Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմԱս»-ը 4 տարեկան է

Հոկտեմբեր 25,2016 22:19

«ԱրմԱս» գինեգործական ընկերությունը 4 տարեկան է:  «ԱրմԱս» գինիների գործարանի հիմնադրումը սկսվել է 2007 թվականից, բայց առաջին գինին շշալցվել է 2012 ին:

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում գտնվող «ԱրմԱս» ընկերության խաղողի այգիներում այսօր տեղի ունեցավ տոնական արարողություն, որին ներկա էին հյուրեր Հայաստանից և արտասահմանից` դեսպաններ, նկարիչներ, բժիշկներ, երաժիշտներ: Տոնը կրկնակի էր, քանի որ իր ծննդյան տարեդարձն էր նշում նաև «ԱրմԱս» ընկերության գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը:

Ծննդյան տարեդարձի լավագույն անակնկալը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այս տարվա հոկտեմբերի 10-ից 12-ը ասիական գինուն նվիրված մրցույթում Հայաստանը ներկայացնող «ԱրմԱս» ընկերության` 6 մեդալի արժանանալն էր:

armas2 armas3

«ԱրմԱս» գինեգործական ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս մրցանակներն իրենց ընկերության համար մեծ ձեռքբերում է. «Մեր նպատակն էր նաև ցույց տալ, թե Հայաստանում ինչ որակ է արտադրվում: Կարևորում ենք աշխարհին հայտնի դարձնել հայկական գինեգործությունը:  Բավական է` մեր պատմությունը յուրաքանչյուրս ճիշտ պատմենք, և դա օգտակար կլինի բոլորիս համար»:

armas5

Տեղեկացնենք, որ ասիական գինուն նվիրված համաժողովն ու մրցույթն անցկացվում էին առաջին անգամ: Նախաձեռնողներն էին բելգիական հայտնի «Վինոպրես» գործակալությունը,  Չինաստանում «Վինոպրեսի» գործընկեր, Պեկինի գինու փոխանակման միջազգային հարթակը եւ գինու արտադրության ոլորտում առաջատար Բրյուսելի միջազգային մրցույթի (The Concours Mondial de Bruxelles: “A United Nations of Fine Wines”) ղեկավարությունը՝ «Եվրոմոնիթոր Ինթերնեյշնըլ» ընկերության աջակցությամբ: Հայաստանը ներկայացնելու համար հատուկ հրավերով Չինաստան էր մեկնել նաեւ «ԱրմԱս» ընկերության գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը:

Նա նշեց, որ նախաձեռնության շնորհիվ գինի արտադրող ասիական ընկերություններն առաջին անգամ նույն հարթակին ներկայանալու, միմյանց փորձը կիսելու, մրցելու հնարավորություն էին ստացել. «Սա բացառիկ հնարավորություն էր նաեւ մեր մշակութային ժառանգությունը, ավանդույթները ներկայացնելու, Հայաստանը` որպես գինի արտադրող ամենահին երկիր, գինու ծննդավայր ճանաչելի դարձնելու համար»:

Չինաստանում Վիկտորիա Ասլանյանը հայկական գինու վերածննդի թեմայով մասնագիտական դաս է անցկացրել եւ ներկայացրել «Գոլդեն Գրեյպ Արմաս» ընկերությունը` որպես հաջողված բիզնեսի օրինակ:

armas4

3 օրերի ընթացքում անցկացվել են մասնագիտական դասեր, համտես, մրցույթ: Գինիներին իրենց գնահատականներն են տվել հայտնի փորձագետներ Օլիվիեր Բուշը` Ֆրանսիայից, Սոնալ Հոլանդը` Հնդկաստանից, Ռոբերտ Ժոզեֆը` Մեծ Բրիտանիայից, Անետ Սկարֆը` Սինգապուրից եւ այլք: Ներկա են եղել նաեւ գինեգործության ոլորտը լուսաբանող փորձառու լրագրողներ, գրողներ: Նրանց բոլորի գնահատականով էլ ներկայացված 700 գինիներից ԱրմԱսի գինիները հայտնվել են լավագույնների շարքում՝ արժանանալով 6 մեդալի: «ԱրմԱս Ոսկեհատ ռեզերվ», «ԱրմԱս Արենի», «ԱրմԱս Արենի ռեզերվ» գինիները ստացել են ոսկե, «ԱրմԱս Արենի», «ԱրմԱս Կանգուն սպիտակ կիսաքաղցր» եւ «ԱրմԱս Վարդագույն չոր» գինիները՝ արծաթե մեդալներ:

Հարցին` արդյոք չե՞ն պատրաստվում արտահանման ծավալներն ընդլայնել, տիկին Ասլանյանը պատասխանեց, որ դա մեկ օրվա գործ չէ և տեղեկացրեց, որ այժմ աշխատում են Չինաստանի ուղղությամբ. «Մեր պատիվն է, որ բոլոր հայկական գինիները ճանաչվեն, հետո ամեն մեկս մեր տեղը կգտնենք միջազգային շուկայում, այն այնքան լայն է»:

Ըստ Վիկտորիա Ասլանյանի` կին լինելու գործոնը դերակատարություն չունի բիզնեսում. «Հացին այդ կողմից երբեք չեմ նայում. կին կամ տղամարդ կապ չունի, հատկապես, երբ ներկայացնում ես արդյունք: Ոչ ոք չգիտի` ով է արտադրողը, ով կազմակերպիչը, ով է հեղինակը, կարևորը որակն է և ճիշտ ներկայացնելը հայկական գինու պատմությունը»:

«ԱրմԱս»-ի միջազգային մրցանակների շարքը ընդգրկուն է. ընկերությունը Ռուսաստանի սոմելյեների եւ գինու փորձագետների միության կողմից արժանացել է  մի շարք մրցանակների. ոսկե մեդալի` «ԱրմԱս»-ի «Արենի Ռեզերվ կարմիր անապակ գինի 2010»-ը, «Ոսկեհատ Ռեզերվ սպիտակ անապակ գինի 2013»-ը, արծաթե մեդալի`«Ոսկեհատ սպիտակ անապակ գինի 2012»-ը, «Կանգուն սպիտակ չոր գինի 2012» -ը, «Ռոզե վարդագույն անապակ գինի 2012»-ը, «Արենի կարմիր անապակ գինի 2012»-ը, «Կարմրահյութ կարմիր անապակ գինի 2012»-ը: երկու տարի անընդմեջ ընկերությունը ստացել է «Դեկանտեր» մրցանակներ: «Դեկանտեր 2015» մրցանակի են արժանացել «ԱրմԱս»-ի «Կանգուն կիսաքաղցր 2013», «Կարմրահյութ 2012», «Արենի Ռեզերվ 2012», «Ռոզե 2013» գինիները:

armas6

«Դեկանտեր 2014» համաշխարհային գինեգործական մրցույթին`Լոնդոնում, «ԱրմԱսի» անդրանիկ տեսակավոր գինիներին`«Ռոզե 2012»-ին, «ԱրմԱս սպիտակ կիսաքաղցր 2012»-ին, «ԱրմԱս կարմիր անապակ գինի 2012»-ին շնորհվել է 3 մեդալ: Իսկ 2014-ին` բալթյան երկրներում ամենախոշոր գինեգործական իրադարձություն համարվող «Վինո Դիենոս» գինու տոնավաճառին, «ԱրմԱս Ռոզե 2012»-ն արժանացել է արծաթե, իսկ «ԱրմԱս Ոսկեհատ 2012»-ը բրոնզե մեդալների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31