Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացի Ջանպիերո Ռուջերին Ռիգոլետո «կդառնա» Երեւանում

Հոկտեմբեր 27,2016 14:10

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գե­ղարվես­տա­կան ղե­կա­վար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան)՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունների հետ համատեղ հոկտեմբերի 27-ին` Կամերային երաժշտության տանը և 28-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպում է համերգներ ՝ նվիրված ճանաչված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին: «Վերջինը Թարիվերդիեւին նվիրված «Հիշիր այս պահը» խորագրով փառատոնի եզրափակիչ համերգն է, որը Մոսկվայից է մեկնարկել, Թարիվերդիեւի տիկինը` Վերա Թարիվերդիեւան, նույնպես Երեւանում է, համերգներն անձամբ է վարելու: Այսինքն՝ Թարիվերդիեւի հոբելյանական փառատոնի ավարտը կլինի Երեւանում»:

paraton1

Տիկին Սիրունյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց նոյեմբերի 2-ին և 4-ին կայանալիք Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետո» օպերայի համերգային կատարման վերաբերյալ: «Ինչ վերաբերում է «Ռիգոլետոյին», դա մեր 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգն է, դա ոչ միայն համերգային կատարում է, այլ թատերականացված բեմականացում, որը բեմադրել է Սուքիաս Թորոսյանը: Մասնակցում են՝ Ռիգոլետոյի դերերգով Իտալիայից ժամանած Ջանպիերո Ռուջերին (բարիտոն), որը հատուկ հրավիրվել է: Դերերում կլինեն նաեւ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, մնացած երգիչները նույնպես Հայաստանից են, բացառությամբ Ռուջերիի եւ մեր ֆրանսաբնակ հայրենակից Սուրեն Շահիջանյանի (բաս):

Այնուհետեւ կշարունակվեն ֆիլհարմոնիկ նվագախմբի մյուս միջոցառումները՝ մասնավորապես՝ Բաբաջանյանի երեկոն, որը տեղափոխվել է նոյեմբերի 25-ին, անպայման կկայանա»,-ասաց մեր զրուցակիցը:

paraton2

Aravot.am-ը տիկին Սիրունյանից հետաքրքրվեց՝ արդյոք տարին արդյունավե՞տ էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի համար:

«Շատ-շատ մեծ ծրագրեր իրագործեցինք այս տարի, միայն փառատոնի շրջանակներում 25 մենակատար ունեցանք, որոնց թվում նաեւ շատ մեծանուն երաժիշտներ: Իհարկե, արդյունավետ էր, շատ լավ է, որ նման երաժիշտներ են ժամանում Երեւան: Պարզապես մի բան կա՝ միգուցե տարբեր կոլեկտիվների դասական երաժշտության աշնանային շքերթի մեջ կարծես ինչ-որ մի բան բաց է մնում, գուցե տեղեկատվության կամ մեծաթիվ համերգների առումով: Այդ պատճառներով պատահում է, որ դահլիճները լեփ-լեցուն չեն լինում, դրա համար մի փոքր անհանգիստ ենք, բայց արդյունավետության առումով, իհարկե, լավ համերգներ ենք ունեցել: Միակ խնդիրը, որ ֆիլհարմոնիկն ունի, դա ֆինանսական է, հուսանք, որ մի օր ավելի լավ վիճակում կհայտնվենք» ,- ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուզաննա Սիրունյանի լուսանկարը` Ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31