Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արամ Աթեշյանի հարցը հանվել Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի օրակարգից

Հոկտեմբեր 28,2016 12:42

Հասարակական-քաղաքական գործիչների համար անընդունելի է, որ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողովն անհասկանալի պատճառներով Մայր Աթոռից տեղափոխվել է Նյու Յորք: Այն կանցկացվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը: Նաև օրակարգից հանվել է Կ. Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցի քննարկումը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության առթիվ 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քննարկված բանաձևի ընդունումից անմիջապես հետո «Թուրքիայի Հանրապետության» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում Արամ Աթեշյանը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը պղծող կեցվածք էր ընդունել:

«Նոյյան տապան» մամուլի սրահում տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այս առիթով վրդովվեց. «Շշմելու բան է, թե ինչու Արամ Աթեշյանի հարցը հանվեց օրակարգից: Կամ ինչո՞ւ հոգևոր ժողով անցկացնել Նյու Յորքում: Պատկերացնո՞ւմ եք՝Հռոմի պապը Սիոնից հոգևոր ժողովը տեղափոխի: Հետո էլ ասում ենք «արի տուն», Հայաստան, Արցախ, բայց մեր եկեղեցու հոգևոր ժողովն անցկացնում ենք օտար հողում: Դա անիմաստ է»:

Սարգիս Հացպանյանը բացառում է, որ Արամ Աթեշյանը կվերընտրվի, իսկ նրա՝ ընտրություններին մասնակցությունը համարում է Թուրքիայի իշխանությունների կողմից տրված երաշխիքի արդյունք: Ըստ Սարգիս Հացպանյանի՝ առավել հավանական թեկնածուներն են Գերմանիայի հայոց առաջնորդը, որն էլ վերջին գերագույն հոգևոր խորհրդում բարձրացրել է Արամ Աթեշյանի հարցը օրակարգ մտցնելու խնդիրը և Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա ՀՀ քաղաքացի է: Պարոն Հացպանյանը վրդովված է, որ Հայ առաքելական եկեղեցին իրենց բոլոր մտահոգություններն ու բարձրացրած հարցերն անպատասխան է թողել. «Իսկ ինչո՞ւ է մեր եկեղեցին ջայլամի քաղաքականություն վարում և կրոնազուրկ չի անում Արամ Աթեշյանին: Ես հիշում եմ, որ նախադեպ է եղել, երբ Վազգեն Առաջինը կրոնազուրկ է արել Երուսաղեմի պատրիարքին հոգևորականին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար: Ավելին, Վազգեն կաթողիկոսը կրոնազուրկ արեց այլ աթոռի հոգևորականին»:

Համեմատության համար Սարգիս Հացպանյանը նշեց, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն է ձեռնադրել Արամ Աթեշյանին, մինչդեռ նրան կրոնազուրկ անելու քայլին չի գնում:

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ, լրագրող Գոհար Արշակյանը կարծում է, որ Նյու Յորքի համայնքը պետք է ի նշան բողոքի ինչ-ինչ միջոցառումներ կազմակերպի: Դառնալով Աթեշյանի՝ իր ձևակերպմամբ ազգադավ գործունեությանը՝ տիկին Արշակյանը մտահոգություն հայտնեց. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին հետևողականորեն աչք փակում: Վաղուց պետք է դրա հարցերը լուծվեր, մինչև այդ խայտառակ քայլը: Հայ առաքելական եկեղեցուն կոչ եմ անում իր գործունեությունը դեպի հայ ժողովուրդ ուղղել»:

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ, մանկավարժ Սոսե Ղլեջյանը որոշ դրվագներ պատմեց Արամ Աթեշյանի տխրահռչակ գործունեությունից. «Հաճախ եղել են դեպքեր, երբ գավառներից Աթեշյանի առաջ հարց են բարձրացրել հայկական հին եկեղեցիների վերականգնմանն առնչվող, բայց նա անտարբեր է վերաբերվել: Կամ ԵԽ-ն թուրք կառավարությանը պարտավորեցրել է, որ հայկական եկեղեցապատկան կալվածքները հայ համայնքին վերադարձնի, բայց Աթեշյանը կրկին անտարբեր է վերաբերվել: Ավելին, նա մուսուլման ու քրիստոնյա զույգի ամուսնություն է հաստատել, ինչը տանում է դեպի իսլամացում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31