագահը, նրա տեղակալը, գործկոմի քարտուղարը և 5 բաժինների պետերը, որոնք պարտադիր ՍՄԿԿ անդամներ էին:

Ուրեմն՝ ՍՄԿԿ անդամների, նաև՝ ծառայողների, 19 տեղից արդեն զբաղված էին 8-ը: Մյուս 11-ում պետք է նախատեսվեին քաղաքի առաջատար ու կարևոր հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների (այսուհետ՝ ՀՁԿ) ղեկավարները: Եվ քանի որ վերջիններս 30-ից ավելի էին՝ նախնական ընտրությունը բարդանում էր. էլ խռովել ու վիրավորվել, էլ մուննաթ ու դռներ շրխկացնել…:

Բայց ամենազավեշտալին լինում էր բանվորների նախնական «հավաքագրումը»: Բանվոր դեպուտատը պետք է անպայման առաջատար ու կարևոր ՀՁԿ-ում գոնե 5 տարուց ավելի բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատող լիներ, հարգված, ներկայանալի (այս վերջին որակումները՝ նաև ընտանյոք): Քանի որ տղամարդկանց քվոտայի զգալի մասը գրեթե սպառված էր լինում ՍՄԿԿ անդամներով, որոնք ծառայողներ էին, նաև՝ մտավորականներ, մեծամասամբ՝ տղամարդիկ, կանանց և քիչ թվով տղամարդկանց վրա էր մնում բանվորների թիվն ապահովելը: Ովքե՞ր էին նրանք ըստ ոլորտների. սպասարկման ոլորտից՝ վարսավիր, դերձակ, վաճառող, մատուցող, հավաքարար, առողջապահության ոլորտից՝ հարկի հերթապահ, տնտեսվար, խոհարարի օգնական, վարորդ, շինարարության ոլորտից՝ հյուսն, պարկետագործ, կռունկավար, զոդող, մեխանիզատոր, ներկարար , գյուղատնտեսության ոլորտից (Ջերմուկի մեջ էր կից գտնվող Կեչուտ գյուղը)՝ կթվորներ, մեխանիզատորներ և այլն:

Նշանառության տակ հայտնված կանայք, իմանալով՝ հետաքրքիր ու հակասական վերաբերմունք էին դրսևորում. մի մասը դա համարում էր իր անձի նկատմամբ բարձրագույն գնահատական ու պատվի արժանացում, հետևաբար ուրախ էր ու հպարտ: Մի մասը ներքուստ զգալով, որ դա իր տեղը չէ, ազդվում էր քաղաքի և ՀՁԿ-երի ղեկավարների հետ նույն դահլիճում նստելու և այդպիսի միջավայրում սեփական անճարակությունը ի հայտ բերելու հեռանկարից՝ լրջորեն դիմադրում ու հրաժարվում էր: Բայց նրանց դիմադրելն ու հրաժարվելը արդյունք չէին տալիս, քանի որ …«գիտե՞ս, քեզ կոլեկտիվը հարգում ու գնահատում է, դու ամենաարժանավորն ես, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ՝ դու»: «Ախր ես ի՞նչ դեպուտատ, ի՞նչ կարող եմ անել…»: «Երկու ամիսը մեկ քեզ հրավիրելու ենք: Կգաս, ներկա կլինես ու կլսես, թե նստաշրջաններում ինչ հարցեր են քննարկվում մեր քաղաքի խնդիրներից, կգնաս քո աշխատանքային ընկերներին, հարևաններին ու բարեկամներին կպատմես: Դեպուտատ լինելը հենց դա է»: Դե, կարծես թե ստացվում էր համաձայնության գալը:

Երբ բարով-խերով դեպուտատների նախնական ցուցակը լրացվում էր՝ այն պետք է անցներ կուսշրջկոմի առաջին քարտուղարի մանրազնին քննության միջով: Մեկ անգամ ևս հաշվարկվում էին ցուցակի տոկոսային ցուցիչները: Հավանության արժանանալուց մի քանի օր անց սկսվում էին կոլեկտիվների նախընտրական ժողովները, որտեղ պետք է, նախապես ներքին պայմանավորվածության համաձայն, մեկը առաջադրեր դեպուտատության թեկնածու «ցուցակի մարդուն»: Գովեստի ու դրվատանքի ելույթներ աշխատանքային ընկերների կողմից, բաց քվեարկություն. «Անցավ միաձայն»: Համապատասխան արձանագրություն: Այդ տարիներին ինքնաառաջադրումներ չէին լինում: Քանի որ միակուսակցական համակարգ էր՝ կուսակցությունն էլ առաջադրում չէր անում, բայց տեսաք, որ կուսակցությունը դեպուտատների ցուցակի միակ ու անփոխարինելի հեղինակն էր:

Նույն տոկոսային ցուցիչների պահպանմամբ պետք է ձևավորվեին օկրուգային, տեղամասային ու քաղաքային ընտրական հանձնաժողովները: Օկրուգը դա 100-ից ոչ պակաս ընտրող պարունակող տարածքն էր: Այն կարող էր լինել մեկ կամ մի քանի բնակելի շենք, հյուրանոց, առողջարան, որը քվեարկում էր կոնկրետ մեկ դեպուտատի համար: 50 դեպուտատի հաշվով ձևավորվում էին 50 օկրուգներ: Յուրաքանչյուր օկրուգային ընտրական հանձնաժողովում՝ 7 մարդ, չորս տեղամասային հանձնաժողովից յուրաքանչյուրում՝ 9 մարդ, քաղաքային հանձնաժողովում՝ 11 մարդ:

Հապա թվաբանություն արեք. հանձնաժողովների 397 անդամներ և 50 դեպուտատ, ստացվում է 447 մարդ: Բոլորին, յուրաքանչյուրին առանձին-առանձին, պետք է առաջադրեին աշխատավորական կոլեկտիվները իրենց ժողովներում, քվեարկեին, արձանագրեին, ստորագրեին… Եվ այդ ամենի մեջ՝ տոկոսային ցուցիչները՜. կանայք, տղամարդիկ, բանվորներ, ծառայողներ, ՍՄԿԿ անդամներ, կոմերիտականներ, մինչև 30 տարեկաններ… Ձեր գլուխը պտտվե՞ց: Իմն էլ…

Ընտրողների ցուցակներ կազմելը – քաղսովետի գործկոմ էին հրավիրվում բարձր դասարանների ակտիվիստներ, յուրաքանչյուրին տրվում էր մեկ տետրակ և ուղարկվում շենքից-շենք տուն առ տուն ցուցակագրելու ընտրողներին: Ցուցակներից դուրս մնացած ընտրողները կարող էին ընտրության օրը ցուցակագրվել ու մասնակցել ընտրությանը: Յուրաքանչյուր քվեաթերթիկի մեջ ընդամենը մեկ թեկնածուի անուն էր: Եվ քանի որ ընտրելու խնդիր չկար՝ ընտրողի քաղաքացիական պարտականությունը քվեաթերթիկը ստանալը, տանել-քվեատուփի մեջ գցելն ու հեռանալն էր: Շատերը հարկ չէին համարում գալ տեղամաս: Քիչ չէին դեպքերը, երբ ընտրողը զանգում էր տեղամասային հանձնաժողովում իր ծանոթին ու խնդրում իր տեղն «ընտրել» կամ ուղղակի չէր ներկայանում:

Տեղամասի փակվելուց հետո չօգտագործված քվեաթերթիկների հաշվին կատարվում էր լրացուցիչ «քվեարկություն» և արձանագրվում, որ մասնակցել են 99.99 տոկոս, դեպուտատության թեկնածուներից յուրաքանչյուրը ստացել է 99.99 տոկոս ձայն:
Առողջարանների ու հյուրանոցի ժամանակավոր «բնակիչները» ընտրության օրվա համար գրաֆիկով նախատեսված ժամին տնօրինության ներկայացուցչի ուղեկցությամբ ներկայանում էին տեղամաս և կատարելում իրենց քաղաքացիական պարտքը՝ ստանում քվեաթերթիկ, տանում, գցում քվեատուփի մեջ ու հեռանում:

Մեր «բազմազգ հայրենիքի» առանձին զավակներ իրենց պարտքն էին համարում քվեաթերթիկի վրա ռուսերեն գրառումներ անել. «Շնորհակալ եմ առողջարանի անձնակազմից բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքի համար», «Կեցցե ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը» և այլն: Եվ ոչ միայն անվավեր չէին համարվում այդ քվեաթերթիկները, այլև օգտագործվում էին շրջանային թերթի հոդվածներում, որպես սովետական կյանքից ժողովրդի գոհունակության ապացույց: Դա շատ էր օգնում գլխապտույտից արագ ձերբազատվելու համար:

Հ. Գ. (ժամանցային հուշեր – 50 տարի առաջ այս օրերին կյանք մտավ ՍՍՀՄ վերջին սահմանադրությունը)

Հ.Գ. Գյումրիիում ու Վանաձորում ներկա ժողովրդավարության գլխապտույտների մասին ևս կգրվի տարիներ հետո, և կարծում եմ, կգրվի ու կընթերցվի ժամանցային մոտիվներով:

Զեմֆիրա ՍԱՐԳՍՅԱՆ

Ք. Ջերմուկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31