Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ մոնոպոլիստի համար դու ստեղծում ես ավելի հարմարավետ պայմաններ, նշանակում է՝ դու պետականորեն աջակցում ես» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2016 14:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը եւ քաղաքագետ Արմեն Մինասյանը:

Լուսինե Բուդաղյան.– «Այսուհետ ցանկացած ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել, առանց որեւէ խնդրի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ զանգահարեք անձամբ ինձ»,- հոկտեմբերի 22-ին մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսպես պարզ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Պարոն Գեւորգյան, կհաջողվի՞ այս անգամ պայքարել մենաշնորհների դեմ, բոլոր վարչապետներն այս խնդիրը բարձրացրել են, ոչ վաղ անցյալում գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի՞նչ արդյունք եղավ, եւ Կարեն Կարապետյանը որտեղի՞ց պետք է սկսի:

Հայկ Գեւորգյան.– Կարեն Կարապետյանը պետք է սկսի հենց ամենասկզբից: Այսինքն` պետք է գտնի արմատը, ներկա իրավիճակի խորը հիմքը եւ այդ հիմքը քանդի, նորը կառուցի: Ընկալումը, որ մենաշնորհները Հայաստանում տնտեսության առաջ կանգնած հիմնական խոչընդոտն են, կարծում եմ՝ չկա: Չկար ո՛չ Հովիկ Աբրահամյանի մոտ, ո՛չ դրանից առաջ Տիգրան Սարգսյանի մոտ, ո՛չ դրանից առաջ ու չկա նաեւ, կարծում եմ, Կարեն Կարապետյանի մոտ: Մի առիթով Կարեն Կարապետյանն ասել է, որ մենաշնորհները չարիք չեն, եթե դրանք բնական պայմաններում առաջացած մենաշնորհ են, բայց ես կարող եմ վստահեցնել, ապացուցել, որ ոչ մի մենաշնորհ Հայաստանում չի առաջացել իր բնականոն հունով: Բոլոր մենաշնորհները որ այսօր կան, դրանք ունեցել են, ունեն եւ առաջիկայում էլ կունենան պետական հովանավորություն` ոչ միայն լեգալ, այլ նաեւ ոչ լեգալ: Ու պատահական չէ, որ Կարեն Կարապետյանը ծրագրում շատ մակերեսորեն էր անցել մրցակցության, մենաշնորհների թեմայի վրայով եւ ծրագրում նույնիսկ ձեւականորեն չէր արձանագրել մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հնարավոր է տասը տարի առաջ ինչ-որ մեկը բերեր շաքարավազ, բանան, նրա անձի հետ ինչ-որ բան կատարվեր, հիմա նման բան չի արվում, արվում է օրենքի դրույթներին համապատասխան. եթե դուք բերում եք բանան, եւ դուք մոնոպոլիստն եք եւ 98-99 տոկոսը շուկայի դուք եք վերահսկում, ձեր բերած ապրանքը մաքսազերծվում է 2 անգամ ավելի էժան գնով, քան մյուսինը, որը կհամարձակվի բերել: Օրենքում կա նման դրույթ, որը կարող են չկիրառել, բայց մեծ հաճույքով կիրառում են: Եվ ստացվում է, որ ով բերի զուգահեռ մոնոպոլիստի բերած ապրանքից, նա ընդամենը կունենա լրացուցիչ ծախսեր: Եթե այդ մոնոպոլիստի համար դու ստեղծում ես ավելի հարմարավետ պայմաններ, դա նշանակում է, որ դու պետականորեն աջակցում ես մենաշնորհներին, հիմա դրանից հետո ասել, որ մենաշնորհները բնականոն են ստեղծվել, դրանք չարիք չեն, ճիշտ չէ. ո՛չ, մենաշնորհները չարիք են եւ մեր տնտեսության առաջ կանգնած հիմնական մի քանի խոչընդոտներից մեկը:

Լ. Բ.- Պարոն Մինասյան, պարբերաբար նշվում է, որ մենաշնորհների դեմ պայքարի համար քաղաքական կամք է պետք, ի՞նչ եք կարծում՝ այսօր արդեն կա՞ այդ քաղաքական կամքը: Եվ ինչո՞ւ չկար նախկինում:

Արմեն Մինասյան.- Եկեք տարբերակենք կամք եւ նպատակ: Չեմ կարծում, որ այդ խնդիրն իրենց առջեւ չեն դրել թե՛ գործող, թե՛ նախորդ վարչապետները, բայց այստեղ գալիս ենք կամքին, իսկ արդյոք ունե՞ն ռեսուրս, համապատասխան գործիքներ ու հնարավորություններ այդ խնդիրը լուծելու: Փորձը ցույց է տալիս, որ իրականության մեջ, այսօր արդեն ձեւավորված տնտեսական հարաբերությունների պայմաններում, երբ որ բիզնեսն, ըստ էության, պետության հետ սերտաճած է, շատ հաճախ որոշում կայացնողները չունեն այդ հնարավորությունները, որպեսզի անգամ եթե դա քաղաքական որոշում է, ստորին մակարդակում ապահովեն այդ որոշումների իրականացումը: Այսինքն` այդ սերտաճած իրավիճակը բերելու է նման վիճակի: Ամեն դեպքում այսօր գործ ունենք առկա իրավիճակի հետ, եւ տարբեր ոլորտներում կան մոնոպոլիստներ կամ գերիշխող դիրք զբաղեցնողներ, որոնք արդեն իսկ կուտակել են կապիտալ եւ միանգամայն մաքուր գործիքներով, տնտեսական բիզնես գործիքներով ունեն մրցակցային առավելություն:

Դա վերաբերում է ե՛ւ մաքսազերծմանը, ե՛ւ տրանսպորտային ծախսերին, ե՛ւ ծագման երկրում քանակից կախված ձեռք բերման գնին: Այս ամենն ազդում է վերջնական իրացման սակագնի վրա, եւ, բնականաբար, խոշոր ներկրողն ունի մրցակցային առավելություն: Խոշորը դառնում է շուկայական միջավայրում առավել մրցունակ: Ինչ պետք է անի պետությունը: Կան մի քանի հիմնական գործիքներ, եթե հետ գնանք` զրոյից գանք: Նախ՝ պետք է իրավակիրառական պրակտիկայում ապահովել իսկապես օրենքի գերակայությունը, այսինքն` եթե կան որոշակի խոչընդոտներ, որոնք օրենքով հստակ ձեւակերպված են եւ պատժելի, պետք է դրանք պատժվեն:

Այստեղ գործ ունենք ոչ միայն գործադիր իշխանության հետ, այլեւ գործ ունենք արդարադատության մարմինների հետ: Որ տնտեսվարող սուբյեկտը դիմի իրավունքները ոտնահարվելու դեպքում, կարողանա վերականգնել դրանք դատական ատյաններում: Երկրորդը իրավաստեղծ գործընթացն է, որ պետք է իսկապես ձեւակերպել խնդիրները, տեսնել որտեղ կան խոչընդոտներ, որոնք կարող են խանգարել մանր խաղացողներին, փորձել արտոնյալ ռեժիմ սահմանել: Դիցուք, ենթադրենք՝ որոշակի ապրանքների դեպքում ինչ-որ շեմ ներդնելու համար սահմանել մաքսազերծման արտոնություններ կամ որոշակի փորձաքննություններից ազատել պետտուրքի վճարումը եւ այլն, որպեսզի ծավալների հետ կապված ներկրողը չունենա խնդիրներ: Եվ, իհարկե, այլ գործիքներ եւս կան, դրանք վարչական, բյուրոկրատական ապարատում որոշումները կայացնելու պրակտիկան է: Ինչպես նշվեց, մաքսային մարմիններում մեթոդաբանության կիրառումն է` հսկիչ գների, փաստաթղթային մաքսազերծման: Այս գործընթացն էլ պետք է դառնա թափանցիկ, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի: Հսկիչ գները պետք է լինեն հրապարակային, թափանցիկ, այսինքն` եթե ես բանան եմ ներկրում, պետք է իմանամ՝ հսկիչ գինը որն է, որպեսզի կարողանամ ռիսկերը հաշվել:

Լ. Բ.- Իսկ ի՞նչ անել, երբ որոշում կայացնողները մենաշնորհների տերերն են, այսպես ասած:

Ա. Մ.– Պետք է անել այն, ինչ մինչեւ հիմա արել ենք: Սա էվոլյուցիոն պրոցես է: Մամուլը պետք է իր գործառույթն իրականացնի, հասարակությունը, լրատվամիջոցները ճնշեն, անընդհատ խոսեն այդ խնդրի մասին: Մենք ունենք հաջողակ պատմություններ, երբ որ խնդրի մասին խոսել ենք, որոշ ժամանակ անց լուծվել է: Անկախ ամեն ինչից՝ ունենք դինամիկա, 2000-ականները նման չեն 90-ականներին, 2010-ականները՝ 2000-ականներին: Բնական է, որ այդ տեմպը որեւէ մեկին չի բավարարում, բայց որոշակի դրական միտումներ կան: Պետք է ուղղակի արագ աշխատել, այդ խոցելի տեղերը արագ ձեւակերպել եւ անընդհատ պահանջել լուծումներ: Հասկանալի է, որ քաղաքական խնդիր էլ կա այստեղ, բայց, բոլոր դեպքերում, հասարակությունը պետք է ճնշի եւ ստանա լուծում:

Լ. Բ.- Պարոն Գեւորգյան, ի՞նչ եք կարծում՝ բարձր մակարդակներից կտրվի՞ լծակ ստվերի դեմ պայքարելու համար, կտրվի՞ նոր վարչապետին այդ քարտ բլանշը՝ հաշվի առնելով, թե ովքեր են առաջացրել այդ մենաշնորհները, եւ հիմա որտեղ են նրանք:

Հ. Գ.– Եթե մեկ բառով ասեմ` ոչ: Իմ կարծիքով՝ չեն տա: Կտան որոշակի գործողությունների ազատություն կամ ազատության որոշակի միջակայք, որն ընդամենը կապահովի նվազագույն փոփոխություններ, ոչ ավելին: Ինչու. որովհետեւ եթե խոսում ենք մենաշնորհների, կոռուպցիայի, բիզնեսի, իշխանության սերտաճման մասին, մենք պետք է նկատի ունենանք՝ ով է դրա շահառուն, կոռուպցիայի տերը, ստվերային տնտեսության տերը, մենաշնորհների տերն ո՞վ է. դա իշխանությունն է, որը մի գագաթ ունի: Այդ գագաթը հրավիրել է որպես վարչապետ մի մարդու, ասել է` պիտի աշխատես, ու եթե այդ վարչապետը փորձում է վերացնել տնտեսության զարգացման առաջ կանգնած խոչընդոտները, ուղղակիորեն հարվածում է հենց այդ իշխանությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

29.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31