Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը «Ալ-Ջազիրայի» հետ խոսել է ՊՊԾ գնդի գրավման մասին

Հոկտեմբեր 27,2016 18:04

Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը 25 րոպեանոց ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որում անդրադարձ է կատարվում երկրի տնտեսական վիճակին, ապրիլյան պատերազմին, հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությանը, ինչպես նաև ստեղծված դրությունից ժողովրդի դժգոհություններին և հուլիսին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը:

Հեռուստաալիքը ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հուզումների, Հայաստանի կառավարման կարգի փոփոխության և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հեղինակը փաստում է, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ռուսաստանի «հատուկ» հարաբերությունները դարձել են պակաս վստահելի, շատ հայեր փորձում են հասկանալ՝ ինչու է նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում սերտ հարաբերություններ պահել Կրեմլի հետ, որն աջակցում է իրենց թշնամուն:

Հայերը շատ զգայուն են Լեռնային Ղարաբաղի հարցում, պատերազմի մասնակիցները հպարտանում են իրենց հաղթանակով և մեծ հարգանք են վայելում: Մինչդեռ այսօր նրանցից շատերն ապրում են աղքատության մեջ և «քաղաքական կամ ռազմավարական ցանկացած որոշում, որ կարող է մերժել նրանց ներդրումը և կարևորությունը պետության գործերին, կամ իսկապես նվազեցնում է նրանց գրեթե սրբացված նշանակությունը Լեռնային Ղարաբաղում, շատ ծանր է ընկալվում»:

Հեղինակը նշում է, որ երկրում վերջին տարիներին անկում ապրող տնտեսությունը և ապրիլյան պատերազմից հետո առաջ եկած դժգոհությունները հանգեցրին հուլիսի Երևանում ոստիկանական գնդի գրավմանը, որից հետո շուրջ 20 հազար մարդ խաղաղ ցույցի դուրս եկավ փողոց:

«Երբ պատիվ ունեցանք հարցազրույց վերցնել նախագահ Սարգսյանից՝ խոսելու այս դեպքերի մասին, այնպիսի տպավորություն էր, որ նա տրամադրված չէ փոխզիջման գնալ նրանց հետ, ում նա ակնհայտորեն դիտում է որպես կործանիչ տարրեր»,- ասում է հեղինակը:

Մասնավորապես, ՀՀ նախագահը հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում մեկնաբանել է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը:

«Ամբողջ աշխարհով մեկ ընդունված է, որ ավելի մեծ հանցագործությունը կանխելու նպատակով, այո՛, պետք է ուժ կիրառել: Բա չկիրառե՞ր ոստիկանությունը ուժ»,- ասել է նա:

Լրագրողը զարմանք է հայտնել, որ թեև մի խումբ զինված մարդիկ գրավեցին ոստիկանական գունդը և անգամ զոհ եղավ, բայց մեծ թվով մարդիկ դուրս եկան նրանց պաշտպանելու, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Բայց ինչի՞ է զարմանալի: Այսինքն` էդ ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: Ես կարող եմ ձեզ բերել բազմաթիվ օրինակներ շատ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որի բնակչության ինչ-որ մի հատված, օրինակ, սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց: Ինչու՞ եք զարմանում դուք… Ակնհայտ է, որ մեր երկրում կան դժգոհ մարդիկ, և միգուցե ամենադժգոհը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, և նրանք տվել են իրենց գնահատականը, ինչը չի նշանակում, որ դա օբյեկտիվ է»:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում նաև անցյալ տարի Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեին, որով Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական կարգի:

Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ փոփոխության նպատակը մեկն է՝ «երկրի կառավարման պրոցեսը դարձնել ավելի թափանցիկ և ավելի ժողովրդավարական»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    որ հատկապէս «Ալ-Ջազիրա»ն է որ այսպիսի հարցումներ է ուղղում մեր Նախագահին, հատկանշական է

    որովհետեւ Երեւանում ոստիկանատան հարձակման նման գործողությւններով է որ բառացիօրէն քանդվեցան արաբական բազմաթիւ երկիրներ

    մեր մօտ սակայն չստացվեց, որովհետեւ մենք արաբներից շատ աւելի խելացի ենք

    երեւի նախանձում է, «Ալ-Ջազիրա»ն… կամ ել դառնացած է…
    տեսանկյունի հարց…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31