Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց տոն է պետք

Նոյեմբեր 01,2016 10:18

Ես միշտ ասում եմ ընկերներիս՝ եկեք նշենք իրար ծնունդները, երեխաների հարսանիքները, թոռների կնունքները, պարզապես հանդիպենք՝ պարտադիր չէ ճոխ սեղանների շուրջ: Եթե դա չանենք, ապա կհանդիպենք հոգեհանգստից հոգեհանգիստ, թաղումից թաղում: Որովհետեւ նման տեղեր մենք պարտավոր ենք գնալ, իսկ ահա, ուրախ առիթներով, կարծես թե, պարտավոր չենք հանդիպել: Եվ քանի որ իմ եւ իմ հասակակիցների տարիքն «այնքան էլ» պատանի չէ, պարզ է, որ տխուր առիթներն ավելի շատ լինեն, քան ուրախները: Կարեւոր է, որ առաջինները չստվերեն երկրորդներին:

Բայց ինձ թվում է՝ մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու: Գուցե հենց այդ պատճառով է, որ մեզանում իսկական, «անկեղծ» տոները քիչ են: Պետական տոներն առանձնապես հարգի չեն. ես, օրինակ, սիրում եմ սեպտեմբերի 21-ը, բայց իմ ջերմ զգացմունքներն այդ օրվա հանդեպ մեծամասնությունը չի կիսում՝ «բա էս երկրում…», «բա էս խեղճ ժողովուրդը…», «բա էս իշխանությունը…» փաստարկների սովորական հանգերգով: «Ներմուծել» որեւէ պետական տոն եւ վերացնել հինը շատ դժվար է՝ Ռուսաստանում, օրինակ, նոյեմբերի 4-ին նշում են Ժողովրդի միասնության օրը՝ 1612 թվականին լեհերի հանդեպ տարած հաղթանակի առթիվ: Բայց փոխարինել այդ տոնով ավանդական, խորհրդային նոյեմբերի 7-ը առայժմ չի ստացվում: Ճիշտ նույն ձեւով Հայաստանում չի հաջողվել վերացնել մարտի 8-ը` ոչ թե այն պատճառով, որ մեր քաղաքացիները շատ են հարգում Կլարա Ցետկինին, այլ որովհետեւ նրանք կարիք ունեն կանանց մեծարելու եւ ունեն դրա տասնամյակների ավանդույթը:

Մեր եկեղեցին, ինչպես եւ այլ քրիստոնյա եկեղեցիներ, խելացի է գտնվել՝ հեթանոսական տոներին քրիստոնեական բովանդակություն տալով: Տրնդեզն ու Վարդավառը, այո, Հայաստանում սիրում են՝ չգիտեմ, թե որքանով են ըմբռնում դրանց քրիստոնեական իմաստը: Եվ այսքանը՝ գումարած Նոր տարին, որը վերածվում է գաստրոնոմիական խրախճանքի: Տոներն, այդպիսով, քիչ են՝ ի տարբերություն, ասենք, կաթոլիկների, որոնք գրեթե ամեն կիրակի ամենայն անկեղծությամբ ինչ-որ տոն են նշում:

«Հելոուին» տոնողներին մեր եկեղեցականները դատափետում են՝ այդ տոնը դիտարկելով իբրեւ ինչ-որ սատանայական, դիվային երեւույթ: Այդ «սեւ հումորը», ճիշտն ասած, իմ սրտով էլ չի: Բայց պետք է հասկանալ, թե ինչու է մեր երիտասարդների մի մասը տրվում այդ խաղին: Հավանաբար, դրա մեջ կա մի բան, որը մեր հասարակությունում պակասում է. այդ խաղում երեւի կան տարրեր, որոնք իրենց կյանքն ավելի բազմազան են դարձնում: Շատ խիստ դատելու փոխարեն պետք է մտածել այլընտրանքի մասին:
Թե չէ՝ մեր «ազգային» ծիսակարգից կմնա միայն մեռելոցը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Միայն այն որ Հելուինը երեխաներին սովորեցնում է չվախենալ մեռելներից հոգիներից սատանաներից ու դագաղից.դա էլ արդեն բավարար է ի օգուտ Հալոինի

Պատասխանել Ալֆրեդ

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930