Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամագործակցե՞ն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն` ի դեմս ՀԱԿ-ի ու «Համախմբման»

Հոկտեմբեր 26,2016 15:26

«Ընդհանրապես քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները հեռանկարային ենք համարում, բայց այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ կքննարկենք ու վերջնական որոշում կունենանք: Մենք ինքներս դեռեւս այդպիսի հատուկ քննարկված որոշում չունենք`ի՞նչ անել, ո՞նց անել: Բայց կուսակցության ստեղծման օրվանից մենք հայտարարել ենք, որ կողմ ենք այդ գաղափարին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանն` անդրադառնալով նախօրեին ՀԱԿ կուսակցության տարածած`համախմբման քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին հայտարարությանը :

«Համախմբում» կուսակցության շանսերը Ստեփան Մարգարյանն այսպես է գնահատում. «Եթե կուսակցություն ենք ստեղծել եւ քաղաքական ասպարեզ մտել, իհարկե, հնարավոր ենք համարում, որ կարող ենք հաղթահարել անհրաժեշտ շեմը: Մեր հնարավորությունները համարում ենք բավականին բարձր: Հիմա թե ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները`կապրենք, կտեսնենք»:

Նա համաձայն չէ, որ «Համախմբման» ռեսուրսները բավարար չեն ու այդ է պատճառը, որ ստեղծման օրից կուսակցությունում խոսում են ընդդիմադիր ուժերի համախմբման մասին: «Մեր ռեսուրսները ոչ ոք չի չափել եւ մեզնից բացի այդ ռեսուրսների մասին որեւէ մեկը չգիտի: Եթե կան նման խոսակցություններ, դրանք ուղղորդված են: Երկու խոշոր քաղաքներում ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը, մեծ մասամբ, կողմնորոշվում է դեպի ընդդիմություն: Մեր երկրում փոփոխության հասնելու միակ ձեւն ընդդիմության միասնականության մեջ է: Առանձին հանդես գալու դեպքում ձայները փոշիանում են: Ես շատ եմ լսել մարդկանցից, որ դժգոհում են, թե բոլորն ասում են, որ ընդդիմություն են: Թե որն է ավելի լավ ընդդիմություն, որն է միակը, որը բազմակին, ժամանակը ցույց կտա: Ժողովրդին այս ամենը պետք չէ հրամցնել: Ժողովրդին պետք է ասել, որ կա ընդդիմադիր բեւեռ եւ իշխանական բեւեռ: Կհաջողվի դա, ապա կլինեն փոփոխություններ, չի հաջողվի, կունենանք այն, ինչ ունենք»,- ասաց նա:

Նա անորոշ եւ չժխտողական պատասխան տվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցության հնարավորությանը`ՀԱԿ-«Համախմբում» ձեւաչափով. «Դե ինչ ասեմ, հիմա կգա համագործակցության պահը, կտեսնենք: Առհասարակ, ոչ մի բան ես չեմ բացառում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31