Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունքներում նշել է, որ առեւանգման ընթացքում իրեն պարտադրել են խոստովանել, թե Աչաջրի գյուղապետի ու նրա որդու նկատմամբ մահափորձն իրականացրել է Աչաջրի նախկին գյուղապետի հրահանգով

Հոկտեմբեր 27,2016 10:28

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2016թ. փետրվարի 1-ից շարունակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 4 բնակիչների դատավարությունը: Քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Աչաջուր գյուղի վերոհիշյալ բնակիչները մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: Ամբաստանյալները չեն ընդունում մեղքը, հայտարարելով, որ իրականում առեւանգում չի եղել: 4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ:

Հոկտեմբերի 25-ի դատական նիստում հրապարակվեցին քրեական գործով տուժող Մ. Մելիքբեկյանի նախաքննական ցուցմունքները, որպեսզի պարզվեն նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունները: Նա դատական նախորդ նիստում ցուցմունք էր, որ իրեն բռնությամբ առեւանգել են, իրենից խոստովանություններ կորզել:

Հոկտեմբերի 24-ի նիստի ընթացքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, ամբաստանյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը, Ավագ Լալայանը Մ. Մելիքբեկյանին հարցեր տվեցին դեպքի հանգամանքների մասին: Գործով տուժողը նստել էր մեղադրող Ռ. Երիցյանի կողքին, հարցերին պատասխանելիս հայացքն ուղղում էր վերջինիս: Ամբաստանյալների պաշտպաններ Լ. Սիմոնյանը եւ Ա. Լալայանը պահանջում էին, որ տուժողը կանգնի դահլիճի կենտրոնում, միկրոֆոնին մոտ, որ նրա խոսքերը հստակ ձայնագրվեն:

Գործով տուժողի նախաքննական, դատաքննական ցուցմունքների մեջ առկա հակասությունները պարզելիս՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը փորձում էր նրա ասածների մեջ տրամաբանություն տեսնել: Տուժողը դատավորի հարցերին հաճախ պատասխանում էր՝ չեմ հիշում, հոգեճնշված վիճակում եմ եղել, այդ մասին քննիչները ինձ հարցեր չեն տվել, բավական ժամանակ է անցել:

Երբ հրապարակվեցին տուժողի ցուցմունքներն այն մասին, թե ինչպես է տեսել Սարիգյուղի մատուռի մոտ իրեն հանդիպած անծանոթներին, նկարագրել վերջիններիս արտաքինի վերաբերյալ խիստ մանրամասն տվյալները, Մ. Մելիքբեկյանն ասաց, որ քննիչներն են իրեն ցույց տվել այդ մարդկանց նկարները, ինքը նկարներին նայելով ՝ նրանց արտաքինը մանրամասն նկարագրել է:

Մ. Մելիքբեկյանը իր նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում նշել է, որ առեւանգման ընթացքում իրեն պարտադրել են խոստովանել, թե Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի եւ վերջինիս որդու նկատմամբ մահափորձն ինքն իրականացրել է Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանի հրահանգով, մինչդեռ փորձագետների կողմից առանց մոնտաժված ապացույց ճանաչված տեսանյութում Մեխակ Մելիքբեկյանն ասել է, որ ինքը մահափորձ կատարելիս գործել է ինքնուրույն, վրեժ կատարելու դրդմամբ:

Մեխակ Մելիքբեկյանի ցուցմունքների հակասությունները շատ էին, դատարանում նրա հիշողությունը՝ հատվածային. քրեական գործով 3 ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը այդ առթիվ դատարանում հիշեց խորհրդային հայտնի «Հաջողության ջենթլմենները» ֆիլմում Եվգենի Լեոնովի մարմնավորած հերոսի ձեւացումը, երբ նա ձեռքը գլխի տարբեր հատվածներին տանելով ՝ ասում է . «Այստեղ հիշում եմ, այստեղ չեմ հիշում»:

Արտակ Մանուչարյանի պաշտպան Ավագ Լալայանը համակարգչի մեջ ցույց տվեց Մեխակ Մելիքբեկյանի լուսանկարը՝ բջջային հեռախոսը ձեռքին, մինչդեռ վերջինս ցուցմունք էր տվել, որ առեւանգման ժամանակ հեռախոսն իրենից վերցրել էին: Տեսագրության մեջ առկա է այն դրվագը, ուր Մ. Մելիքբեկյանը ասել է, որ կարող է այդ պահին զանգահարել Էջմիածին:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Մեխակ Մելիքբեկյանի տարբեր ցուցմունքների միջեւ էական հակասությունների վերաբերյալ մեզ հայտնեց. « Տուժողը իր սկզբնական ցուցմունքը տալիս տեղյակ չի եղել, որ այդ ամենը տեսաձայնագրվել է եւ գործի հանգամանքները ներկայացրել է իրեն ցանկալի ձեւով: Դրանցից հատկանշականն այն է, որ երբ հասել են Ջողազ, իրեն ծեծի են ենթարկել, սպառնալիքներ տեղացել, որից հետո երբ ինքը համաձայնություն է տվել, որ կասի այնպես, ինչպես տղաներն են ուզում, դրանից հետո անմիջապես նստել են մեքենան եւ գնացել Աչաջուր, Աշոտ Աբազյանի տուն: Սակայն տեսաձայնագրությունում ակնհայտ է, որ այնտեղ մոտ մեկ ժամ նրանց միջեւ խոսակցություն է եղել, տեսաձայնագրության մեջ չի երեւում,որ նրան որեւիցե մեկը սպառնալիք է տվել, հարվածել, ծեծել կամ որեւիցե կերպ նրա նկատմամբ բռնություն է գործադրել: Այդ ամենից ակնհայտ է, որ, ըստ էության, այն հիմնական մասերը, որ նա պնդում է իր ցուցմունքում, թե իբր իրեն սպառնացել են, եթե նա այդպես չասի, իրեն վնաս կտան, ինքը դա միշտ հերքում է: Մասնավորապես, դատարանում ցուցմունք տալիս նշում է, որ ինձ ասել են՝ ասա, որ դա Տաթեւն է կազմակերպել, եթե դու չասես, որ դա Տաթեւն է, ապա այսպես կլինի: Տեսաձայնագրությունում երեւում է, որ նման խոսակցություն ընդհանրապես գոյություն չունի, դեռ ավելին՝ նա ամեն կերպ հերքում է Տաթեւի մասնակցությունն այդ դեպքերին, ասում է, որ ես եմ արել, լավ եմ արել ու նույնիսկ հայհոյախառն արտահայտություններ է անում Տաթեւի հասցեին, դե նա ով է, որ ինձ ասի այդպես անեմ:

Հաջորդ հակասությունը, եթե ինքը իր սկզբնական ցուցմունքում նշել է, որ ընդամենը իր ձեռքը բռնել, նստեցրել են ավտոմեքենա, իր հետագա ցուցմունքներից 5-րդում նա շեշտում է, որ մինչեւ մեքենա նստելը նաեւ իրեն սպառնացել են: Եթե ինքը իր սկզբնական ցուցմունքներում նշում է, որ իբր Գագիկը դանակով փորձել է հարվածել դեմքին, ինքը գլուխը ետ է քաշել, հրապարակված վերջին ցուցմունքներում նշում է, որ Գագիկը երբ խփեց, խազեց դեմքս: Փորձագետը իր եզրակացության մեջ նշել է, որ նրա աչքի տակ որոշակի վնասվածք կա, թեեւ տեսաձայնագրությունում նրա վրա որեւէ վնասվածք չի երեւում: Նույնիսկ այդ պայմաններում դեմքի խազ, դանակի պատճառած, որը փորձագետը ակնհայտորեն կնկատեր, փորձագետը չի նշել»:

Մեխակ Մելիքբեկյանի նախաքննական ցուցմունքների եւ առերեսումների արձանագրությունների հրապարակումները կշարունակվեն դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 1-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31