Լրահոս
Օրվա լրահոսը

Էզոթերիկ սինեմա, կամ Փարաջանովի «Դա Վինչի կոդը »

Նոյեմբեր 02,2016 15:20

Լուսինե Հովհաննիսյան

 Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզայի»’ թեմայով կոլլաժների միտքը Սերգեյ Փարաջանովը հղացել է բանտում` հետևելով բռնավորներից մեկի մեջքին դաջված Ջոկոնդայի «շարժումներին»’, երբ բանտարկյալն աշխատելիս է եղել: Անսպառ երևակայության տեր Փարաջանովի կոլլաժները, ինչպես և ֆիլմերը, միևնույն թաքնագիտական լեզվով են «նկարահանված», իսկ ֆիլմերը միևնույն էզոթերիկ լեզվով գրված կոլլաժներ են:

Այս տողերն արդեն գրել էի, երբ Լևոն Աբրահամյանի ” Заметки о поэтике Параджанова”* հոդվածում կարդացի, որ Փարաջանովը կոլլաժը համարել է ”спрессованный фильм”՝ սեղմ ֆիլմ: Կոլլաժները, ինչպես և Փարաջանովի ֆիլմերի կադրերը, խիտ ինֆորմացիա են կրում, եթե միայն ի զորու ես կարդալ:

Երբ փոքր էի, արդեն չեմ հիշում, թե Սովետական Հայաստանի հեռուստատեսության ո՛ր ալիքով` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնն» էին ցուցադրում. տարօրինակ, լռին կադրեր, կենդանի անշարժ կտավներ…

Ոչինչ չհասկանալով, բացի այն, որ ֆիլմը Սայաթ-Նովային է նվիրված, այդուամենայնիվ՝ մի անբացատրելի ակնածանք, եթե ոչ` երկյուղ էի զգում այդ ֆիլմից:

Տարիներ անցան. ու ես ավելի շատ բան իմացա աշխարհի, տիեզերքի, թաքնագիտության, հնչյունների ու գույների աշխարհի, աստված-չաստվածների, մարդ-չմարդկանց, և էլի շատ ու շատ բաների մասին…

Մի օր էլ մտքովս անցավ նորից նայել «Նռան գույնն» ու … ապշահար եղա. կադր` կադրի հետևից ես ոչ թե նայում էի ֆիլմը, այլ, թող մեծամիտ չհնչի, տիեզերական նկարազարդ մի ալբոմ էի թերթում, և ամեն մի թերթի վրա եղածն այնքա՛ն հարազատ էր ու հասկանալի…

Ու ինձ համար հանկարծ պարզ դարձավ, թե ինչում է նրա ֆիլմերի ”բարդությունը”:

Չլինելով կինոգետ, համարձակվում եմ հայտարարել, որ Փարաջանովն աշխարհի մեծագույն էզոթերիստռեժիսորն է. նրա կինոլեզվի առանձնահատկությունը հենց էզոթերիզմն է, իսկ նրա հանճարեղ նորարարությունը `  ԷԶՈԹԵՐԻԿ ՍԻՆԵՄԱՆ:

Տիեզերքի ու մարդու մասին ամենահանելուկային տեքստերը պատմության մեջ պոեզիայի տեսքով են պահպանվել (Գիրք փոփոխությանց , Զմրուխտե սալիկներ և ալն) :

Պոեզիան ժամանակի մեջ՝ նոր իրականության պատրանք առաջացնելու կախարդական մի միջոց է. չափի ու ռիթմի մոգական լեզու` երաժշտության նախակարապետը: Եվ եթե «սինեման» ինքնին մոգության մի տեսակ է, ապա էզոթերիկան (թաքնագիտությունը) փոխանցելու լավագույն կերպը պոետիկ, կամ չափածո կինոն է: Չափածո կինոյի հիմնադիրն ըստ իս, Փարաջանովն է, և դրա հաստատումը նրա գլուխգործոց «Սայաթ-Նովա» կամ «Նռան Գույնը»’ ֆիլմն է (1968):

Ահա թե ինչ է ասել Մարտին Սքորսեզեն` Փարաջանովի գլուխգործոցի թվային վերականգնման առիթով.

«Guardare Il colore del melograno, o Sayat Nova, di Sergej Paradžanov e come aprire una porta ed entrare in un’altra dimensione… »

«Նայելով Փարաջանովի Նռան Գույնը, կամ ՍայաթՆովա ֆիլմը`կարծես մի դուռ ես բացում և ոտք դնում այլ չափման մեջ …»**

Բնականաբար, մեծագույն որևէ ռեժիսոր` իր ասելիքով փորձում է տիեզերական մասշտաբի ինֆորմացիա փոխանցել դիտողին, և պոետ – ռեժիսորներ, իհարկե, շատ կան, բայց Փարաջանովը պարզապես յուրօրինակ կինո չի նկարել, այլ չափածո կինոյի այբուբեն է հնարել` պոեզիայի սկզբունքները կինո տեղափոխելով: Փորձեմ հիմնավորել.

զոր օրինակ.

 

Մետր ու ռիթմ, կրկնվող, կամ նմանահունչ հանգեր պոեզիայում. կինոյում` կադրի կրկնվող արձագանք, կամ այսպես ասած` կինոհանգ:

 

Պատկերներում քողարկված իմաստային գիծ պոեզիայում. կինոյում` «cryptic» կամ գաղտնագիր կադրեր, որոնց իմաստը բացահայտել կարելի է անգիտակցական ընկալման շնորհիվ միայն:

 Անուղղակի իմաստային կապ պոեզիայում. կինոյում` թաքուն միջկադրային ու կոմպոզիցիոն կապ` անշարժ տեսախցիկի պայմաններում:

 Միաժամանակություն, համաժամանակություն, կամ ժամանակային գծի անտեսում պոեզիայում. կինոյում` իմաստային ու կադրային հերթագայության բացակայություն`շնորհիվ ինքնուրույն կտավկադրերի, այսպես կոչված ` «անտեսանելի մոնտաժի» , կամ կինոարձագանքի էֆեկտի: Ի դեպ, բուն փարաջանովյան տարբերակում պատումային (նարրատիվ) ժամանակագրական հերթագայում չի եղել. դա Ս. Յուտկեվիչի ներմուծումն էր` ֆիլմը հասկանալի դարձնելու նպատակով:

 Ներաշխարհի, չերևացող, թաքուն կողմի շեշտադրում պոեզիայում. կինոյում` «’ուղղակի և հագեցած կադր»` «տեսադաշտից դուրս»’ եղածի անտեսմամբ, կամ գեղանկարչական ֆոն հիշեցնող հետին պլանով:

Անիրական, անորսալի, երազային, փոխաբերական, չափազանցված լեզու պոեզիայում. կինոյում` ֆանտաստիկ կոմպոզիցիա, գունագեղ, կենդանի կտավներ, ամենայն հավաստիությամբ «նկարահանված» երազներ:

Օրինակ` պոետի երազում ու «արքայադուստր Աննա-տիրամոր» ծննդաբերության երազ-պատկերում միայն` անշարժ տեսախցիկի պայմաններում `այնքան շարժում ու կապ կա կադրում գտնվող տարբեր օբյեկտների միջև, որ ապշում ես, թե ինչպիսի կատարելությամբ է վերարտադրված երազի մթնոլորտը… Եվ զարմանալի է ասելիքի խորությունն ու պատկերման միջոցների հանճարեղ պարզությունը: Փարաջանովն իրեն հատուկ անմիջականությամբ առատորեն օգտագործել է պարզ կինոմոգության լեզուն. անհետացումներ, փոխակերպումներ` մոնտաժի պարզունակ էֆեկտների, կամ տեսախցիկի կանգի շնորհիվ:

Կինոարվեստի հիմնադիրներից մեկին` Ժորժ Մելիեսին իր հարգանքի տուրքը մատուցելով, Փարաջանովը, փաստորեն, իր հորինած կինոլեզվով  «սինեմայի» զարգացման ճանապարհն է կանխատեսել

Ըստ Միխայիլ Վարդանովի` «Գրիֆիթի ու Էյզենշտեյնի կինոլեզվից զատ` կինոն որևէ հեղափոխիչ նոր բան չէր բացահայտել մինչև Փարաջանովի »Նռան Գույնը»: ***

 

Իսկ ռեժիսոր և նկարիչ Փիթեր Գրինուեյը պնդում է, որ «կինեմատոգրաֆը սպառել է իրեն ու իր լեզուն» :

«Ես հասկացա, որ կինոյի լեզուն փոխվում է, դառնում` ավելի հարուստ. դա կարող է օգնել ավելի լավ արդյունքի հասնել, և ես սկսեցի ուսումնասիրել նորը…»

Գրինուեյն ի նկատի ուներ իննսունականներին ի հայտ եկած տեխնիկական հեղաշրջումը, որը կինոյին նոր միջոցներ ու աշխատանքային գործիքներ տվեց: Նրա ֆիլմերում զարմանալիորեն արտացոլված են «Նռան գույնին» առնչվող սկզբունքները. կինոարձագանքի էֆեկտ` կինոհանգ, էսթետիզմ, ստատիկ, կամ կտավ հիշեցնող կադրեր, պատումի (նարրատիվի) ու խոսքի սակավություն և այլն:

Կինոքննադատները նաև նշում են Փարաջանովի ազդեցությունը Ժան-Լյուք Գոդարի արվեստում, իսկ Մոհսեն Մախմալբաֆի ” Գաբբեհ” ֆիլմում ուղղակի ցիտատներ կան*:

«Հրեղեն ձիեր», կամ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի ի հայտ գալուց ի վեր ` առաջադեմ կինոաշխարհը Փարաջանովին միաբերան հայտարարեց վարպետ ու հանճար: Կյանքի թաքուն, չերևացող կողմն արտահայտելու վարպետության ու պոետիզմի շնորհիվ` Փարաջանովի ֆիլմերում նկարագրված անիրական ծեսերն իրական կյանք մտան. օրինակ` գուցուլների հարսանիքի ժամանակ լուծը հարսի ու փեսայի վզով գցելը*: Հորինված, սակայն Փարաջանովի բացառիկ ներհայեցողությամբ ծայրահեղ հավաստի թվացող ծեսերի շնորհիվ` մեծ ռեժիսորին նաև էթնիկ նոր կինոյի հիմնադիր են համարում*:

«Եթե մեր արժեքը ներկայացնելու համար այլ մոլորակի քաղաքակրթությանը մի ֆիլմ ուղարկելու լինեինք, ապա ես կուղարկեի ՓարաջանովիՄոռացված նախնիների ստվերները»:

Ռոբեր Օսսեյն

Ուկրաինայում ապրած տարիներին Փարաջանովի արվեստը խստագույն գրաքննության ենթարկվեց.  «Կիևյան որմնանկարներ»’ ֆիլմի փորձնական նկարահանումների ժապավենն առգրավվեց ու մեծամասամբ ոչնչացվեց:

Նրան ընդհանրապես արգելեցին Ուկրաինայում ֆիլմ նկարել: Այդ արգելքը նրան բերեց Հայաստան, և դրա շնորհիվ ծնվեց  «Սայաթ-Նովա»` «Նռան գույնը»’, որտեղ բացառիկ զուգահեռ ու նման կադրեր կան «Կիևյան որմնանկարների» հետ (տեսահոլովակը` ստորև) :

Նռան գույնն էլ, ինչպես փարաջանովի բոլոր ֆիլմերը, ենթարկվեց սովետական գրաքննության հոշոտումներին:

«Նռան գույնը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ես խորապես հիասթափված էի: Դա այն չէր, ինչ ցանկացել էր նկարել Փարաջանովը: Շատերն են համաձայն, որ ֆիլմը, որքան էլ գեղեցիկ է, այնուամենայնիվ, մի տեսակ անհասկանալի է: Փարաջանովը ավելի տրամաբանական ֆիլմ էր նկարել»,- խոստովանել է Լևոն Գրիգորյանը` Փարաջանովի մտերիմն ու ասիստենտը, որ 2005-ին ներկայացրեց իր ”Հիշողություններ Սայաթ Նովայի մասին” վավերագրությունը` 1995-ին Հայֆիլմի արխիվում հրաշքով փրկված ” Նռան Գույնը” ֆիլմի ժապավենի հիման վրա: Ըստ Լևոն Գրիգորյանի, դրանից հնարավոր էր երկու ժամանոց նոր «Սայաթ-Նովա» ֆիլմ ստանալ: Ակամա մտածում ես, թե «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում 2006-ին ցուցադրված» Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին’ «’ ֆիլմն ու նորահայտ կինոդրվագ-նովելներն ինչո’ւ որևէ առնչություն չեն ունեցել 2014-ին The Film Foundation/World Cinema-ի «’Նռան Գույնը»’ ֆիլմի վերականգնման հետ, և ինչո’ւ է այդ արժեքավոր նյութն անտեսված մնացել…

Այսօր պահպանված երկու տարբերակներից` հայերեն տարբերակը, որ նեգատիվի կրկնօրինակի հիման վրա է մոնտաժվել ու որակով զիջում է ռուսերեն տարբերակին` առավել մոտ է փարաջանովյան մտահղացմանը, մինչդեռ Յուտկեվիչի տարբերակում Փարաջանովի գաղափարական տրամաբանությունը մեծապես խախտված է:

Եվ այն, ինչն այսօր կա, մորթոտված զավակն է նույնքան դառը ճակատագրով մի մարդու, որ երբեք չթուլացավ.

«Ես վրեժս կլուծեմ սիրո միջոցով… »,-ասում էր Փարաջանովը, որ մտադիր էր սովետական բանտերում անցկացրած տարիների մասին չորս ֆիլմ նկարել*:

Երբ նրան արգելեցին ֆիլմեր ստեղծել, նա սկսեց նկարել, գրել ու թափոններից հրաշքներ արարել:

Փարաջանովը, հիրավի, իր կեցությամբ ու արվեստով մոտենում է Վերածննդի դարաշրջանի մեծերին

Կա մի փակ թեմա, որի մասին շատ չի խոսվում. Ուկրաինայում Փարաջանովի գլխին պատուհաս դարձած արվամոլության հոդվածն ու դրա պատճառով կրած նսեմացումն ու բանտարկությունը:

Ազատության ոգին ու ստեղծագործական պոռթկումը ճնշելու համար` մարդու անձնական կյանքն ու սեռական կողմնորոշումը որպես զենք կիրառելն անհիշելի ժամանակներից է գալիս. դա էլ միջակությանը բնորոշ « հանճար»’ է:

Ես մի օրինաչափություն եմ հայտնաբերել. ամենամեծերի դեպքում ի հայտ է գալիս մի ֆենոմեն` սեռի զգացողության վերացում: Դա բնական է հանճարների դեպքում…

Լեոնարդո դա Վինչիի արվեստն ամենայն խորությամբ ու նրբությամբ ընկալած Փարաջանովի ճակատագրում զարմանալիորեն նման մի հատված կա.Լեոնարդո դա Վինչին ևս արվամոլության համար դատական ատյանում է հայտնվել ու իր գաղափարների համար` օստրակիզմի ենթարկվել
Տաբու էին ոչ միայն Փարաջանովի գաղափարներն ու կերտած կադրերը, այլև կյանքը, քանի որ այն ինքնին կինո ու թատրոն էր ամեն ժամ… Գործընկերներն անգամ` խոստովանում էին, որ Փարաջանովը մի քանի վայրկյանում այնպիսի մի սցենար կամ էտյուդ էր հորինում, որ ուրիշներին օրեր պետք կլինեին նույնն անելու համար:
«Ռեժիսոր ծնվում են, ոչ թե` դառնում »,-ասում էր Փարաջանովը:

Եվ նա ավելին էր, քան ռեժիսոր ու կինոգործիչ. գերօժտված մի մարդ` նկարիչ, գրող, խորեոգրաֆ, երաժիշտ, դերասան, պարզապես` հանճարեղ կատակաբան ու թաքնագետ-էզոթերիստ…

 

Այս տեսահոլովակն իմ հարգանքի տուրքն է Սարգիս ՓարաջանյանՍերգեյ Փարաջանովին

 

Hommage to Sergei Parajanov

Hommage to Sergei #ParajanovSayat-Nova/Arno Babajanyan: ElegyVideo Collage, voice, piano by Lucineh HovanissianIncl. censored frames from ''The Color of Pomegranates''(1968)and banned film tests from ''Kiev Frescoes''(1966)'' Ես չգիտեմ, թե ուր եմ գնում, չգիտեմ` թե ինչու… Ես կինո չեմ նկարի, դա ինձ` օտար, ձանձրալի արվեստ է. տնային տնտեսուհիների զվարճանք…Ես կմեկնեմ լեռներ, տուն կգնեմ ու կշարունակեմ ապրել. կզբաղվեմ գրելով ու նկարելով, և այդպես` ճակատագիրս լման կլինի … ''Սարգիս Փարաջանյանը` բանտից

Posted by Lucineh Hovanissian on Dienstag, 20. September 2016

 

 Լուսինե Հովհաննիսյան

 

Աղբյուրներ`

* Լևոն Աբրահամյան ”Заметки о поэтике Параджанова” https://elzabair.ru/cntnt/lmenu/biblioteka/lyubimye_s1/abramyan_l.html

** Ritrovati e Restaurati -Cinema Ritrovato

https://www.cinetecadibologna.it/files/festival/CinemaRitrovato/2014/catalogopezzi/Ritrovati_Restaurati.pdf

*** Parajanov-Vartanov Institute https://www.parajanov.com/main.html

 
Նկարում `Դա Վինչիի Ս. Հովհաննես Մկրտիչը և Փարաջանովի կոլլաժներից մեկը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930