Լրահոս
Օրվա լրահոսը

Բա որ Բելառուսը մեր ատոմակայանի գաղտնիքները Ադրբեջանին ասի՞. Պատգամավորները՝ Բելառուսի հետ համաձայնագրի դեմ

Հոկտեմբեր 27,2016 14:21

ԱԺ-ում քննարկվեց ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ կառավարության եւ Բելառուսի կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասաց, որ համագործակցության առաջարկը ստացել են բելառուսական կողմից:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հարցրեց՝ մտահոգություն չկա՞, որ Բելառուսի հետ ենք այս համաձայնագիրը կնքում: Նա հիշեցրեց ՀԱՊԿ-ի շրջանակներում Բելառուսի նախագահի պահվածքը, որ աշխարհի կեսը պիտի կտրեի, գայի ձեր հետ մի հատ փաստաթուղթ ստորագրելո՞ւ: Հիմա այս համաձայնագրում գաղտնի տեղեկությունների փոխանակում կա, հատկապես իմանալով Բելառուսի եւ ադրբեջանական կողմի թշնամական ցանկությունները, մտավախություն չկա՞, որ տեղեկությունները ստանան, արդյունքում այլ բան դուրս գա: Այդ պետությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարել:

Արեգ Գալստյանը պատասխանեց, որ Բելառուսը շահագրգռված էր, որ հենց մեզ հետ համագործակցեր, որովհետեւ մեր մասնագետները փորձ ունեին, փորձում էին նաեւ մեր կադրերին հրավիրել իրենց մոտ. «Իրենց ծրագիրը, որը նախատեսել են, ըստ պլանի են իրականացնում, բավականին արագ»: Նա ասաց, որ Բելառուսի ծրագրերից էլ մենք շատ բան ունենք սովորելու:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը հարակից զեկուցող էր, նույնպես մտահոգություն հայտնեց, որ ապրիլյան դեպքերից հետո մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ որ գործնական քայլեր են պետք, ռազմական գործողություններ տեղի ունեցան, ՀԱՊԿ-ի անդամ երկրներից բոլորովին այլ վերաբերմունք էինք սպասում եւ հատկապես Բելառուսի կողմից լրիվ հակառակ հայտարարություններ լսեցինք: Ատոմակայանը ռազմավարական նշանակություն ունի եւ այստեղ մտահոգություններ կան. «Ուսումնասիրություններ կատարելով՝ փաստաթղթեր, ներքին իրավիճակ, ռիսկերի ամբողջական պատկերը պետք է լրջագույնս գնահատել»:

Թեւան Պողոսյանն էլ վերհիշեց ապրիլյան օրերը. «Թերեւս միակ երկիրն էր, որի դեսպանին արտգործնախարարը կանչեց՝ բացատրություն պահանջելու»: Պատգամավորն ասաց, որ վստահություն չունի այդ երկրի նկատմամբ, որ թղթի վրա գրեն ու տան նրանց ու նրան, ըստ պայմանագրի, կպահպանեն գաղտնիությունը. «ՀԱՊԿ-ի պայմանագրի ո՞ր մի կետն է պահպանել, որ վստահություն ունենաք այս թղթի նկատմամբ»:

Թեւան Պողոսյանին դուր չի գալիս նաեւ, որ Բելառուսը հետաքրքրված է մեր կադրերով, արտագաղթի պայմաններում մի հատ էլ մեր մասնագետներին գայթակղեն ու տանեն:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղից արձագանքեց. «Այնպես չի, որ Հայաստանի շահերը անտեսվում են, կամ չեն պաշտպանվում: ՀՀ նախագահը ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին ապրիլյան պատերազմից հետո շատ խիստ, հստակ ներկայացրեց մեր դիրքորոշումը որոշ գործընկերների պահվածքի հետ կապված եւ տեսաք, որ ՀԱՊԿ-ը դրանից հետո հայտարարեց այն, ինչ կա համանախագահների, ՀՀ-ի դիրքորոշումներում»:

Որպես պատվիրակության ղեկավար, Շարմազանովն ասաց, որ ՀԱՊԿ-ում չի եղել մի դեպք,, որ մեր շահերին դեմ որոշում ընդունվի, այնտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով եւ մեր շահերի դեմ որեւէ որոշում թույլ չենք տա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31