Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Թուրքիայի կողմից վտանգը չափազանցվում է. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 03,2016 12:00

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարը միաժամանակ հավելում է, որ ռազմավարական գործընկեր ունենալու ՀՀ որոշումը Հայաստանի ընտրությունն է:

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջնորդներ պետք չեն»

Հոկտեմբերի 29-30-ը Ծաղկաձորում շարունակվեց «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը նախ անդրադարձավ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությանը: Նա հիշեցրեց հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի աղմկահարույց ելույթը, երբ վերջինս նշել էր. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է»:

Շահնազարյանը նկատեց, որ դրանից ընդամենը երկու օր անց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտորեն խուսափեց խոսել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք. Լավրովը խոսել էր ԼՂ կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` նկատելով, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղաղ՝ ապահովելով ԼՂ-ի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում բնականոն տնտեսական համագործակցությունը, չափազանց կարեւոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,- ասել էր նա՝ հավելելով, որ եթե Հայաստանն ու Թուրքիան «որոշեն վերադառնալ իրենց պայմանավորվածություններին» առանց ԼՂ նախապայմանի, ապա իրենք «միայն ուրախ կլինեն»: «Որպես բարձրակարգ դիվանագետ` Լավրովը վարպետորեն խուսափեց այդ հարցից»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը՝ ավելացնելով. «Բայց այդ հարցի պատասխանը տվեց Մարիա Զախարովան, որը, մեղմ ասած, հաճելի չէր, երբ նա նշեց, թե` «կողմերը պետք է համաձայնության գան»:

Տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահների տարածած հայտարարության մեջ, ըստ պարոն Շահնազարյանի, չափազանց ուշագրավ պահ կար, երբ եռանախագահները նշեցին, որ նախագահներից յուրաքանչյուրը իր տեսակետներն արտահայտեց, թե ինչպես են տեսնում կարգավորման գործընթացը շարունակելու ուղիները:

Այնուհետեւ Դ. Շահնազարյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երեւանյան ասուլիսում արված հայտարարությանը, որում նա շոշափեց Ալիեւի հարցազրույցում արծարծված` ԼՂ-ին «ինքնավարություն» շնորհելու թեման: «Ուորլիքը ողջունեց Ալիեւի հայտարարությունը, քանի որ, ինչպես նա նշեց` «այն հիմք է դնում ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ քննարկմանը, այլ ոչ թե որովհետեւ դա վերջին խոսքն է»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մինչեւ այդ կարգավիճակի հարց չի քննարկվել»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստում խոստովանել էր, որ բանակցությունների ժամանակ իր վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով ճանաչել ԼՂ անկախությունը: «Փակ դռների ետեւում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ գոյություն ունեն դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- ասել էր Ադրբեջանի նախագահը: Անդրադառնալով Ալիեւի վերոնշյալ հայտարարությանը` պարոն Շահնազարյանն այն այսպես գնահատեց.

«Ալիեւը տվայտանքների մեջ է, երբ նշում է, որ իր նկատմամբ ճնշումներ են իրականացվել, որպեսզի ճանաչի ԼՂ անկախությունը: Դրանից հետո՝ արդեն «ՌԻԱ Նովոստի»-ում, Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսեց արդեն ինքնավարության տրամադրման մասին, բայց մեր մամուլը միայն այդ դրվագի վրա կենտրոնացավ, մինչդեռ այնտեղ ավելի կարեւոր՝ Պուտինին հղված ուղերձ կար, որի իմաստը հետեւյալն էր` մենք պատրաստ ենք անդամակցել Եվրասիական միությանը, եթե վերադառնաք «Լավրովի պլանին»՝ տարածքների վերադարձին»:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացներին անդրադառնալով` Դավիթ Շահնազարյանը նշեց. «Որքան էլ մեզ համար տհաճ լինի արձանագրել, դրանք միմյանց կապված հարցեր են: Այս երկու խնդիրների կարգավորումը, ամենայն հավանականությամբ, կընթանա զուգահեռ` գուցե տարբեր արագություններով»: Անկախ նրանից, թե ԱՄՆ նախագահ ով կընտրվի՝ Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր ջանքերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սակայն պարոն Շահնազարյանը վստահ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջնորդներ պետք չեն:

ԱՄՆ-ը շարունակում է պնդել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը

Սեմինարին հրավիրված էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը, որը խոսեց ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունների մասին, այնուհետեւ պատասխանեց երիտասարդների բազմաթիվ հարցերին:
Թուրքիան վերջին 45 տարիների ընթացքում ահաբեկչության լուրջ խնդիրներ է ունեցել` թե՛ երկրի ներսում, թե՛ դրսից, հիմնականում Սիրիայում եւ Իրաքում հակամարտությունների պատճառով՝ նշեց դիվանագետը. «Փախստականների հարցում Թուրքիան բավական մեծահոգի է եղել, եւ ողջունելի է, որ Թուրքիան ստանձնել է պատասխանատվություն փախստականներին կացություն տրամադրելու հարցում: Այս ծանր բեռն իր ազդեցությունն ունեցավ թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ Թուրքիայի հարաբերություններին տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի հետ: Ի՞նչը չի փոխվել. այն, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի շրջանակներում գործընկերներ են: Մենք համագործակցել ենք Թուրքիայի հետ ահաբեկչության հետ պայքարում թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում, Թուրքիան լուրջ գործառույթ է իրականացնում օդային ճանապարհով ահաբեկչության դեմ պայքարում»:

seminar_1 seminar_2 seminar_3 seminar_4 seminar_22 seminar_11 seminar_12 seminar_14 seminar_17 seminar_15

Սակայն ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ այժմ շատ բարդ ժամանակներ ենք ապրում, լուրջ իրադարձություններ են տեղի ունենում տարածաշրջանում, որոնք լուրջ ազդեցություն են ունենում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների վրա, սակայն ըստ նրա` կարեւոր է չկորցնել ռազմավարական հետաքրքրությունները այդ մանր փոփոխությունների հետեւանքով: «Մեր հիմնական, երկարաժամկետ նպատակները Թուրքիայի հետ չեն փոխվել: ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել կայուն, զարգացած, բարեկեցիկ եւ անվտանգ Թուրքիա, ցանկանում ենք տեսնել այնպիսի Թուրքիա, որը կլինի խաղաղության մեջ թե՛ ինքն իր ներսում, թե՛ հարեւանների հետ, այնպիսի Թուրքիա, որն ուղղված կլինի Արեւմուտքին, սակայն դրա համար պարտադիր է, որ Թուրքիան համերաշխ լինի ինքն իր հետ եւ այն երկրների հետ, որոնց հետ երկար տարիներ թշնամիներ են եղել: Հենց այդ նպատակն էլ ԱՄՆ-ն ունի Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: ԱՄՆ-ը շարունակում է պնդել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը: Բայց եկեք իրատես լինենք` այն ամենը, ինչ կատարվում է հիմա, պարզ է, որ Թուրքիան շատ ավելի այլ խնդիրներ ունի լուծելու»:

2009թ. Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ է առաջին քայլի գնալ՝ զոհաբերվելու հարաբերությունները կարգավորելու հարցում՝ նշեց Մեթյու Յուսենը. «Հիմա Թուրքիան է, որ պետք է քայլ անի: Բայց այդ արձանագրություններում կան լուրջ վտանգներ, նրանք անդրադառնում են պատմության մեջ շատ լուրջ խնդրի: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը բավական մեծ աշխարհաքաղաքական բաղկացուցիչ է պարունակում, դա լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին կյանքում: Բայց ԱՄՆ-ի համար երկու երկրների միջեւ կարգավորումը կբերի նրան, որ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ սահմաններն ավելի կմոտենան: ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կսահմանափակի ՌԴ-ին այն ազդեցությունից, որը նա ունի Հայաստանի նկատմամբ: Շատ հաճախ ինձ թուրքերը հարցնում են, թե ի՞նչ է կարգավորումը մեզ համար, ինչո՞ւ ենք մենք հետաքրքրված դրանում, ինչո՞ւ է Հայաստանը կարեւորվում, եթե նրա տնտեսությունը փոքր է, բնական ռեսուրսներ չունի: ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա թուրքերին պարզաբանելու իրենց փոխհարաբերությունները ՌԴ-ի հետ` ի պատասխան ՌԴ-ի ազդեցության, այն հնարավորություն կտա Թուրքիային աջակցել ԼՂ հակամարտության լուծմանը: Հայաստանի համար շատ դժվար է նստել մեկ սեղանի շուրջ Ադրբեջանի հետ, փոխզիջման գալ, սակայն Հայաստանը Թուրքիայի հետ կարգավորված հարաբերությունների դեպքում ավելի մեծ հնարավորություններ կունենա այս հարցի լուծմանը գալ»:

ԱՄՆ-ը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ ԼՂ խնդրի լուծումը դիտարկում է առանձին

Հարցուպատասխանի ընթացքում Մեթյու Յուսենը նշեց, որ ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մշտապես դիտարկել է որպես առանձին խնդիր, որը կապված չէ ԼՂ հակամարտության հետ, որպես երկու տարբեր խնդիրներ է դրանք դիտարկել: «Այս դիրքորոշումը հնարավոր է չհամապատասխանի տարածաշրջանում այլ երկրների տեսակետին, սակայն մենք շարունակում ենք հետեւողական լինել մեր քաղաքականության մեջ` առանձնացնելով այդ երկու հարցերը: Եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն ԼՂ հակամարտությունից առանձին` լուրջ հիմքեր կլինեն ԼՂ խնդրի կարգավորման համար: Թուրքիան հայտարարում է հակառակը` եթե ԼՂ խնդիրը կարգավորվի, կկարգավորվեն ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Բայց մենք շարունակելու ենք դիտարկել այս երկու հարցերը միմյանցից առանձին, որպեսզի դրանց լուծումը իրատեսական դարձնենք»:

Հայաստանում ՌԴ-ի ներկայությունն արդարացվում է հանրային ընկալման մեջ Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքով, ԱՄՆ-ը ունի՞ լծակներ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքացնի: Այս հարցին ի պատասխան՝ ամերիկացի դիվանագետը նշեց. «Հայաստանում Թուրքիան որպես սպառնալիք դիտարկելը պատմական արմատներ ունի, եւ ես չեմ էլ փորձի այդ պատմության նշանակությունը նվազեցնել: Պարզապես հնարավոր է՝ Թուրքիայի կողմից վտանգը չափազանցվում է ավելին, քան այն իրականում կա: Սակայն Հայաստանի ընտրությունը` սահմանների անվտանգության պահպանման առումով, հասկանալի է ու բնական: Հայաստանը ինքնիշխան պետություն է, ինքն է պատասխանատու իր որոշումների համար, ռազմավարական գործընկեր ունենալու ՀՀ որոշումը Հայաստանի ընտրությունն է:

Բայց նաեւ իմ երկրի պատասխանատվությունն է Հայաստանի համար այլ տարբերակներ ու հնարավորություններ առաջարկելը: Կան այլ տարբերակներ, որոնք ՀՀ-ն կարող է ընտրել իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն բոլորս էլ պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ օրինակ` այս պահին Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր չէ: Բայց ես կխրախուսեմ, եթե Հայաստանի բնակչությունը ներսում պարզի, թե որոնք են իրական վտանգները ՀՀ-ի համար, եւ փնտրի այլ ճանապարհներ` անվտանգությունն ապահովելու համար: Ընտրությունը չի սահմանափակվում միայն ՌԴ-ով, ՆԱՏՕ-ով, ընտրությունը պետք է հենված լինի այն գաղափարի վրա, թե ինչն է ավելի շահեկան Հայաստանի համար»:

«Առավոտ»-ը Մեթյու Յուսենին հարց ուղղեց` ՌԴ-Արեւմուտք փոխհարաբերություններում առկա լուրջ դիմակայությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ի կողմից վարվող` թե՛ տարածաշրջանային, թե՛ Հայաստանի նկատմամբ քաղաքականության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է եւ ՀՀ-ում է ռուսական ազդեցությունը: «Տարիներ շարունակ ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների համար շատ լուրջ պայքարել է: Ժամանակներ են եղել, երբ մենք կարողացել ենք բավական ծանր հարցերի շուրջ համագործակցել: Որպես համատեղ աշխատանքի լուրջ հաջողություն կարելի է նշել Սիրիայում քիմիական զենքի մեծ մասի հեռացումը, միասին համագործակցեցինք, որպեսզի ապահովենք բանակցություններ Սիրիայում կուսակցությունների միջեւ, որպես հաջող օրինակ կարելի է նշել, երբ մենք ՌԴ-ի հետ համատեղ ունեցանք Իրանի միջուկային զենքի հետ կապված համաձայնություն: Բայց բոլոր հարցերի շուրջ չէ, որ մենք կարող ենք համագործակցել: Երբ հարցը վերաբերում է Ուկրաինային, Սիրիայում ռազմական գործողություններին, վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած հաքերային հարձակումներին, որոնք կարող են ազդել ընտրությունների վրա, բնականաբար, այս գործոնները նվազեցնում են Ռուսաստանի հետ համագործակցելու մեր հնարավորությունները: Մենք կարող ենք, բնականաբար, կշարունակենք այլ հնարավորություններ փնտրել Ռուսաստանի հետ համագործակցելու, բայց մենք չենք համագործակցելու Ռուսաստանի հետ իր պայմաններով»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930