Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում որոշ պատգամավորների ելույթներ էկոլոգիապես մաքուր չեն». Էկոլոգիական դաստիարակության հարցը՝ ԱԺ-ում

Հոկտեմբեր 25,2016 16:26

ԱԺ-ի քննարկմանը «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Նա ասաց, որ մարդու կապը բնության հետ ժամանակի ընթացքում փոխվել է: Փոխվում են նաեւ մարդ-բնություն-շրջակա միջավայր փոխհարաբերությունները, ուստի պետք փոփոխության ենթարկվեն նաեւ այդ հարաբերությունները կարգավորող օրենքները. «Էկոլոգիական կրթությունը շատ կարեւոր է, բայց կարեւոր է նաեւ էկոլոգիական դաստիարակությունը: Էկոլոգիա հունարենից թարգմանաբար նշանակում է գիտություն տան մասին, ուստի նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում պետք է սովորել այդ գիտությունը, ողջ կյանքի ընթացքում պետք է սովորել»:

Նախագծով սահմանվում է, թե պետությունն ինչ սկզբունքներ պետք է ունենա էկոլոգիայի դաստիարակության հարցում:

Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ ուսումնական ծրագրում շատ կարեւոր է, որ լինեն այնպիսի նյութեր, որոնք կտան այն դաստիարակությունը, որի համար առանձին ծրագիր պետք չի ներկայացնել:

Արագած Ախոյանը ողջունեց Ռուզաննա Մուրադյանի նախագիծը եւ վստահեցրեց, որ շատ սպասված էր այն: Պատգամավորն առաջարկեց, որ հատուկ առարկա դասավանդվի դպրոցներում՝ էկոլոգիական դաստիարակություն: Նա հիշեց, թե իր դպրոցական տարիքում ինչ առարկաներ է ինքն անցել. «Էթիկայի եւ էսթետիկայի դասեր ունեինք, որը շատ կարեւոր էր, դեռ դպրոցական տարիքից մեզ սովորեցնում էին, թե ինչպես կարելի է օգտվել դանակ-պատառաքաղից: Այսօր, երբ համեմատում ենք այն բնակավայրերում, որտեղ մենք ապրում ենք, տեսնում ենք ինչքան դրա պակասը կա: Կարծում եմ, դա պետք է լինի ոչ միայն ուսումնական հաստատությունների խնդիրը, այլ՝ գյուղական համայնքների, ավանների ղեկավարների խնդիրը: Այդ դասերը իրենք էլ պիտի սովորեն, որ կարողանան հետեւել: Դա պետք է լինի հայ մարդու առօրյա: Լինելով արտասահմանում՝ նախանձով եք վերաբերվել՝ տեսնելով այն մշակույթը, որ կա այնտեղ: Փորձել ենք տեղայնացնել, բայց մի ծաղկով գարուն չի գա»:

Ռուզաննա Մուրադյանը հիշեցրեց, որ սովետական շրջանում էկոլոգիայի հիմունքներ հատուկ առարկան կար: Նա ասաց, որ լավ կլինի, որ սա գիտակցություն ձեւավորող նպատակ հետապնդի եւ լինի ընդհանուր ծրագիր՝ բոլորի համար:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասաց, որ Վիեննայում բոլոր աշակերտներին անպայման տանում են Վիեննայի սրտում գործող աղբավերամշակման գործարան: Իսկ մենք հեռու ենք այս մշակույթից: Նա ցանկություն հայտնեց, որ Երեւանում էլ ունենանք նման աղբավերամշակման գործարան եւ կրթելու մեր ազգաբնակչությանը էկոլոգիապես ճիշտ ու գրագետ:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ «մեր անկախության ակունքներում բնապահպանական շարժումն է եղել»:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ արձանագրեց՝ «Բնության հետ ներդաշնակ ապրելու համար նախ պիտի մեր բոլորի հոգիները մաքուր լինեն, որպեսզի կարողանանք կարգավորել մեր օրվա ընթացքը եւ բնության հետ հաշտ ու համերաշխ լինենք»:

Մարգարիտ Եսայանի դիտարկմամբ՝ ԱԺ-ում որոշ պատգամավորների ելույթներ «էկոլոգիապես մաքուր» չեն. «Երբ մարդու մտքերը մաքուր են, նրա արարքները եւս մաքուր են, նա գիտի, որ չի կարելի է ծառերը կտրել, աղբը թափել գետնին, լիճը պղտորել, ջուրը պղտորել, մարդկանց մտքերը պղտորել, դա նույնպես էկոլոգիա է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31