Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնուս հայրը՝ Լեւոն Թարիվերդիեւը, արցախցի էր…»

Հոկտեմբեր 29,2016 12:30

Կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի այրին՝
տիկին Վերան հաստատում է իր՝ հայի հարս լինելու հանգամանքը

Հայազգի անվանի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 85-ամյակին նվիրված միջազգային փառատոնային համերգները «Հիշիր այս ակնթարթը» խորագրով հուլիսից մեկնարկել են Մոսկվայում, ապա կայացել են Եկատերինբուրգում, համերգներ նախատեսված են Երեւանում, Ստեփանակերտում, հետո՝ Թբիլիսիում: Իսկ միջոցառումների շարքը կեզրափակվի նոյեմբերի վերջերին՝ դարձյալ Մոսկվայում: Այս մասին «Առավոտին» հայտնեց կոմպոզիտորի այրին՝ «Միքայել Թարիվերդիեւ» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիեւան: Նա նշեց, որ երեւանյան համերգները երկուսն են, առաջինի ծրագրում միայն կոմպոզիտորի երգեհոնային երաժշտությունն է, մյուսում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), ռուս եւ հայ երաժիշտների մեկնաբանությամբ արվեստագետի այլ ժանրերում ստեղծած գործերը, այդ թվում՝ հատվածներ օպերայից, կինոերաժշտությունից եւ այլն: 1999թ. «Միքայել Թարիվերդիեւ» հիմնադրամը ստեղծած տիկին Թարիվերդիեւան ասաց նաեւ, որ երեւանյան համերգները արդյունք են ՌԴ եւ ՀՀ մշակույթի նախարարությունների ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության:

Նախագծի իրականացմանն աջակցում է նաեւ «Ռոսկոնցերտ» համերգա-հյուրախաղային միությունը:

«Սեպտեմբերի վերջերին փառատոնի շրջանակներում Սվետլոգորսկում մեկնարկել է նաեւ «Երգեհոն+» փառատոնը, որի համերգներն արդեն կայացել են Կալինինգրադում, Բագրատիոնովսկում, օրեր առաջ էլ՝ Երեւանում»,- նշեց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը, թե կայացած ու կայանալիք համերգներում ընդգրկվո՞ւմ են հայ երաժիշտներ, տիկին Թարիվերդիեւան պատասխանեց. «Միանշանակ՝ այո: Հրավիրվում են ոչ միայն հայաստանցի, այլեւ աշխարհում սփռված հայազգի երաժիշտներ: Օրինակ, այս համերգաշարին հրավիրել ենք Մեծ թատրոնի եւ «Դոյչե օպեր»-ի հրավիրյալ մեներգչուհի, սոպրանո Նինա Մինասյանին, միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Հերմինե Զարյանին, օպերային երգիչ, բարիտոն Դավիթ Բաբայանցին… Այս պահին չգիտեմ՝ բարձրաձայնե՞մ մի գաղտնիք, թե՞ ոչ… Երգեհոնահար Տիգրան Բրուտյանը, որը ժամանակին մրցութային ելույթներից դուրս մնաց, մեր հիմնադրամի շնորհիվ այսօր ուսանում է ԱՄՆ-ում: Հիմնադրամի մասնագետներն ամենայն խստությամբ են ընտրում, այս դեպքում՝ երգեհոնային մրցույթի մասնակիցներին: Այնպես որ, Տիգրանը բարձրարվեստ երաժիշտ է»:

tariverdiev-2

Վ. Թարիվերդիեւան ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանի, պոետ Վ. Կոնոպլյովի եւ ԼՂՀ ԿԳՆ աշխատակից Ռ. Օսիպովի հետ (2014թ):

Կոմպոզիտորը հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, այդ թվում՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը» կամ «Բաղնիքդ անուշ», «Հեյ, ո՞վ կա այդտեղ» եւ այլն, ինչպես նաեւ թատերական բազմաթիվ ներկայացումների: Համոզված ենք, որ Միքայել Թարիվերդիեւի դեպքում էլ կլինեն ստեղծագործություններ, որոնք նա չհասցրեց լսել կենդանության օրոք: Տիկին Թարիվերդիեւան պատասխանեց. «Մեծ հաշվով դրանք երեքն են՝ «Ֆիգարենկոյի ամուսնությունը» օպերան ու «Աղջիկը եւ մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները: Հիշյալ երկերը հանդիսատեսին ներկայացնելու նպատակով բանակցությունները սկսված են, բայց այս պահին կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող»:
Զրույցի ընթացքում Վերա Թարիվերդիեւան մտաբերեց ու ամենայն մանրամասնություններով ներկայացրեց Երեւանում եւ Արցախում կայացած Թարիվերդիեւյան համերգները: Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախում ասում են, թե ձեր ամուսինն իրենց որդին է, իսկ դուք, բնականաբար՝ հարսը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդպես էլ կա: Ամուսնուս հայրը՝ Լեւոն Թարիվերդիեւը, արցախցի էր…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Տեր եւ տիկին Թարիվերդիեւները:

 

«Առավոտ»

28.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31