Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի համար ո՞վ հաշվետու եղավ, որ շենքի համար հաշվետու լինի»

Հոկտեմբեր 27,2016 21:21

Հոկտեմբերի  27-ին, շատ խորհրդանշական մի օր, հին Երեւանը մի շենքով էլ պակասեց. ժամը 16.00-17.00-ի շրջանում «ՆորՏեղ Շին» ՍՊԸ –ն պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ իրականացրեց Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում: ԱԻՆ-ի պատվերով հողին հավասարեցվեց  20-30 ական թվականներին կառուցված «Առաջին տպարանի» շենքը, որի սեփականատերն, ասում են Երվանդ Զախարյանն է:

Իշխանասուն ճարտարապետները վաղը կարդարացնեն  կատարվածը, կասեն շենքը վտանգ էր ներկայացնում, մի օր փլվելու էր անցորդների գլխին, իսկ որ ամենահավանականն է` գուցե կրկին «սառայ» կոչեն, ասեն մոդայիկ չէր, մեզ էլիտար բետոն է հարկավոր կամ լավ օբյեկտ, դիցուք` կանաչավուն ապակիներով ինչ-որ հյուրանոց, մեզ արդեն քանի տարի արժեքներ պետք չեն, սպասարկող երկիր ենք դառնում, եւ դա բավարար է:

Առաջին տպարանի շենքը չկա, ու ինչպես քաղաքի գլխավոր դիզայներն է ասում` չկա նախկին վարդագույն քաղաքը, ու հիմա իրենց բրենդային ծաղկի հոտով Երեւան է պետք, որ իբր զբոսաշրջիկները գան-զարմանան, գնան իրենց երկրներում պատմեն:

Իրականում բոլոր զբոսաշրջիկներին նախ Հին քաղաքն է հետաքրքրում, ու ոչ մի երկրում զիզի-բիզի շենքերով ոչ մեկին չես զարմացնի: Իսկ ուր է մեր Հին Երեւանը…Այն պարզապես չկա, որովհետեւ քաղաքը «կրեածիվ»  նկարազարդողների ու տոներին խոտածածկույթներում արհեստական եղնիկ ու ծիտ տեղադրողների ճաշակն այլ է:

«Քաղաքի հենց սրտում շենք կամ շենքի մաս են պայթեցնում`Առաջին տպարանի շենքը: Պայթեցնողն, ասում են, ԱԻՆ-ն է: Պատվիրատուն ո՞վ է: Շենքի մեղքը ո՞րն էր: Ինձ ո՞վ է հաշվետու լինելու. տո շատ էլ կարգին ու կառուցիկ շենք է, էդ շենքում հայրս ու հորեղբայրս աշխատել են: Հաշվետուն ո՞վ է…»,- ցավով գրել է Հրանտ Մաթեւոսյանի որդին` Դավիթ Մաթեւոսյանը:

Մի օգտատեր էլ իրավացիորեն արձագանքել  է` հոկտեմբերի 27-ի համար ո՞վ հաշվետու եղավ, որ շենքի համար հաշվետու լինի…

Հետաքրքիր է, որ նույն օրը «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Մոսկվայի տանը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության արժեքների պետական պահպանության մեխանիզմները» խորագրով կլոր սեղան: Ու հանդիպմանն էլ մասնակցել են ինչպես  ՀՀ մշակույթի նախարարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Մոսկվայի քաղաքապետարանի, պատմամշակութային արժեքների պահպանմամբ և վերականգնմամբ զբաղվող մոսկովյան կառույցների ներկայացուցիչներ:  Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղված այս տեղեկատվության մեջ նշվում է նաեւ, որ քննարկման ընթացքում ներկայացվել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրներն ու մեխանիզմները:  Քանդումի «բերկրանքի» նման տպավորիչ է, խոսք չկա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31